«Ես զգում եմ, որ տղաս պատրաստ չէ դպրոց գնալուն. դեռ ուզում է խաղալ: Ասեք՝ ի՞նչ անեմ: «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները 

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

 

Անուն: Տաթևիկ

Հարց: Բարև Ձեզ:
Հարգելի հոգեբան, տղաս հոկտեմբերին կլինի 6 տարեկան, նա գերակտիվ երեխա է: Հաճախում է քոլեջ, բայց այնտեղ էլ հանգիստ նստել չի կարողանում: Ես զգում եմ, որ նա պատրաստ չէ դպրոց գնալուն, և ուզում եմ ընդունելությունը հետաձգել մինչև մյուս տարի, որպեսզի երեխային ազատեմ հոգեբանական ճնշումից: Նա դեռ ուզում է խաղալ, չարություն անել: Խնդրում եմ՝ ասեք՝ ի՞նչ անեմ:

 

Պատասխան: Երեխայի՝ դպրոցին պատրաստ լինելը պետք է ստուգել մի շարք չափանիշներով՝ նստակյացություն, հաջողության հասնելու պահանջմունք, մոտիվացիա, իմացական գործընթացների զարգացում, կամային որակներ, դպրոց հաճախելու ցանկություն և այլն: Նախ՝ պետք է պարզել` երեխան գերակտիվ է, թե ոչ: Եթե գերակտիվ է, ապա դա հաջորդ տարի չի անցնելու, նա գերակտիվ կարող է լինել նաև մեկ տարի հետո: Դա տարիքային խնդիր չէ, չնայած՝ ակտիվության առումով տարիքի հետ փոփոխություններ լինում են, բայց գերակտիվության մյուս կոմպոնենտները՝ իմպուլսիվությունն ու ուշադրության դեֆիցիտը, պահպանվում են: Կարծում եմ՝ պետք է գոնե մեկ անգամ այցելել մասնագետին և գնահատել երեխայի պատրաստվածությունը դպրոցին: Կողքից նայելով գնահատել պետք չէ:

 


Անուն: Վարդ

Հարց: Բարև Ձեզ,
տղաս 3.5 տարեկան է, չի ցանկանում մենակ հաճախել մանկապարտեզ: Ի՞նչ խորուրդ կտաք:

 

Պատասխան: Իսկ ի՞նչ խորհուրդ կարող ենք տալ այս դեպքում: Բնականաբար չենք ասի, որ դուք էլ պետք է իր հետ միասին հաճախեք մանկապարտեզ: Պետք է հասկանալ, թե ինչն է խանգարում երեխային մենակ գնալ: Դա կարող է լինել վախը, կարող է լինել շփման հմտությունների պակասը, երեխայի՝ գերխնամքի պատճառով գերկապվածությունը մեծերից որևէ մեկին, երեխայի ինքնուրույնության պակասը, ակտիվության և զարգացման մակարդակի անհամապատասխանությունը տարիքին և այլն: Պետք է պարզել պատճառը և դրանից հետո որոշել՝ ինչպես հաղթահարել խնդիրը:

 


Անուն: Մայա

Հարց: Մենք ապրում ենք ՌԴ
-ում: Աղջիկս 3 տարեկան է և չի տիրապետում ռուսաց լեզվին: Երբ միասին գնում ենք խաղահրապարակ, խուսափում է մյուս երեխաների հետ շփվելուց, չի խաղում նրանց հետ, միշտ առանձնանում է և խնդրում է, որ ես խաղամ իր հետ: Չգիտեմ՝ ինչպե՞ս աղջկաս ընտելացնեմ այս միջավայրին:

 

Պատասխան: Եթե երեխան արդեն լիարժեք տիրապետում է խոսքին, կազմում է նախադասություններ, արտահայտում է իր մտքերն ու զգացմունքները, խոսում է լիարժեք, ապա կարող եք սկսել սովորեցնել նաև ռուսերենը: Մուլտֆիլմերը միայն ռուսերենով նայեք, սկսեք աստիճանաբար խոսել նաև ռուսերեն: Երեխաներն այս տարքում շատ արագ են սովորում: Շատ մի անհանգստացեք, փորձեք սովորեցնել ռուսերենը:


Անուն: Վարդ

Հարց: 
Բարև Ձեզ: Տղաս 3.5 տարեկան է և չի ցանկանում հաճախել մանկապարտեզ: Ասեմ, որ սկզբնական շրջանում մեծ հաճույքով էր գնում: Մի անգամ երեխաների բարձր ճչոցից վախեցավ, լացեց և հաջորդ օրվանից այլևս չցանկացավ հաճախել մանկապարտեզ: Փորձում ենք համոզել և տանել, սակայն չի մնում մանկապարտեզում:

 

Պատասխան: Ե՛վ դաստիարակին զգուշացրեք, և՛ դուք տանը փորձեք խաղալ աղմկոտ խաղեր, որոնք պահանջում են բարձր գոռալ, ասենք՝ գոռացեք որևէ մեկի անունը կամ բարձր տոնով ինչ-որ բաներ ասեք,  խաղալիքներ շաղ տվեք և այլն: Նմանատիպ աղմկոտ խաղերով կարող եք օգնել նրան հաղթահարել այդ վախը: Մի քանի անգամ փորձեք իր հետ մնալ պարտեզում և աստիճանաբար դուրս գալ: Դժվարն առաջին պահն է, հետո աստիճանաբար կհարմարվի: Դաստիարակին ևս խնդրեք մի քանի անգամ աղմկոտ խաղեր կազմակերպել: Այսպիսով, երեխայի վախը կանցնի:


Անուն: Սիրանուշ

Հարց: Բարև Ձեզ, աղջիկս 1 տարեկան 11 ամսական է և օրվա մեջ կարողանում է մեզը պահել այնքան, մինչև տակդիր հագցնենք (մոտ 4 ժամ), ոչ մի դեպքում չի նստում գիշերանոթին, կարծես՝ վախենում է այնտեղ միզելուց: Ի՞նչ խորհուրդ կտաք անել այս դեպքում:

 

Պատասխան: Եթե երեխան արդեն տիրապետում է այդ հմտությանը, այսինքն՝ իր կամքով կարողանում է զսպել իրեն և պահել մեզը, ապա պետք չէ ամրապնդել տակդիրի մեջ միզելու սովորությունը: Ամեն կերպ խրախուսեք և ոգևորեք, որ անի գիշերանոթում: Միևնույն է, մեզը երկար պահել չի կարողանա, թողեք, որ մեկ անգամ երեխան միզի գիշերանոթում և հաջորդ անգամներն արդեն հեշտությամբ կանի:
Սկսեք քայլ առ քայլ գնալ առաջ: Երեխային ասեք, որ տակդիրներն արդեն վերջանում են, մնաց այսքան հատ, ու մենք կանենք գիշերանոթի մեջ, օրվա ընթացքում մի քանի անգամ այսպես նույն բանը կրկնեք, կարծես՝ երեխային պատրաստում եք այդ մեծ արարողությանը: Երբ  տակդիրները վերջանան, այլևս մի գնեք նորն ու մի հագցրեք: Երեխան ստիպված կլինի միզել գիշերանոթում կամ զուգարանում: Միևնույն ժամանակ խրախուսեք գիշերանոթում անելը, ինչ-որ բան խոստացեք, ասեք, որ կգնեք այսինչ բանը, եթե ինքն իր կարիքները հոգա գիշերանոթի մեջ: Մի՛ վախեցեք նման բաներից, դա իսկապես մեծ հերոսություն է, զարգացման մեջ ամեն քայլ պետք է խրախուսվի:


Անուն: Ինգա

Հարց: Բարև Ձեզ: Խնդիրս հետեւյալն է. փոքրիկս 3 ամսական է: Երբ տան մյուս անդամները նրան գրկում, համբուրում են, անբացատրելի մի զգացողություն է մոտս առաջանում: Անգամ երբ նրան առանց ինձ դուրս են տանում, ինձ թվում է ինձնից մի բան պակասեց: Նույնիսկ չեմ ուզում նրան հավելյալ սնունդ տալ, ուզում եմ միայն ես կերակրեմ: Հասկանում եմ՝ խնդիրն իմ մեջ է: Ասեք, խնդրում եմ, դա լու՞րջ է: Ինչպե՞ս ազատվեմ, այսպես կոչված, խանդից:
 

 

Պատասխան: Խնդիրը բացարձակ Ձեր մեջ չէ: Մինչև 6 ամսականը երեխային հավելյալ սնունդ չի կարելի տալ: 6 ամսականից սկսած՝ հավելյալ սննդի գրաֆիկ գոյություն ունի, որով աստիճանաբար, շատ փոքր չափաբաժնով կարելի է տալ որոշ սննդատեսակներ: Հիմա միայն դուք պետք է կերակրեք Ձեր երեխային, այն էլ՝ միայն կրծքի կաթով: Երեխային չի կարելի նույնիսկ ջուր տալ մինչև 6 ամսականը: Երեխան այս փուլում կարիք ունի միայն մոր հետ շփման և պետք չէ, որ նույնիսկ կարճ ժամանակով ձեզ բաժանեն միմյանցից, եթե, իհարկե, դուք դրա կարիքը չունեք: Ձեզ մոտ ամեն բան կարգին և բնական է: Այն, ինչը դուք եք զգում, խնդիր չէ: Ձեր բալիկին միայն Դուք բակ տարեք և իր հետ միասին Դուք ևս հանգստացեք և մաքուր օդ շնչեք. Դուք դրա կարիքն ունեք: