«8 ամիս է՝ ամուսնացած եմ, բայց չեմ հղիանում, ու արդեն երկրորդ անգամ դաշտանս ուշանում է. սա նորմա՞լ է». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանը:


Անուն: Աննա

Հարց: Հարգելի բժիշկ, ես արդեն երկու ամսական հղի եմ: Շատ փոքրամարմին եմ՝ 45 կգ: հղիությունից ախորժակս փակվել է, խնդրում եմ՝ ասեք՝ դա շա՞տ վնաս է պտղի զարգացման համար:

Պատասխան -Հարգելի Աննա, առհասարակ վնաս չէ, քանի որ պտուղը մոր օրգանիզմից ստանում է իրեն անհրաժեշտ սնունդը, սակայն Դուք պետք է փորձեք առողջ սնվել, որպեսզի փոքրիկն առողջ ծնվի: Ախորժակի բացակայությունը կարելի է վերականգնել: Կան շատ հարցրեր, որոնց պատասխանը ես չունեմ, գուցե Ձեզ մոտ ախորժակի բացակայությունը փսխման, սրտխառնոցի հետևանքով է, քանի որ դուք դեռևս հղիության 2-րդ ամսում եք գտնվում: Ուստի խորհուրդ կտամ խորհրդակցել Ձեր գինեկոլոգի հետ՝ կարգավորելու ախորժակի բացակայությունը:


Անուն: Մարիա


Հարց: Բարև Ձեզ, ցանկանում եմ մեկ հարց ուղղել ձեզ։ 8 ամիս է՝ ամուսնացած եմ, բայց չեմ հղիանում, ու արդեն երկրորդ անգամ դաշտանս ուշանում է։ Այս ամենը նորմա՞լ է։ Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Բարև Ձեզ, անհանգստանալու առիթ միշտ կա, սակայն հղիության բացակայությունը դեռևս չբերություն չէ: Նախ՝ պետք է հասկանալ՝ որքան է դաշտանի ուշացումը և ուշացման ժամանակ թեստ արե՞լ եք:  Ամեն դեպքում լավ կլինի անցնել որոշակի հորմոնալ հետազոտություններ:

 

Անուն: Նառա

Հարց:  Բարև Ձեզ: Արդեն երկու տարի է՝ ամուսնացած եմ և չեմ կարողանում հղիանալ: Ամեն ամիս օվուլացիայի թեստեր եմ փորձում, միշտ ցույց է տվել 2 օր, բայց վերջին երկու ամիսը ցույց է տալիս, որ ամեն օր ունեմ: Կարող եք ասել՝ դա նորմա՞լ է: Դաշտանային օրերս էլ տևում է մոտավոր 8 օր:

Պատասխան: Եթե արդեն երկու տարի  ամուսնացած եք և հղիություն տեղի չի ունենում և եթե նորմալ սեռական կյանքով եք ապրում, ապա անհանգստանալու առիթ կա, պետք է հետազոտվել:

 

Անուն: Մերի


Հարց: Բարև Ձեզ, հնարավո՞ր է՝ դաշտանից մի քանի օր առաջ հղիության թեստը դրական ցույց տա:

Պատասխան: Բարև Ձեզ, եթե դաշտան տեղի չի ունեցել, ապա հնարավոր է:


Անուն: Զարուհի

Հարց: Բարև Զեզ, եթե ինձ մոտ մի քանի ամիս է՝ ձվազատում չի լինում, ես այլևս չե՞մ կարող հղիանալ:

Պատասխան: Բարև Ձեզ, իհարկե, կարող եք, պետք է պարզապես ստուգել հորմոնալ ստատուսը:


Անուն: Սոնա

Հարց: Հարգելի մասնագետ: 67-ամյա կնոջ մոտ հաճախամիզություն է, բայց առանց ցավի ու մրմռոցի: ի՞նչը կարող է պատճառ լինել:

 

Պատասխան: Բարև Ձեզ, հնարավոր է՝ արգանդի իջեցման կամ մեծ չափսի միոմայի հետևանքով լինել, որոնք կարող են սեղմել միզապարկը: Ամեն դեպքում պետք է հետազոտվել՝ հստակ պատկեր ստանալու համար: