«Աղջիկս խաղալիս տարբեր անուններ է հորինում եւ դրանցով կանչում ինչ-որ մարդկանց: Պե՞տք է անհանգստանալ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:


Անուն: 
Անժելա

Հարց: 
Ինչու՞ են մարդիկ վախից սկսում դողալ:

Պատասխան: Վախի զգացումը մարդու ներսում առաջին պահին գերլարում է առաջացնում, մարդն ուժեղ լարվում է: Այդ լարվածությունն արտահայտվում է արագ գործողություններ անելու պատրաստակամությամբ: Վախից մարդը կարող է շատ արագ վազել, ինչ-որ գերբնական գործողություններ կատարել: Դրանք այդ լարվածության շնորհիվ է լինում: Վախի ազդեցությունից անմիջապես հետո, օրգանիզմը պաշտպանական նպատակով թուլանում է, քանի որ մեծ էներգիա է կորցրել: Այդ պահին մկանները կարող են սկսել դողալ:

Երբեմն այդ գերլարումից մինչև թուլացում անցումը շատ արագ է լինում և մարդն այդ անցումը չի նկատում:


Անուն: Հերմինե

Հարց: Բարև Ձեզ, աղջիկս 5,5 տարեկան է: Գնում է մանկապարտեզ, համեմատաբար նորմալ է պահում իրեն, տուն մտնելուն պես սկսում է չարությություն անել, անընդհատ ուզում է, որ նկատողություն անես իրեն, բղավես: Հանգիստ բացատրելով ոչինչ չի ստացվում, կարծես,  չարությամբ է լցված, պատասխանում է, բղավում է: Մի խոսքով՝  միշտ լարված վիճակում ենք, փոքր երեխայի նման նվնվում է, լաց է լինում: Սխալ կլինի ասելը, թե ուշադրության պակաս ունի: Այլևս չեմ կարողանում օգնել թե՛ իրեն, թե՛ մեզ: Շատ եմ խնդրում՝ օգնեք: Ի՞նչ անեմ:

Պատասխան: Նախևառաջ, պետք է փոխեք վերաբերմունքը երեխայի անցանկալի վարքի նկատմամբ: Եթե մենք երեխայի վարքը դիտարկում ենք որպես «ուզում է ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ անես», նշանակում է, որ մենք երեխային ի սկզբանե չենք հասկանում: Երեխան երբեք չի կարող ցանկանալ նկատողություն ստանալ: Դա կարող է լինել պարզապես նրա հոգեբանական խնդիրների դրսևորման մի ձև:

Երեխայի «վատ» վարքը միշտ նրա վատ ապրումների, վատ հոգեվիճակի դրսևորումն է: Եթե երեխան իրեն կոնֆորտ զգա, երբեք «վատ» վարք չի դրսևորի: Պետք է փորձեք հասկանալ՝ ինչն է այդ վատ զգացմունքների պատճառը:

Եթե երեխան մանկապարտեզում ավելի կանոնիկ է իրեն դրսևորում, իսկ տանն ավելի անկանոն, հնարավոր է՝ պարտեզում խստապահանջ են, այնտեղ  զսպում է իրեն, իսկ տանն արտահայտում է հույզերն ու ցանկությունները:

Փորձեք հիշել՝ ե՞րբ է երեխան ավելի «վատ» պահում իրեն, ե՞րբ է այդ վարքը մեղմանում, ե՞րբ է սկսվել այդ ամենը և ե՞րբ ընդհանրապես չի եղել: Այդպես ուսումնասիրելով սեփական երեխայի վարքը՝ դուք կկարողանաք երեխայի վարքի գոնե մոտավոր պատճառներ գտնել: Կհասկանաք նաև, թե երեխան ինչպիսի պահանջմունքներ ունի, որոնք չեն բավարարվում:

Երբեք բարկանալն ու նկատողություն անելը չեն օգնում երեխայի վարքի կարգավորմանը: Ավելի ճիշտ է կազմակերպել երեխայի օրը, քան նրան նկատողություններ անել:


Անուն: Մարինե

Հարց: Բարև Ձեզ: Աղջիկս 6 տարեկան է, վերջին շրջանում դարձել է կամակոր: Իր ցանկությամբ տարել եմ տարբեր խմբակներ: Բայց առաջին այցելությունից հետո հրաժարվում է գնալ: Շրջապատի մարդկանց հետ գրեթե չի շփվում: Կա՞, արդյոք, հոգեբանի միջամտության կարիք թե՞ ընթացքում կանցնի:

Պատասխան: Եթե երեխան ունի շփման խնդիր,  արդեն առիթ է մեկ անգամ մասնագետի հետ խորհրդակցելու: Այս դեպքում կա և՛ շփման խնդիր, և՛ վարքի խնդիր, և՛ գուցե այլ խնդիր, որոնք չեք նկատում: Կարելի է մեկ անգամ խորհրդակցել մասնագետի հետ:
Բացի դա, 6-7 տարեկանը ճգնաժամային տարիք է, և նորմալ է, որ երեխայի վարքը դժվար կառավարելի դառնա: Սակայն Ձեր բերած օրինակը՝ շփման խնդիրները, ճգնաժամի դրսևորումների մեջ չեն մտնում:


Անուն: Հայկուհի

Հարց: Բարև Ձեզ: Հարցս հետեւյալն է` աղջիկս 3 տարեկան է: Վերջերս խաղալիս տարբեր անուններ է հորինում եւ դրանցով կկանչում ինչ-որ մարդկանց: Երբ հարցնում եմ՝ ո՞վ են նրանք, ասում է՝ իմ ընկերներն են: Մենք կատակով ենք վերաբերվում այդ երևույթին,  բայց նա անընդհատ օգտագործում է իր հորինած այդ անունները: Օրինակ՝ երբ մի բան եմ տալիս նրան, ասում է՝ մեկն էլ «Բագուդին» տուր))): Նշեմ, որ տան միակ երեխան է, եվ մենք ապրում ենք ՌԴ-ում, նա ընկերներ չունի: Անհանգստանալու կարիք կա՞: Խնդրում եմ՝ անպատասխան չթողնեք:

Պատասխան: Անհանգստանալու բացարձակ կարիք չկա: Դա երևակայական ընկերներ հորինելու տարիքն է: Շատ երեխաներ, հատկապես երբ տան միակ երեխան է, իրենց մենակությունը փարատելու համար հնարում են ընկերներ, նույնիսկ քույր և եղբայր ունեցող երեխաներն են այդպես վարվում: Դա բնականոն զարգացման մի դրսևորում է: Մի՛ փորձեք երեխային համոզել, որ այդ ընկերները չկան, նա ևս դա գիտի, պարզապես խաղում է: Դուք նույնպես խաղացեք նրա հետ այդ խաղերը: