«Ամուսնուս մոտ նվազել է սեռական ցանկությունը. ի՞նչն է պատճառը». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը:

Անուն: Անի

Հարց: Բարև Ձեզ: Հնարավո՞ր է, արդյոք, հղիություն այն դեպքում, երբ սերմնաժայթքումը տեղի է ունեցել հեշտոցից դուրս և ոչ` նրա վրա:

Պատասխան: Գործնականորեն անհնար է, սակայն պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ սեռական հարաբերության ընթացքում` մինչև սերմնաժայթքումը, հնարավոր է սերմնաբջիջների պասիվ հոսք հեշտոց, ինչը երբեմն հղիության պատճառ կարող է հանդիսանալ:


Անուն: էլեն 

Հարց: Բարև Ձեզ: Հարգելի մասնագետ, խնդրում եմ` ասեք.ամուսնուս մոտ նկատում եմ սեռական հարաբերություն ունենալու ցանկության պակաս: Նա 33 տարեկան է, ես՝ 26: Հարաբերություն ունենում ենք 3-4 ամիսը մի անգամ. նա ցանկություն չի ունենում: Հնարավո՞ր է` ինչ-որ խնդիր լինի: Միշտ ակտիվ է եղել, բայց արդեն 3 տարի է՝ աստիճանաբար նվազել է ցանկությունը: Պե՞տք է դիմել մասնագետի:

Նաև,  հնարավո՞ր է աճուկի վրայից հեռացնել պապիլոմա տեսակի խալը, և տղամադու մոտ նվազի սեռական ցանկությունը:

Պատասխան: Այստեղ գործ ունենք տղամարդու սեռական ցանկության նվազման խնդրի հետ, ինչը կարող է բազմապատճառային լինել: Առավել հաճախ այդ խնդրին հանգեցնում են հորմոնալ խանգարումները՝ արական սեռական հորմոնի քանակության կամ ակտիվության նվազմամբ, պրոլակտին հորմոնի քանակի շատացումը, զույգի միջանձնային բազմաթիվ խնդիրները, աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկը, գերհոգնածությունը և այլն: Խալի հեռացումը որևէ ուղիղ կապ ունենալ չի կարող: Այս պարագայում կատարվում են համապատասխան հետազոտություններ, ապա իրականացվում է սեքսոլոգիական բուժում:


Անուն: Սերինե

Հարց: Հարգելի Սևադա Հակոբյան, խնդրում եմ՝ ինձ ասեք Ձեր աշխատավայրի հասցեն ու հեռախոսահամարը:

Պատասխան: Սեքսապաթոլոգիայի Համալսարանական Կլինիկա, ք.Երևան, Աբովյան 58, հեռ. 094/46-49-18


Անուն: Սարգիս

Հարց: Բարև Ձեզ, ես 32 տարեկան եմ, արդեն 6 տարի է՝ ամուսնացած եմ: Ինձ մոտ 6 ամիս է՝ ոչինչ չի ստացվում: Առնանդամս ոչ մի կերպ չի մեծանում, կարծում եմ՝ սեռական խնդիրներ չունեմ, քանի որ ունեմ 2 բալիկ: Խնդրում եմ՝ ասեք` ինչ անեմ:

Պատասխան: Երեխաներ ունենալը վերարտադրողական /ռեպրոդուկտիվ / առողջության մասին է վկայում, դա սեռական համակարգի կարևորագույն, սակայն միակ ֆունկցիան չէ: Առնանդամի էրեկցիայի հետ կապված խնդիրները՝ տվյալ դեպքում ոչ բավարար էրեկցիան, կարող են ունենալ բազմաթիվ պատճաներ, ուստի  ձեր պարագայում անհրաժեշտ կլինի պարզել կոնկրետ ախտաբանական գործոնները և իրականացնել համապատասխան բուժում: Ձեր տարիքում սեռական խնդիրները բարձր արդյունավետությամբ բուժվում են:


Անուն: Աննա

Հարց: Բարև Ձեզ, ես 17 տարեկան եմ: Հեշտոցիս շրթունքները մեծացել են: Ինչի՞ց կարող է լինել և ի՞նչ կարող եմ անել, որ փոքրանան: Ամաչելով՝ դիմում եմ ձեզ և խնդրում եմ՝ օգնեք: Ի դեպ, ես ամուսնացած չեմ ու երբևէ չեմ ունեցել սեռական հարաբերություն:

Պատասխան: Փոքր կամ մեծ ամոթաշրթերի չափսերն ունեն որոշակի անհատական անատոմիական առանձնահատկություններ: Այդ խնդիրները / եթե իհարկե կան / կարող եք քննարկել գինեկոլոգի հետ և որոշել հետագա տակտիկան:


Անուն: Լուսինե

Հարց: Բարև Ձեզ, ես 26 տարեկան եմ, դեռ ամուսնացած չեմ, մոտս նկատվում է սպիտակավուն արտադրություն: Քոր և մրմռոց չունեմ: Որքանո՞վ է դա վտանգավոր:

 

Պատասխան: Արտադրությունը սեռական օրգաններից կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, և ամենևին պարտադիր չէ, որ դա լինի սեռավարակային պրոցես կամ անհատն ապրած լինի սեռական կյանքով: Հնարավոր են նաև իրավիճակներ, որ այդպիսի խնդիրը պայմանավորված լինի հեշտոցային ֆլորայի խանգարումներով / օր. հակաբիոտիկներ ընդունելուց հետո /: Ամեն դեպքում հարկավոր է գտնել պատճառական գործոնները և իրականացնել բուժում: