«Հնարավո՞ր է, արդյոք, կուսաթաղանթի զրկում առանց արնահոսության և ցավի». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը  

Անուն: Նարինե

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Ունեմ երկու երեխա՝ տղա և աղջիկ: Երեխաներիս ունեցել եմ կեսարյան հատումով: Անցանկալի հղիությունից խուսափելու համար, արդյոք, սխալ կատարեցի՝  չթողնելով, որ փողերս կապեն: Շնորհակալություն:

Պատասխան – Հարգարժան Նարինե, ամեն դեպքում դա Ձեր որոշումն է եղել, գոյություն ունեն տարբեր մեթոդներ անցանկալի հղիությունից խուսափելու համար, որից մեկը հանդիսանում է Ձեր նախընտրած մեթոդը: Հաշվի առնելով այդ մեթոդից հրաժարվելը՝ հնարավոր է նաև այլ մեթոդի կիրառում: Մեթոդի ընտրության հետ կապված հարցերը կարող եք քննարկել Ձեր բժշկի հետ:



Անուն: Շող

Հարց: Սեպտեմբերի 30-ին ընկերքի վաղաժամ շերտազատման հետևանքով վիժում ունեցա. 16 շաբաթական հղի էի: Նոյեմբերի 6-ին ունեցա դաշտան: Հաջորդ դաշտանս ուշացավ 4-5 օր: Վիժումից հետո հնարավո՞ր են նման խախտումներ:

Պատասխան – Իհարկե հնարավոր են, պետք է հասկանալ վիժման պատճառները, որից հետո պետք է վերացնել խնդիրը և պլանավորել հաջորդ հղիությունը:


Անուն: Աշխեն

Հարց: Բարև Ձեզ: 4 ամիս առաջ ինձ մոտ 9-10 շաբաթական ժամկետում չձևավորվող հղիություն գրանցվեց: Հիմա դարձյալ հղի եմ և արդեն 5 շաբաթական հղիություն է: Մեջքի շրջանում հաճախակի ունենում եմ ցավեր, սրտխառնոց, թույլ արտադրություն ունեմ: Մի քանի օրից պատրաստվում եմ ինքնաթիռով վերադառնալ Հայաստան: Արդյոք, այս ամենը վտանգավոր չէ պտղի հետագա զարգացման համար:

Պատասխան - Նման գանգատներով չի կարելի նստել ինքնաթիռ, դա կարող է վտանգավոր լինել Ձեր և պտղի համար: Պետք է դիմեք Ձեր բժշկին վիճակի կայունացման և գանգատների պատճառների վերացման համար:


Անուն: Լիաննա

Հարց: Բարև Ձեզ: Կցանկանայի իմանալ՝ հնարավո՞ր է, արդյոք, կուսաթաղանթի զրկում առանց արնահոսության և ցավի: Եվ եթե հնարավոր է, կցանկանայի իմանալ գինեկոլոգի հետազոտության գնացուցակը (կուսաթաղանթի ստուգում): Նախապես շնորհակալություն:

 

Պատասխան - Կուսաթաղանթի պատռումը՝ դեֆլորացիան,  պարտադիր չէ ցավով և արնահոսությամբ ուղեկցվի, դա ինդիվիդուալ է: Իսկ ինչ վերաբերվում է մասնագետի մոտ զննմանը, ընտրեք Ձեզ համար մասնագետ՝ գինեկոլոգ, հերթագրվեք և անցեք համապատասխան բուժզննումը: