«Փոքրիկ աղջկա մոտ ինչպե՞ս կարող է առաջանալ հեշտոցի սնկային հիվանդություն». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները  

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը:   


Անուն: Է...

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Վիրուսի առկայությունը պարտադի՞ր նախապայման է վիժման համար: Բացի վիրուսից,  ինչի՞ հետևանքով կարող է վիժում լինել: Հղիության հենց սկզբում որովայնի ցավը նորմա՞լ երևույթ է: Նախապես շնորհակալություն:

Պատասխան - Վիրուսի առկայությունը պարտադիր պայման չէ վիժման համար: Վիրուսից բացի, գոյություն ունեն նաև այլ խնդիրներ, որոնք կարող են առաջացնել վիժում, ինչպիսիք են՝ բակտերիալ ծագման սեռավարակները, հորմոնալ խախտումները, տրոմբոֆիլիկ մուտացիաները և այլն: Անհրաժեշտ է մանրակրկիտ հետազոտվել՝ հասկանալու վիժման պատճառը: Որովայնի ցավը պարտադիր պայման չէ, բայց, որպես վիժման առաջին նախանշան, շատ հաճախակի է հանդիպում:


Անուն: Նորա

Հարց: Բարև Ձեզ: Աղջիկս 6 տարեկան է և հաճախ է բողոքում  հեշտոցի քորից և մրմռոցից, հատկապես լվացվելուց հետո՝ լինի օճառով,  թե առանց: Այցելեցինք գինեկոլոգի, պարզվեց, որ նրա մոտ կա հեշտոցի սնկային հիվանդություն: Գինեկոլոգը նշանակեց Նիստատին քսուկ: Մեկ շաբաթ օգտագործեց, ամեն բան լավ էր: Սակայն վերջերս աղջիկս նորից ունի նույն գանգատները: Փոքրիկ երեխայի մոտ ինչպե՞ս կարող էր առաջանալ հեշտոցի սնկային հիվանդություն: Վտանգավո՞ր է, արդյոք  և ինչպե՞ս բուժել: Ինչպե՞ս լվանալ փոքրիկների սեռական օրգանները: Նշեմ նաև, որ ես բնակվում եմ արտերկրում: Շնորհակալություն:

Պատասխան - Այդ տարիքում սնկային խնդիրները կարող են առաջանալ մի քանի պատճառով՝ հիգիենայի ոչ ճիշտ պահպանում, ընդհանուր սպիտակեղենի օգտագործում: Հաճախ այդ տարիքի երեխաները սիրում են քնել ծնողների անկողնում կամ նրանց հետ, որը սխալ է: Անհրաժեշտ է ոչ միայն քսուքի, այլ նաև քսուքի բակտերոլոգիական որոշում, որպեսզի որոշվի  դեղորայքի հանդեպ  զգայունությունը: Իսկ լվացումը պետք է կատարել շատ զգույշ՝ դիմացից հետև շարժումով, որպեսզի տեղի չունենա ինֆեկցիայի տարածում:  Լվացումը կատարել առավոտյան և երեկոյան: Ամեն լվացումից հետո անհրաժեշտ է ներքնազգեստը փոխել:

 


Անուն: Արմինե

Հարց: Հարգելի՛ բժիշկ, հնարավո՞ր է, արդյոք, հաշվարկի միջոցով պլանավորել երեխայի սեռը:

Պատասխան - Երեխայի սեռը որոշվում է բեղմնավորման պահին: Կան, իհարկե, մեթոդներ, որոնք փոքր-ինչ ունեն գիտական հիմնավորում, օրինակ, օվուլյացիայի օրը, սակայն սա ևս հստակ մեթոդ չէ:


Անուն: Քրիստինա

Հարց: Բարև Ձեզ: Ես մեկ ամսական հղի եմ ու այնպես ստացվեց, որ վիրուսով վարակվեցի: Ինձ մոտ հիմա գրիպոզ վիճակ է և, կարծես թե, ունեմ կոկորդի ցավ: Ի՞նչ խորուրդ կտաք անել և  իմ վիճակը վնասու՞մ է, արդյոք, երեխային: Շնորհակալություն:

Պատասխան - Ցանկացած տեսակի վիրուս կարող է հանգեցնել որոշակի բարդությունների: Անհրաժեշտ է դիմել Ձեր տեղամասային գինեկոլոգին:

 

Անուն: Մարի

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Ես 23 տարեկան եմ, ունեմ մեկ երեխա՝ 3 տարեկան, պլանավորում եմ 2-րդ հղիությունս, սակայն կրծքումս ունեմ ֆիբրոադենոմա տիպի 1.9 սմ գոյացություն: Հնարավո՞ր է, արդյոք, հղիության ընթացքում բարդություն առաջանա կամ դառնա այն չարորակ: Արդեն 2 տարի նույն չափսն ունի:

 

Պատասխան - Անհրաժեշտ է դինամիկ վերահսկում, միանշանակ ասել հնարավոր չէ, բայց գրագետ վերահսկման դեպքում հնարավոր է խուսափել բարդությունից: