«Մազակալումը կարո՞ղ է վկայել կանացի խնդիրների մասին». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը:

Անուն: Նարինե

Հարց: 13 տարի է՝ ամուսնացած եմ, ունեմ մեկ աղջիկ և մինչև այսօր չեմ հղիացել: Հետազոտվել եմ, ունեմ մազակալում, բայց կանացի օրգաների հետ որևէ խնդիր չունեմ: Մի քանի տարի առաջ ես և ամուսինս հետազոտվել ենք, պարզվեց, որ ամուսնուս մոտ ամորձիներից մեկը փոքրացել է: Կարո՞ղ է դա պատճառ հանդիսանալ չհղիանալու համար: Իսկ եթե այո, ի՞նչ կարելի է անել: Նախապես շնորակալություն:

Պատասխան: Իհարկե, նորմալ բեղմնավորման համար անհրաժեշտ է ինչպես արական, այնպես էլ իգական ֆակտորը: Եթե ամուսնու մոտ կա խնդիր, պետք է շտկել խնդիրը: Ձեզ խորհուրդ կտամ անցնել հորմոնալ հետազոտություններ, քանի որ մազակալումը արդեն իսկ խոսում է հորմոնալ խախտման մասին: Դիմեք մասնագետի, ով կներկայացնի հորմոնալ հետազոտությունների ցանկ, ինչպես նաև  հանձնման կարգը, իսկ ամուսինը պետք է անցնի ուրոլոգի խորհրդատվություն:

 

Անուն: Ռոզա

Հարց: Բարև Ձեզ: Եթե ցիկլի օրը մի քանի կաթիլ արյուն է նկատվում, և կա շատ քիչ շագանակագույն արտադրություն, դա կարո՞ղ է հղիության նշան լինել: Նշեմ, որ ամուսնացած եմ արդեն 9 ամիս:

Պատասխան: Հղիության նշանները տարաբնույթ են, և նորմայում արյունային արտադրություն չպետք է դիտվի, սակայն լինում են շեղումներ, երբ դիտվում է արյունային արտադրություն, որը պայմանավորված է մի շարք գործոններով՝ հորմոնալ դիսբալանս, պրոգեստերոնային անբավարարություն, իմպլանտացիոն շեղում, թրոմբոֆիլիկ մուտացիաներ: Շեշտեմ, որ մուգ  շագանակագույն արտադրություն կարող է դիտվել նաև արտարգանդային հղիության ժամանակ: Խորհուրդ կտամ հղիության թեստ անել և դիմել մասնագետի:

 

Անուն: Սաթենիկ

Հարց: Բարև Ձեզ: Ամուսնությունից հետո ունեմ միզուղիների բորբոքում: Հնարավո՞ր է, որ դա լինի չհղիանալու պատճառ: Նշեմ, որ ամուսնացած եմ 4 ամիս: Շնորակալություն:

Պատասխան:  Հարգելի՛ Սաթենիկ, 4 ամիսը դեռևս հղիանալու հետ կապված խնդիրների մասին չի վկայում: Սակայն ցանկացած տեսակի բորբոքային պրոցես կարող է դառնալ անպտղության պատճառ, ուստի հարկավոր է  հետազոտվել:

 

Անուն: Օֆելյա

Հարց: Բարև Ձեզ, ի՞նչ քսուք խորհուրդ կտաք օգտագործել հղիության ընթացքում հղիության զոլերի դեմ: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Կարևորը հղիության առաջին օրերից խոնավացնել մաշկը՝ որևէ խոնավացնող քսուքի կամ յուղերի միջոցով:

 

Անուն: Արփինե 

Հարց: Բարև Ձեզ: Հղիությունս արդեն 13 շաբաթական է: Սեռական օրգաններիս հատվածում առաջացել են հերպեսանման բշտիկներ: Ես հիմա Հայաստանում չեմ, բայց այստեղ անալիզ եմ հանձնել: Հերպեսը հերքվել է: Ի՞նչ կարող է լինել և, արդյո՞ք, վտանգավոր է:

Պատասխան: Անհրաժեշտ է բակտերոլոգիական և ՊՇՌ հետազոտություն՝ հասկանալու համար  բշտիկների ծագումնաբանությունը: Հերպեսանման բշտիկները կարող են վկայել այլ տեսակի ախտահարումների մասին:

 

Անուն: Նարե

Հարց: Բարև Ձեզ: Ի՞նչ դեղամիջոցներ կան՝ սերմնահեղուկը ակտիվացնելու և հղիանալու համար:

Պատասխան: Բարև Ձեզ, պետք է դիմեք ուրոլոգի խորհրդատվության:

 

Անուն: Անի

Հարց: Բարև Ձեզ: Հնարավո՞ր է, արդյոք, չհղիանալ էրոզիայի պատճառով: Դիմել եմ մասնագետի և հանձնել եմ համապատասխան անալիզները: Պարզվել է, որ ամեն ինչ նորմայի սահմաններում է: Մեկ շաբաթ կատարվել է դեղորայքային էրոզիայի մշակում և վերջ: Ասել են՝ ամեն ինչ նորմալ է, սակայն անցել է արդեն մեկ տարի, բայց հղիություն չկա: Ասեմ, որ ունեմ 6 տարեկան տղա:

 

Պատասխան: Էրոզիա ախտորոշում, ըստ  ՀԱԿ-ի, գոյություն  չունի, անհրաժեշտ է հասկանալ՝ ի՞նչն է առաջացրել արգանդի վզիկի ախտահարում և ի՞նչ տեսակ ախտահարում է: Իսկ հղիանալու համար անհրաժեշտ է նորմալ, զարգացած արգանդ՝ ձվարանների նորմալ ձվազատումով (նորմալ հորմոնալ ստատուս), անցանելի արգանդափողեր, կենսունակ սպերմա և այն, ինչը որոշակիորեն վերաբերում է Ձեր հարցին՝ սպերմատոզոիդների համար թափանցելի արգանդավզիկի լորձ: