«Վերջերս ինձ մոտ նկատել եմ տրամադրության անկում. դարձել եմ քչախոս, չշփվող: Ի՞նչ անեմ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

 «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:


Անուն:
 Մարի

Հարց: Բարև Ձեզ: Բալիկս 2.2 տարեկան է, բայց դեռ չի խոսում: Ամեն բան հասկանում է, կարողանում է ասել «մամա», «պապա», «տատա»: Ամեն ինչ հասկացնում է՝ ցույց տալով: Երբ փորձում եմ ուշադրություն չդարձնել, որ չթուլանա և փորձի խոսել, սկսում է լացել ու նյարդայինանալ: Նշեմ, որ 1.6-ում միավանկ բառերով բառակապակցություն էր կարողանում ասել՝ «ջուր տուր», «հաց տուր», «բացիր», իսկ հիմա այդ բառերն էլ չի ասում: Բալիկս այդ տարիքում անգինայով հիվանդացավ, ատամներ հանեց և շան հաչոցից էլ վախեցավ: Հնարավոր է՝ այդ ամենը պատճառ դառնա խոսքի զարգացման խանգարման համար: Շատ անհանգիստ եմ: Կանխավ շնորհակալ եմ:

 

Պատասխան: Դուք հետևեք, արդյոք, երեխայի խոսքի զարգացումն առաջ է ընթանում, թե՞ կանգ է առել: Եթե երեխան խոսում է, և դուք նկատում եք, որ բառեր է ավելացնում, աստիճանաբար սկսում է ավելի ակտիվ խոսել և զարգացում կա, ապա անհանգստանալ պետք չէ: Բայց եթե խոսքի զարգացման մեջ կանգ եք նկատում, այսինքն՝ ամիսներ շարունակ երեխան ոչ մի բառ չի ավելացնում իր բառապաշարում, ապա դիմեք հոգեբանի և լոգոպեդի:

Հնարավոր է՝ հիվանդանալու և վախի հետևանքով մի պահ նոր ձեռք բերած հմտությունները դադարեն զարգանալ կամ մի պահ զարգացումը հետընթաց ունենա, բայց հետո պիտի զգաք առաջընթացը: Սա է խնդիրը:


Անուն: Անուշ

Հարց: Աղջիկս 3 տարեկան է: Շատ աշխույժ երեխա է, սակայն ունենք մի խնդիր. երեխաների հետ շատ դժվարությամբ է շփվում, դրա համար որոշեցի ընդունել մանկապարտեզ: Հենց առաջին օրվանից սկսեց հիստերիայի մեջ ընկնել: Դաստիարակն ասում է՝միայն դայակի հետ է շփվել, հաց չի կերել, չի խաղացել, կանգնել է բոլորից հեռու՝ անկյունում: Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ անեմ, որ աղջիկս շփվի շրջապատի երեխաների հետ:

 

Պատասխան: Ձեր հարցից պարզ չէ՝ ինչ է կատարվել երեխայի հետ, քանի օր է հաճախել մանկապարտեզ: Ավելի լավ է մասնագետի դիմեք, մի քիչ մանրամասն բացատրեք իրավիճակը, որպեսզի մասնագետն էլ հասկանա, թե ինչպես կարելի է երեխային աստիճանաբար ադապտացնել մանկապարտեզին:


Անուն: Լիաննա

Հարց: Բարև Ձեզ: Աղջիկս 3.3 տարեկան է: Վերջին 3-4 ամիսների ընթացքում երեխայիս մոտ վախեր են ի հայտ եկել: Պատահել է՝ 3 անգամ սարսափահար, լացելով արթնացել է քնից և ասել, որ  ծիտիկը, բլոճիկները բարձրանում են իր վրա և ուզում են կծել: Աչքերը բաց վիճակում էլ տան անկյուններում տեսնում էր նույն պատկերը և, բղավելով, կուչ գալիս գրկումս: Հիմա չեմ կարողանում կողմնորոշվել՝ եղանակի տաքացմանը զուգընթաց ինչպես պատրաստեմ, տրամադրեմ իրեն միջատների ի հայտ գալուն. դրանք մեր տարածաշրջանում բավականին շատ են: Նախապես շնորհակալություն:

 

Պատասխան: 3-5 տարեկան հասակը բազմաթիվ վախերի տարիք է, քանի որ զարգանում է երեխայի երևակայությունն ու մտածողությունը ու նա սկսում է հասկանալ տարբեր երևույթների վտանգները: Խորհուրդ կտամ դեռևս չանհանգստանալ և համբերատար սպասել: Եթե դրանք ինչ-որ դեպքի հետևանքով առաջացած վախեր չեն, ապա աստիճանաբար պիտի թեթևանան: Եթե դրանք սկսեն խորանալ ու տարածվել, դիմեք մանկական հոգեբանի, բայց մի վախեցեք. վախերը հեշտությամբ են հաղթահարվում:

 
Անուն: Թամարա

Հարց: Բարև Ձեզ, հարգելի հոգեբան: Ամուսինս նևրոզ է տանում, իսկ ես երեք շաբաթական հղի եմ: Կարող է, արդյոք, ամուսնուս նևրոտիկ վիճակը ինչ-որ կերպ անդրադառնալ պտղի վրա: Նևրոզը ժառանգակա՞ն թե ձեռքբերովի հիվանդություն է: Ես շատ եմ անհանգստանում իմ՝ դեռ չծնված երեխայի համար: Կանխավ շնորհակալություն:

 

Պատասխան: Նևրոզները ժառանգական հիվանդություններ չեն, դրանք, սթրեսով պայմանավորված, տագնապային խանգարումներ են, որոնց դեպքում պետք է պարտադիր դիմել հոգեբանի և անցնել հոգեբանական թերապիա:

Ձեր ամուսնու նևրոզը պարզապես կարող է Ձեզ անհանգստություն պատճառել, ինչը լուրջ ազդեցություն չի կարող ունենալ պտղի վրա, եթե Դուք ավելորդ շատ չանհանգստանաք և չմտածեք տարբեր երևակայական վտանգների մասին:

 
Անուն: Մարգարիտա

Հարց: Բարև Ձեզ, ես ունեմ երկու երեխա՝ մեկն աղջիկ՝ 2տ 2 ամսական, մյուսը՝ տղա՝ 8 ամսական: Աղջիկս գիշերը հանկարծակի վեր է թռչում ու սկսում լաց լինել: Ի՞նչ անեմ և ի՞նչը կարող է պատճար հանդիսանալ:

 

Պատասխան: Եթե դա տևում է մի քանի ամիս և ավելի, դիմեք հոգեբանի: Դրա պատճառը կարող է լինել ինչպես երեխայի տարած սթրեսները, անգամ շատ մանր մունր բաներ, որոնք հնարավոր է՝ Դուք չնկատեք, այնպես էլ կարող են մայրիկի հոգեվիճակն ու անհանգստությունը նման ազդեցություն ունենան երեխայի վրա:

 
Անուն: Սոնա

Հարց: Բարև Ձեզ: Ես բավականին հավասարակշիռ անձ եմ, միշտ եղել եմ շատ առույգ, թռվռուն, բայց նաև ագրեսիվ: Վերջերս ինձ մոտ նկատել եմ տրամադրության անկում. դարձել եմ քչախոս, չշփվող: Երբեմն նույնիսկ տան անդամների հետ չեմ ցանկանում գոնե մի բառ փոխանակել, փոխանակելու դեպքում էլ անպայման վիճում եմ ու նախընտրում ամբողջ օրս սենյակում անցկացնել: Շատերն են բողոքում, որ փոխվել եմ: Ինչո՞վ կարող է դա պայմանավորված լինել, ինչպե՞ս դառնալ առաջվանը:

 

Պատասխան: Հարգելի՛ Սոնա, դիմեք հոգեբանի և հոգեբանի հետ միասին հասկացեք, թե ինչն է Ձեր հուզական վիճակի փոփոխության պատճառը: Հոգեբանությունը գուշակություն չէ: Առանց մարդու հետ հանդիպելու և մանրակրկիտ հետազոտելու և ուսումնասիրելու՝ հնարավոր չէ ասել, թե ինչն է վարքի ու հուզական վիճակի փոփոխության պատճառը: