«Երեխաս անծանոթներին չի բարևում, նրանց հարցերին չի պատասխանում, շատ ագրեսիվ է պահում իրեն: Ի՞նչ անեմ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները 

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:


Անուն: Օլգա

Հարց: Բարև Ձեզ: Երեխաս 2,5 տարեկան է, շատ ագրեսիվ և կամակոր է, ոչ ոքի չի լսում: Խնդրում եմ, կարո՞ղ եք խորուրդ տալ՝ ինչպե՞ս վարվեմ, որ ճիշտ լինի:

Պատասխան: Երեխայի ագրեսիվության և կամակորության պատճառները տարբեր են: Ես կարող եմ նշել մի քանիսը, դուք փորձեք կողմնորոշվել, թե դրանցից որն է առկա ձեր ընտանիքում: Երեխան դառնում է ագրեսիվ իր նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքից և դաստիարակության ագրեսիվ մեթոդներից՝ ծեծ, վիրավորանք, բղավոց, ծայրաստիճան խստություն, կոպիտ ինտոնացիա, զայրացկոտ խոսելաձև և այլն: Երեխան կարող է ագրեսիվ դառնալ գերխնամքից և ավելորդ վերաբերմունքից, երբ մեծերը չեն կողմնորոշվում, թե ինչը կարելի է արգելել, իսկ ինչը՝ ոչ, ծառայում են երեխային և վազում նրա բոլոր ցանկությունները կատարելու: Կամակոր են դառնում նաև, երբ ծնողներն ունեն դաստիարակության տարբեր մոտեցումներ և մրցում են միմյանց հետ՝ երեխաներին տալով մանիպուլյացիաներ անելու լայն հնարավորություն: Երեխան կարող է ագրեսիվ դառնալ ուշադրության և հոգատարության պակասից, անտեսումից: Խորհուրդ կտամ սիրել և կառավարել երեխային հավասարապես՝ բացառելով ագրեսիան և ճնշումը երեխայի վրա:

 

Անուն: Աննա

Հարց: Բարև Ձեզ։ Իմ փոքրիկը 1 տարեկան, 9 ամսական է և որոշ բառեր է ասում` մամա, պապա, տատա, տուր, հաց և խոսում է իր լեզվով (բլբլում է)։ Կասե"ք՝ իր տարիքի համար դա նորմա՞լ է: Եվ կցանկանայի իմանալ՝ երեխան ո՞ր տարիքից պետք է վարժ խոսի։ Ասեմ՝ տարբեր լեզուներով մուլտեր շատ է նայում։

Պատասխան: Երեխան պիտի վարժ խոսի մինչև 3 տարեկանը: Վարժ ասելով՝ հասկանում ենք` բարդ նախադասություններով կարողանա արտահայտել իր մտքերը: Եթե դուք նկատում եք, որ երեխան զարգացնում է իր բառապաշարը և ամեն ամիս ավելացնում է նոր բառեր, բառերն օգտագործում է տեղին, ձեզ դիմում է համապատասխան դիմելաձևով, այսինքն՝ տարբերում է մայրիկին հայրիկից, ջուրն ասում է ջուր և այլն, ապա պետք չէ անհանգստանալ:
Բայց եթե ցանկանում եք խոսքի զարգացմանը նպաստել, ապա մուլտերը նվազեցրեք՝ հատկապես այլ լեզուներով մուլտերը և սկսեք շփվել ձեր բալիկի հետ հենց այնպես՝ նրա հետ զրուցելով և զուգահեռ ինչ-որ բան անելով:


Անուն: Լիանա 

Հարց: Բարև Ձեզ, տղաս 6 տարեկան է: Նա բակում, տանը և նոր  միջավայրում խնդիր ունի ներկայանալու, գնահատված, նկատված, խրախուսված լինելու: Դպրոցում անինքնավստահ է, բակում՝ վախվորած, բոլոր այն խաղերը, որոնք ունեն կոնկրետ կանոններ, իր համար անհետաքրքիր են, ասենք՝ պահմտոցի, բռնոցի, ինքն ուզում է խաղալ, բայց միևնույն ժամանակ  թերարժեքության զգացում ունի, նեղվում է, որ մյուսներն ավելի ճարպիկ են իր համեմատ, դա պատճառ է դառնում, որ խռովի, հուզվի, գա տուն ու փակվի իր աշխարհում: Ասեմ, որ իրենից 4 տարի մեծ եղբայր ունի, որը շատ աշխույժ է, բակի երեխաների շրջանում առաջնորդ է: Փոքր երեխաս բակում իր հուսահատության, դիսկոմֆորտի պահերին հարձակվում է եղբոր վրա ու օգնություն խնդրելու փոխարեն, մեղադրում նրան, որ իրեն չի օգնում: Իրականում՝ բոլորը բակում ուզում են, որ Միսաքը շուտ տուն գնա, որ իրենց խաղը չընդհատվի և շատ դեպքերում ստեղծում են նման իրավիճակներ: Խնդրում եմ՝ հուշեք ինձ՝ ինչպե՞ս օգնեմ տղայիս, որ նաև իր արժեհամակարգը չփոխվի, քանի որ նա բարի է, կամեցող, կարեկցող, բայց վիրավորանքի պահերին մի կերպ ենք զսպում, որ չհարվածի երեխաներին: Հաջորդ պահին փոշմանում է և պատրաստ է նորից գնալ ու միանալ խաղին:

 

Պատասխան: Կարծում եմ՝ ճիշտ կլինի դիմել մասնագետի և առերես քննարկել այս հարցերը, մասնագետը տեսնի երեխային և գնահատի խնդիրը: Անհնար է նման դեպքերում հեռակա գնահատել խնդիրը և առաջարկել լուծումներ: Դիմեք մանկական հոգեբանի:


Անուն: Աստղիկ

Հարց: Բարև Ձեզ: Աղջիկս 3 տարեկան է: Շատ ինքնասածի է, ոչ ոքի չի լսում: Երբ բարկանում եմ, սկսում է լացել և չենթարկվել: Ես համբերատար եմ, երբեք նրան չեմ խփում, բայց նա օգտվում է այդ առիթից: Փորձել եմ նրան անկյուն կանգնեցնել կամ մեկուսացնել, սակայն այնքան է լացել, որ ստիպված եմ եղել «ներել»: Տան անդամներն էլ միշտ պաշտպանում են նրան: Մի խորհուրդ տվեք:

 

Պատասխան: Առաջին հերթին պետք է տան անդամների հետ համաձայնեցնել ձեր դաստիարակության մոտեցումները, որովհետև Ձեր չհամաձայնեցված մոտեցումներից երեխան է տուժում:

Հաջորդը՝ պետք է դադարեցնել գերխնամքն՝ այն վերածելով զարգացնող և կառավարող, սիրող խնամքի: Այսինքն՝ երեխան չպիտի լինի ընտանիքում կառավարողի դերում, նա պետք է լինի ընտանիքի մյուս անդամների հետ հավասար: Նրա ցանկությունները պետք է հարգեն, բայց նա պետք է իր ցանկությունները համաձայնեցնի տան մյուս անդամների ցանկությունների հետ, այսինքն՝ բոլորի ցանկությունները չպիտի նսեմացվեն երեխայի ցանկությունները կատարելու համար, հատկապես երբ երեխան արդեն մեծ է և այդ ամենը կարող է գիտակցել:

Հաջորդ խնդիրն ընտանիքի մյուս անդամների հետ ձեր պայքարն է: Այդ պայքարի արդյունքում տուժում է երեխան: Եթե մեծերը սխալներ են անում, փորձեք արձագանքել նրանց վարքին, մի՛ պատժեք դրա համար երեխային: Փորձեք տարբարակել այդ իրավիճակները:

Երեխային անկյուն կանգնեցնել և նմանատիպ մեթոդներով կոպիտ պատիժներ չի կարելի կիրառել: Դրանից երեխան ավելի ագրեսիվ ու կամակոր կդառնա: Մեկ անգամ ծնողավարման վերաբերյալ խորհրդատվություն ստացեք մասնագետ հոգեբանից:


Անուն: Քրիստինե

Հարց: Բարև Ձեզ, հարգելի մասնագետ: Երեխաս 5 տարեկան է, բայց շատ վատ է շփվում անծանոթների հետ, չի բարևում, հարցերին չի պատասխանում, շատ ագրեսիվ է պահում իրեն: Ի՞նչ անեմ: Նախապես շնորհակալութուն:

 

Պատասխան: Երբ նկարագրում են երեխայի վարքի մի քանի փոքրդրսևորում, շատ դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում երեխայի հետ կամ դա ինչ խնդիր է, և ինչպես է պետք  շտկել: Ավելի ճիշտ կլինի մասնագետի դիմել, քանի որ արդեն 3 տարեկան հասակում երեխան պետք է լիարժեք կարողանա շփվել իրենից մեծ մարդկանց և անծանոթների հետ: Շատ ագրեսիվ պահելը ևս անհասկանալի բնութագիր է: Օրինակ՝ ես կարող եմ հասկանալ, որ թքում է այդ մարդկանց վրա, ոտքով հարվածում է և հայհոյանքներ է ասում: Վստահ եմ՝ դուք կարդացիք ու մտածեցիք, որ Ձեր երեխային չի վերաբերում իմ գրածը: Սա պարզապես օրինակ է, որ դուք տեսնեք, թե ինչպես կարող է ընկալվել ձեր մեկնաբանությունը: Դիմեք մասնագետի և ստացեք լիարժեք խորհրդատվություն: