«Երեխաս դարձել է շատ ագրեսիվ: Ասեք՝ ի՞նչ անեմ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

 

Անուն: Աստղիկ


Հարց: Բարև Ձեզ:
Տղաս 3.6 տարեկան է: Շատ է սիրում ուրիշի իրերը վերցնել: Մանկապարտեզից ամեն օր խաղալիք է բերում ու չի վերադարձնում: Մտածում եմ՝ երեխա է, կանցնի, բայց խնդրի լուծումը չեմ տեսնում: Խնդրում եմ՝ ուղղություն ցույց տվեք: Ի՞նչպես բացատրեմ, որ չի կարելի: Շնորհակալություն:

 

Պատասխան: Ի սկզբանե երեխային թույլ մի տվեք որևէ մեկի իրը վերցնել, առավելևս չվերադարձնել: Սա ավելի շուտ փոքրիկ կամակորություն է, որը կանցնի, եթե Դուք լինեք հետևողական: Պարզապես ամեն անգամ իր բերած խաղալիքը վերադարձրեք պարտեզ և դաստիարակներին խնդրեք, որ տղային թույլ չտան որևէ բան տուն տանել: Հավանաբար դաստիարակները թույլ են տալիս խաղալիքը տուն տանել, որովհետև Ձեր բալիկը լաց է լինում: Նման դեպքերում պետք չէ լացին ուշադրություն դարձնել, պարզապես պետք է թողնել խաղալիքը և դուրս գալ: Պատկերացրեք՝ եթե ձեր երեխան վերցնի մեկ այլ երեխայի խաղալիք, և երկուսն էլ սկսեն լաց լինել, մեկն այն պատճառով, որ ուզում է խաղալիքը, մյուսը՝ որ դա իր խաղալիքն է: Այս դեպքում Դուք, վստահ եմ, ուշադրություն չեք դարձնի Ձեր երեխայի լացին, կվերադարձնեք մյուս երեխայի խաղալիքը: Նույն կերպ վարվեք ամեն տեղ:

 
Անուն: Մարինե

Հարց: Բարև
Ձեզ, որդիս 7 տարեկան է: Շատ ագրեսիվ է դարձել և չարացել է, չի լսում, հակաճառում է: Չարությունը նրա մեջ բավականին շատ է: Չգիտեմ՝ ինչպես վարվեմ, որ ճիշտ լինի:

 

Պատասխան: Փորձեք հասկանալ՝  երեխայի կյանքում ինչն է փոխվել դեպի վատը: Ինչպիսի գործոններ են նրա վրա ազդում: Դժվար է այսպես հեռվից գնահատել և ասել, թե ինչ անեք, եթե պարզ չէ երեխայի վարքի պատճառը: Միանշանակ մեղադրելը, պատժելն ու խիստ միջոցների դիմելը չեն օգնի, հակառակը՝ ավելի կսրեն ագրեսիան: Փորձեք լսել ու հասկանալ ձեր երեխայի բողոքը, նա ինչ-որ բանից բողոքում է, սակայն բողոքն արտահայտելու ճիշտ ձևը չի գտնում: Փորձեք հասկանալ նրա բողոքի պատճառն ու շտկել դա:
Երեխայի վարքը երբեք առանց պատճառի չի փոխվում:
Իսկ եթե չեք կարողանա ինքնուր
ույն անել դա, դիմեք մանկական հոգեբանի և նրա հետ միասին պարզեք խնդիրը:


Անուն: 
Տաթև

Հարց: Բարև
Ձեզ: Բալիկս 4 տարեկան է և վերջերս շատ ագրեսիվ և շատ կամակոր է դարձել: 1, 2 ամիս հաճախեց մանկապարտեզ, սակայն լաց էր լինում, չէր ցանկանում, այդ ընթացքում սկսեց եղունգները կրծել և էլ ավելի ագրեսիվանալ ու չենթարկվել ոչ ոքի: Մի խոսքով՝ հիմա այլևս չի հաճախում մանկապարտեզ: Ի դեպ, նշեմ, որ նա տան միակ երեխան է: Ի՞նչ անեմ:

Պատասխան: Ձեր հարցը նման է նրան, որ բժշկին նկարագրեք մի քանի ախտանշան, և բժիշկը նամակով բուժում նշանակի: Հնարավոր չէ այսպես հեռվից ասել պատճառն ու խորհուրդ տալ: Լավ կլինի  մեկ անգամ այցելել հոգեբանի և խորհրդակցել երեխայի վարքի պատճառների վերաբերյալ: 3-4 տարեկանում, նորմայում, երեխան պետք է ունենա հասակակիցների հետ շփման պահանջ և հանգիստ հաճախի պարտեզ: Եթե դա տեղի չի ունեցել, ուրեմն մի բան այն չէ: Ճիշտ կլինի մասնագետի հետ առերես հանդիպել:

Եթե կարծում եք, որ միակ երեխան է, և գերուշադրություն կա նրա նկատմամբ, ապա նվազեցրեք ավելորդ ուշադրությունը: Այսինքն՝ դադարեք երեխայի փոխարեն անել այն, ինչը նա կարող է անել մենակ, դադարեք կատարել բոլոր քմահաճույքները և հնարավոր է՝ վարքը փոխվի: Բայց սա միայն ենթադրություն է:

 
Անուն: Նունե

Հարց: Հարգելի հոգեբան, իմ աղջիկը 1 տարեկան 10 ամսական է, խոսում է շատ պարզ հայերեն, ռուսերեն, հասկացող և ընկալող է, սակայն մոտ 1 ամիս կլինի՝ չարացել է: Առհասարակ չի ազդվում ոչ մի բանից, անգամ կարող եմ իր շատ սիրած խաղալիքից իրեն զրկել, միևնույն է,  չի ազդվում: Օրինակ, եթե գիտի, որ գազը վտանգավոր է, անպայման կփորձի զգալ դրա վտանգը, ասում է՝ «պատուհանից թռնեմ, դուք ինձ ներքևում բռնեք»: Ամեն տեղից փորձում է ցատկել, անգամ ձեռքն է կոտրել: Ինչպե՞ս վարվեմ, կարիք կա՞ տանելու հոգեբանի մոտ, թե դեռ փոքրիկ է:

 

Պատասխան: Ես խորհուրդ կտայի, որ Դուք մեկ անգամ այցելեք հոգեբանի և մանրամասն տեղեկանաք այդ տարիքի երեխաների զարգացման առանձնահատկություններին: Բայց եթե իմ խոսքերը ձեզ համար բավարար կլինեն, ապա դա էլ մի արեք:
Մինչև 3 տարեկանը երեխան չար չի լինում, լինում է ակտիվ, հետաքրքրասեր և նախաձեռնող: Պետք չէ ավելորդ հրահանգներ տալ, պատժել ու բարկանալ: Այս տարիքի երեխան չի կարող իր հետաքրրքությունները զսպել: Նա ինքնաբուխ ու իմպուլսիվ է, այսինքն՝ ավելի շուտ անում է, հետո՝ մտածում կամ չի մտածում առհասարակ: Կարող է անգամ չհիշել, որ Դուք զգուշացրել էիք ինչ-որ բանի համար: Պարզապես պետք է երեխային այս տարիքում անդադար հետևել, վերացնել բոլոր վտանգավոր իրերն ու սարքերը նրա տեսադաշտից: Դա է մանկությունը: Ի դեպ, գազօջախն էլ ամենահետաքրքիր բաներից մեկն է այդ տարիքի երեխաների համար: Համբերատար եղեք: 3 տարեկանից սկսած՝ երեխան աստիճանաբար կսովորի վտանգներից զերծ մնալ: Խելացի բալիկ ունենալն այնքան էլ հեշտ բան չէ)))


Անուն: Արմինե

Հարց: Հարգելի բժիշկ, իմ տղան 9 տարեկան է և ամեն մի փոքր մանրուքից բորբոքվում է ու շատ հուզվում: Հարցին պատասխանելու փոխարեն սկսում է լաց լինել: Ի՞նչ անեմ: 
 

 

Պատասխան: Պարտադիր դիմեք հոգեբանի: Դա բնական և նորմալ չէ: Երեխան ունի հոգեբանական խնդիր կամ խնդիրներ, դիմեք մասնագետի, պարզեք՝ ինչն է խնդիրը և օգնեք երեխային: