«Ամեն անգամ, երբ ես բարկանում եմ տղայիս վրա, տատիկը միանգամից գրկում է նրան եւ սկսում է սիրել, համբուրել: Խնդրում եմ՝ օգնեք». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

 

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Անուն: Հասմիկ


Հարց: Բար
և Ձեզ: Այսպիսի մի իրավիճակում եմ հայտնվել: Փոքրիկս 3 տարեկան է: Արդեն խոսում է: Խնդիրը հետեւյալն է. ամուսինս եւ ծնողները խոսում են բարբառով, իսկ երեխան կրկնում է նրանց բառերը: Երբ ուղղում եմ երեխային ու ասում` այդպես ճիշտ չէ, նա ասում է՝ «մամ, իսկ ինչու՞ է տատիկն էդպես ասում»: Ի՞նչ անեմ:

Պատասխան: Հարգելի Հասմիկ, ինչ-որ տեղ պիտի հաշվի նստեք այդ գործոնի հետ: Եթե երեխայի միջավայրում խոսում են այդպես, ապա երեխան դա կրկնօրինակելու է և օգտագործելու է բարբառային բառեր: Ցանկալի չէ երեխային անընդհատ ուղղել և սխալներ գտնել նրա խոսքի մեջ: Դրա արդյունքում երեխան կսկսի խուսափել Ձեզ մոտ խոսելուց կամ կզգուշանա սխալ բառեր ասելուց: Դա կխանգարի երեխայի ինքնագնահատականի ձևավորմանը և բացասաբար կազդի նաև Ձեր հարաբերությունների վրա:
Եթե ուզում եք, որ երեխան գրական հայերենով խոսի, ապա
ինքներդ շատ խոսեք նրա հետ, շատ գրքեր կարդացեք, շատ զրուցեք: Բայց հաշվի առեք, որ երեխան օգտագործելու է բարբառային բառեր, ինչը վատ չէ. բարբառները հարստացնում են մեր լեզուն: Որոշ ժամանակ անց երեխան կմեծանա և կսկսի ավելի շատ ուշադրություն դարձնել իր խոսքի վրա և, եթե Դուք ճիշտ եք դաստիարակել նրան, նա ինքնուրույն կշտկի իր խոսքը:

 
Անուն: Անահիտ

Հարց: Բարեւ
Ձեզ, ես ունեմ երկու տղա՝ 5 եւ 2 տարեկան: Ապրում ենք ամուսնուս ծնողների հետ միասին: Տատիկի ազդեցությունը մեծ տղայիս վրա ավելի է, քան իմը: Ամեն անգամ, երբ ես բարկանում եմ երեխայի վրա, տատիկը միանգամից գրկում է նրան եւ սկսում է սիրել, համբուրել: Երբ ես ինչ-որ բան արգելում եմ տղայիս, ինչ-որ բան չեմ տալիս, տատիկը բարկանալուցս հետո անում է տղայիս ուզածը: Մի խոսքով՝ տատիկն ամեն ինչ անում է ինձ հակառակ: Տղաս էլ դրանից հետո սկսում է ինձ վատ բառեր ասել: Խնդրում եմ` օգնեք:

 

Պատասխան: Հասկանալի է՝ ինչպիսի իրավիճակ է: Բավական դժվար է նման պայմաններում պահպանել հոգեկան հավասարակշռվածությունն ու անդորրը: Սակայն պետք է: Խոսքը Ձեր երեխայի և Ձեր հարաբերությունների մասին է: Դուք պետք է հավաքեք Ձեր ուժերն ու ճիշտ քայլեր ձեռնարկեք: Բնական է, թե ինչու է տատիկի ազդեցությունն ավելի ուժեղ առաջնեկի վրա: Սովորաբար առաջնեկին մայրն ավելի անվստահ է մեծացնում, քանի որ անփորձ է լինում: Այդ ժամանակ ավելի շատ է դիմում մեծերի օգնությանը կամ չդիմելու դեպքում էլ ավելի շատ է զիջում, երբ մեծերը խորհուրդ են տալիս: Այսպիսով, երեխայի վրա մեծանում է այլ անձանց ազդեցությունը: Երկրորդ երեխայի դեպքում իրավիճակն այլ է: Երկրորդ երեխային մայրն ավելի ինքնավստահ է մեծացնում, ինչպես նաև ընտանիքի անդամներն են ավելի հանգիստ  լինում, քանի որ արդեն «նվաճել են» երեխաներից մեկի սերն ու դրական վերաբերմունքը:
Սակայն սա դատավճիռ չէ: Սա կարելի է փոխել՝ աշխատելով սեփական ինքնավստահության և ինքնագնահատականի վրա: Դուք կարող եք առաջնեկին ցույց տալ, թե որ վարքն է ցանկալի՝ խրախուսելով նրա արարքները տվյալ իրավիճակում:

Պարզապես չի կարելի պայքարի մեջ մտնել երեխայի հետ՝ տատիկի սխալների համար: Դուք պիտի ավելի համառ լինեք, ավելի հաստատակամ, քան հիմա եք: Երեխան, ի վերջո, գնում է դեպի ավելի ուժեղը: Այս իրավիճակում տատիկն ավելի ուժեղ է գտնվել, և Դուք տուժել եք: Վերականգնեք Ձեր դիրքերը: Մի որոշ շրջան շատ խիստ և պահանջկոտ մի եղեք, աստիճանաբար շահեք տղայի վստահությունն ու հարգանքը՝ շատ շփվելու, համատեղ խաղի ու զբաղմունքների միջոցով: Բացի այդ, մշտապես ցույց տվեք, թե ինչը ցանկալի չէ Ձեզ համար և մի ընկճվեք նրանից, որ տատիկը դա թույլ է տալիս նրան: Շարունակեք մնալ հավասարակշիռ վիճակում, և երեխան կգա դեպի Ձեզ:


Անուն: Արաքսյա

Հարց: Բարև Ձեզ: Երկու տարի է՝ նշանված եմ: Փեսացուս Ֆրանսիայում է: Երբ Հայաստան է գալիս, մեր հարաբերությունները լավանում են, իսկ երբ կրկին վերադառնում է ֆրանսիա,  չի զանգում, ասում է, որ գործ ունի, իմ զանգերին էլ չի պատասխանում՝ պատճառաբանելով, որ գործ է անում: Պետք է ասեմ նաև, որ երբեք ինձ իր գործերի մասին չի պատմում: Լինում է, երբ շաբաթներով չենք խոսում: Ասեք՝ ինչը կարող է պատճառ լինել:

 

Պատասխան: Կարծում եմ՝ այս հարցը հոգեբանին ուղելիս Դուք հոգեբանին շփոթում եք գուշակի հետ, ով կարող է հեռազգացությամբ կամ ինչ-որ անհայտ ուժերի միջոցով գուշակել կամ չգուշակել, թե ինչ է անում Ձեր նշանածը Ֆրանսիայում և Հայաստանում: Հարցը հոգեբանական չէ, և հոգեբանը չի կարող դրան պատասխանել:


Անուն: Լուսինե


Հարց: Բարև ձեզ: Իմ աղջիկը 7 տարեկան է: Արդեն մոտ 7-8 ամիս նա անընդհատ ձեռքը տանում է դեպի սեռական օրգանը: Փոքրիկի հետ խոսել եմ, պատճառը չեմ կարողանում հասկանալ: Դա արդեն հաճախակի է դարձել, օրվա ընթացքում մի քանի անգամ նկատելի է դառնում: Սա արդեն անհանգստացնում է ինձ: Խնդրում եմ օգնել ինձ:

Պատասխան: Հնարավոր է, որ երեխայի մոտ մանկական օնանիզմ է ի հայտ եկել: Չեմ կարծում, որ խոսելն ու բացատրություններ պահանջելը կօգնի այստեղ: Որոշակի չափով սեփական մարմնի նկատմամբ ուշադրույթունն ու հետարքրասիրությունը նորմալ է, և լավ է, որ երեխան իրեն ուսումնասիրի և բացահայտի իր մարմնի զգայուն մասերն ու հասկանա դրանց դերը: Բայց եթե դա հաճախակի է նկատվում, հնարավոր է, որ լարվածություն և տագնապ ունի երեխան: Մանկական օնանիզմը համարվում է տագնապայնության ախտանշաններից մեկը:

Փորձեք հնարավորինս օգտակար զբաղմունքներով լցնել երեխայի օրը: Ինչպես նաև խուսափեք դիտողություններից ու քննադատությունից, ավելորդ լարվածությունից ու խստապահանջությունից:

Երբեմն օնանիմզն ի հայտ է գալիս, երբ երեխան ճիճուներ է ունենում և հետանցքի շրջանում քոր է առաջանում, որի պատճառով էլ հաճախակի է ձեռք  տալիս սեռական օրգաններին: Կարելի է հետազոտել և պարզել՝ երեխայի մոտ կա նման խնդիր թե ոչ: Սակայն հիշեք՝ սա չի հանդիսանում միակ պատճառը: