«Ընկերոջս հետ սեռական ակտ ենք ունեցել, բայց նույնիսկ մասնակի  ներթափանցում չի եղել: Հնարավո՞ր է հղիություն». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանը:


Անուն: Սուսաննա

Հարց: Բարև Ձեզ: Արդեն 5 շաբաթական հղի եմ: Մեջքի հատվածում ցավեր ունեմ, նշանակել են մագնեզիումի հիդրոասպարտատ՝ օրական 2 անգամ, 2 կոճակով: Կարելի՞ է հղիության վաղ ժամկետում այն օգտագործել:

Պատասխան: Այո, իհարկե կարելի է: Թույլատրելի է նույնիսկ հղիության առաջին իսկ օրվանից մինչև հղիության ավարտ,  MB6՝ օրը  3 անգամ, 2 հաբից:


Անուն: Անի

Հարց:  Հարգելի բժիշկ, հարցս հետևյալն է. ամուսնացած եմ արդեն 4 ամիս, սկզբում ամեն ինչ նորմալ էր, բայց դաշտանից 15 օր անց հարաբերությունից հետո լինում է արյուն, բայց ոչ դաշտանի նման, տևում է 2 օր: Խնդրում եմ՝ ասեք, դա վտանգավո՞ր է:

Պատասխան: Բարև Ձեզ, պետք է անցնել արգանդի պարանոցի հետազոտություն, կարող են լինել էրոզիաներ կամ պոլիպներ, որոնք էլ հանգեցնում են արյունահոսության:


Անուն: Մերի

Հարց: Բարև Ձեզ: Չեմ իմացել, որ հղի եմ և օգտագործել եմ իբուպրոֆեն, պարացետամոլ, ացիկլովիր, նաև ալկոհոլՀղիությունս դեռ մեկ ամսական չկա: Նշեմ, որ ցանկալի հղիություն է: Խնդրում եմ՝ ասեք՝ վնասե՞լ եմ պտղին:

Պատասխան: Բարև Ձեզ, դեղորայքի օգտագործումից ոչինչ չի լինի պտղին, բայց ալկոհոլի չարաշահումը գովելի չէ: Կախված է, թե ինչ չափաբաժնով եք խմել:


Անուն: Սյուզաննա

Հարց: Հարգելի բժիշկ, 8 ամիս է՝ ամուսնացած եմ և չեմ հղիանում, ստուգվել ենք, ամուսնուս մոտ հայտնաբերվել է վարիկոցելե: Նաև սերմի անալիզ է հանձնել, պարզվել է, որ սերմի քանակը զրո է: Ի՞նչ պետք է անենք:

Պատասխան: Բարև Ձեզ, պետք է դիմեք անդրոլոգի խորհրդատվությանը, նա Ձեզ կբացատրի, թե ինչ է հնարավոր անել:


Անուն: Կարինե

Հարց: Բարև Ձեզ: 2016 թվականի մարտի 8-ին ծննդաբերել եմ: 9 ամիս հետո՝ դեկտեմբերի 15-ին, դաշտան եմ տեսել: Հունվարին պետք է նորից լիներ, բայց չի եղել, արդեն 10 օր է անցել: Երեխային կերակրում եմ կրծքով, երբ ցանկանում է ուտել: Հղիության թեստը բացասական է ցույց տվել: Նորմա՞լ է, որ ցիկլս խախտումներով է, թե՞ պարտադիր պետք է բժշկի այցելեմ:

Պատասխան: Բարև Ձեզ, դաշտանի ուշացումը նորմալ է, եթե կրծքով եք կերակրում, բայց պետք է ուշադիր լինեք, քանի որ հնարավոր է նաև, որ հղի եք: Ամեն դեպքում բժշկին այցելելը խրախուսելի է:

Անուն: Կարինե

Հարց: Բարև Ձեզ, բժիշկ: Մի հարց կա, որը շատ է անհանգստացնում ինձ։ Ես 21 տարեկան եմ, կույս եմ ու նշանված: Իմ ընկերոջ հետ ունեցել ենք սեռական ակտ (եթե դա կարելի է այդպես անվանել): Մենք միասին ենք եղել, բայց անգամ մասնակի ներթափանցում չի եղել: Հնարավո՞ր է դրանից հղիություն։ Ես թեսթ եմ կատարել, պատասխանը եղել է բացասական, բայց դաշտանի օրն արդեն 20 օր ուշացել է, որն էլ ինձ շատ է անհանգստացնում: Նախապես շնորհակալություն:

 

Պատասխան: Հարգարժան Կարինե, եթե ներթափանցման ժամանակ սերմնաժայթքում տեղի չի ունեցել և սերմի արտահոսք դեպի հեշտոց չի եղել, ապա հղիություն հնարավոր չէ: Իսկ դաշտանի ուշացումը կարող է տարբեր պատճառներով լինել, օրինակ՝ հորմոնալ ֆոնի փոփոխության, ուստի պետք է համապատասխան հետազոտություններ անցնեք կամ սպասեք կանոնավոր սեռական հարաբերություններին՝ հասկանալու համար՝  դաշտանի խախտում կրկին տեղի կունենա, թե ոչ: