«Վերջին շրջանում ոչ մի կերպ չեմ կարողանում հասնել օրգազմի: Ի՞նչը կարող է պատճառ լինել». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները  

Հարց/Պատասխան

Գինեկոլոգ Ռաֆայել Թադևոսյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

 Անուն: Աննա

Հարց: Բարև Ձեզ, Ձեր օգնության կարիքն ունեմ: Եթե դաշտանը եղել է ամսի 28-ին և ես սեռական հարաբերություն եմ ունեցել ամսի 13-ին, բայց շատ քիչ սերմնահեղուկ է ներթափանցել, կարո՞ղ եմ հղիանալ: Նշեմ, որ սեռական հարաբերությունը եղել է ամսի 19-ին: Ես ուզում եմ հղիանալ, բայց օրերը չգիտեմ:

Պատասխան: Այո, հնարավոր է հղիանալ, հղիության հավանական և բարենպաստ օրերը ձվազատման և դրան հաջորդող օրերն են (դաշտանային ցիկլից 10-20-րդ օրերը):


Անուն: Քրիստինա

Հարց: Բարև Ձեզ, ես մի հարց ունեմ՝ կապված բեղմնավորման հետ: Քանի օր են սերմնաբջիջները մնում կնոջ օրգանիզմում և, եթե սեռական ակտը տեղի ունենա ձվազատումից երկու օր առաջ, հավանականությունը որքա՞ն է, որ տեղի կունենա բեղմնավորում:

Պատասխան: Սերմնահեղուկը իր բեղմնավորվան հատկությունը կնոջ օրգանիզմում պահպանում է միջինը 2 օր:


Անուն: Անի

Հարց: Բարև Ձեզ, ինձ հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ դիրքով պետք է քնել հղիության ընթացքում՝ զույգ պտուղների դեպքում:

Պատասխան: Եթե ժամկետը մեծ է, ապա ցանկալի չէ պառկել մեջքի վրա: Խորհուրդ է տրվում քնել ձախ կողմի վրա թեքված:


Անուն: Աղավնի

Հարց: Բարև Ձեզ: կուզեի իմանալ՝ ուրեապլազման հայերեն ինչպես է կոչվում, կամ 10 -5-ը նորմայու՞մ է, արդյոք, կարող է վնասել երեխային: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հայերեն այն կոչվում է ուրեոպլազմա, համարվում է պայմանական պաթոգեն, որը կարող է վտանգ ներկայացնել հղիության ժամանակ: 10-5-ը նորմայում չէ, պետք է հետազոտվել և բուժվել: Կան դեղամիջոցներ, որոնք հակացուցված չեն հղիներին:

 

Անուն: Քնարիկ

Հարց: Բարև Ձեզ, առաջին հղիությունս ընդհատվել է վեցերորդ շաբաթում: Անցել է հինգ ամիս, ցանկանում եմ հղիանալ: Դաշտանային ցիկլս նորմալ է: Հնարավո՞ր է՝ ընդհատումը դառնա չբերության պատճառ:

Պատասխան: Եթե կատարվել է գործիքային միջամտություն, ապա հնարավոր է: Խորհուրդ է տրվում հետազոտվել գինեկոլոգի մոտ:


Անուն: Սվետա

Հարց: Բարեւ Ձեզ: Ես 13 տարեկան եմ: Ինձ մոտ, երեւի, խանգարված է դաշտանը: Արյունի արտամղումն ինձ մոտ սկսվել է 11տարեկանում: Հիմա ուշուշ, բայց առատ է արյունը: Մշտական է սպիտակ լորձը:  Ի՞նչ եք կարծում՝ տարիքի հետ է կապված արյունի ուշ-ուշ գալը: Օրինակ՝ դեկտեմբեր ամսին եղել է ամսի 2-ին եւ ավարտվել ամսի 10 ին: Կսպասեմ Ձեր պատասխանին:

Պատասխան: Դուք նկարագրում եք դաշտանային ցիկլի խանգարում: Պետք է դիմել մասնագետի՝ գինեկոլոգի հետազոտում և դաշտանի կարգավորում:


Անուն: Հասմիկ

Հարց: Հարգելի բժիշկ, ամուսնացած եմ արդեն 4 տարի: Հարաբերվելիս միշտ բավարարվել եմ ձեռքով (ամուսինս), այսինքն՝ ծլիկային: Ասացեք՝ դա նորմա՞լ է: Վերջին շրջանում ոչ մի կերպ չեմ կարողանում հասնել օրգազմի: Ի՞նչը կարող է պատճառ լինել: Նախապես շնորակալ եմ:

 

Պատասխան: Օրգազմի բացակայությունը՝ անօրգազմիան, կանանց սեռական առողջության առանցքային խնդիրներից է: Հաճախ այն պայմանավորված է լինում հոգեբանական գործոններով: Եթե օրգազմի բացակայությունը տևական ժամանակ է, ապա լավ կլինի դիմեք սեքսոպաթոլոգի կամ հոգեբանի օգնությանը: