«Սեռական հարաբերություններից հետո հեշտոցում մրմռոցը ինչի՞ հետեւանք կարող է լինել». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռաֆայել Թադևոսյանը:

Անանուն նամակ

Հարց. Հնարավո՞ր է հղիանալ, բայց դաշտան տեսնել:

Պատասխան. Ոչ, հնարավոր չէ: Հղիության ժամանակ հնարավոր է արյունային արտադրություն սեռական ուղիներից, բայց դա վիժման կամ այլ պաթոլոգիաների լուրջ ահազանգ է: Դիմեք մասնագետի եւ անցեք համապատասխան հետազոտություններ:

 

Քնարիկ

Հարց. Բարեւ Ձեզ: Երեկ առաջին անգամ սեռական հարաբերություն եմ ունեցել զուգընկերոջս հետ: Քանի որ եւ ես, եւ զուգընկերս փորձ չունեինք, հարաբերությունը այնքան էլ լավ չստացվեց. իմ կուսաթաղանթը շատ հաստ էր, եւ նա չէր կարողանում առնանդամը ներս մտցնել: Երկար փորձերից հետո նա հանեց պահպանակը ու առաջին իսկ փորձից պատռեց կուսաթաղանթս (ըստ երեւույթին պատռեց, քանի որ մեծ քանակությամբ արյուն էր հոսում): Երկուսիս մոտ էլ օրգազմ չի եղել, քանի որ դրանից հետո չենք շարունակել հարաբերությունը: Հնարավո՞ր է՝ առանց օրգազմի հասնելու ու առանց զուգընկերոջ «հանգստանալու» ես հղիանամ:

Պատասխան. Հղիանալու համար օրգազմը պարտադիր չէ, եթե սերմնաժայթքում չի եղել, ապա հղիանալու հավանականություն չկա:

 

Նոննա

Հարց. Բարեւ Ձեզ: Դաշնանային ցիկլի տեւողությունը ո՞նց կարող եմ հաշվել:

Պատասխան. Հարգարժան Նոննա, դաշտանային ցիկլի օրերը պետք է հաշվել սկսած արյունային արտադրության առաջին իսկ նշանից մինչեւ ավարտը:

 

Մարի

Հարց. Բարեւ Ձեզ: Դաշտանային ցիկլի քսաներորդ օրը հանձնել եմ քսուք, պատասխանը հետեւյալն է. էպիթելեր- մեծ քանակությամբ, լեյկոցիտներ- զգալի, էրիթրոցիտներ-հայտ. չէ, միջավայր-խառը- մեծ քանակությամբ, տրիխոմոնոզ-հայտ. չէ, գոնոկոկեր-հայտ. չէ, ատիպիկ նշաներով հյուսվածքներ հայտնաբերվել է կանդիդա։ Ասացեք, խնդրեմ, հնարավո՞ր է՝ պատասխանները սխալ լինեն՝ կապված դաշտանի սկսվելուն մոտ լինելու հետ: Կարիք կա՞ կրկնել քսուքի հանձնումը դաշտանից հետո մինչեւ բուժում սկսելը։ Ավելացնեմ, որ չունեմ քոր կամ թարախային արտադրություն:

Պատասխան.Կարող եք նույն հետազոտությունը կրկնել դաշտանի ավարտից անմիջապես հետո, հնարավոր է՝ ոչ խնդիր լինի, ոչ՝ բուժման կարիք:

 

Լիանա

Հարց. Բարեւ Ձեզ, ես 18 տարեկան եմ, հղի եմ, հանձնել եմ HGG և AFP: AFP-ի արդյունքը նորմայից բարձր էր` 118.4, իսկ մյուսը՝ նորմալ: Ի՞նչ եք կարծում, դա վիժման վտանգ կառաջացնի՞: Հղիությունս ընթանում է նորմալ, առանց բարդությունների:

Պատասխան. Անհրաժեշտ է կատարել ուլտրաձայնային հետազոտություն՝ հնարավոր արատները բացառելու համար, եւ գտնվել բժշկի դինամիկ հսկողության տակ:

 

Հերմինե

Հարց. Բարեւ Ձեզ: Ես 20 տարեկան եմ, արդեն 5 ամիս է՝ ամուսնացած եմ, բայց չեմ հղիանում: Բուժվել եմ տրիխոմոնազի դեմ, բայց ոչ ամբողջությամբ: Հնարավո՞ր է, որ դա չհղիանալու պատճառ լինի: Նշեմ, որ դաշտանս անկանոն է (4 ամիս եղել է 28 օր, իսկ արդեն 2 ամիս՝ 33 եւ 32 օր դադարով): Կասե՞ք՝ ինչ հետազոտություն պիտի անցնեմ:

Պատասխան.Պետք է հետազոտվեք Ձեր ամուսնու հետ միասին՝ hնարավոր պատճառները բացահայտելու համար: Եթե խնդիրներ լինեն, ապա բուժում կնշանակվի:

 

Էվա

Հարց. Բարեւ Ձեզ, փոքրիկս 1.2 տարեկան է: Դեռ կուրծք է ուտում: Դաշտանային ցիկլս դեռեւս չի սկսվել: Դա նորմա՞լ է, արդյոք, կապված է կերակրմա՞ն հետ, թե՞ որևէ խնդիր կա: Նշեմ, որ հղիության թեստը բացասական է ցույց տալիս:

Պատասխան. Կանոնավոր կերակրման դեպքում դաշտանային ցիկլը բացակայում է, խորհուրդ է տրվում դադարեցնել կերակրումը:

 

Լուսինե

Հարց. Բարեւ Ձեզ, սեռական հարաբերություններից հետո հեշտոցում մրմռոցը ինչի՞ հետեւանք կարող է լինել:

Պատասխան. Հեշտոցի մրմռոցը կարող է բորբոքային երեւույթների, ինֆեկցիաների հետեւանք լինել: Խորհուրդ կտանք անցնել համապատասխան հետազոտություններ եւ ստանալ անհրաժեշտ բուժում: