«Հարաբերությունների ժամանակ կուսազրկում դեռ չի եղել. հիմա հղի եմ, ինչպե՞ս վարվեմ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը:

 

Անուն: Ալիսա

Հարց: Բարև Ձեզ, ես 12 շաբաթական հղի էի, երբ պտղի մոտ նկատեցին արատ  և որոշեցին այն հեռացնել: Խնդրում եմ՝ ասեք՝ դրանից հետո ես կարո՞ղ եմ նորից հղիանալ: Որքա՞ն ժամանակ է պետք, որ կարողանամ նորից հղիանալ:

Պատասխան: Բարև Ձեզ, երբ ցանկանաք, կարող եք հղիանալ:

 

Անուն: Աննա

Հարց: Բարև Ձեզ: Ձվարանների պոլիկիստոզի համար օգտագործում են Յարինա դեղը: Հնարավո՞ր է, արդյոք, միայն այս դեղն օգտագործելով լիովին ապաքինվել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Նախ՝ պետք է հասկանալ, թե պոլիկիստոզը ո՞ր հորմոնի խախտման հետևանքով է առաջացել, այնուհետև պետք է շտկել տվյալ հորմոնալ խախտումը:

 

Անուն: Նելլի

Հարց: Բարև Ձեզ: Ես հորոսկոպով կույս եմ: Դա ինչպե՞ս կազդի իմ հետագա կյանքի, հղիության և սեռական կյանքի վրա:

Պատասխան: Աստղակերպով կշեռքները սովորաբար հարգում են Ձեր՝ կույսերի հումորի զգացումը, հավատացեք, որ Ձեր դրական տրամադրվածությունը միանշանակ դրական է ազդելու թե՛ Ձեր հետագա կյանքի, թե՛ սեռական առողջ հարաբերությունների և թե՛ սպասվելիք հղիության վրա :) Առողջ եղե՛ք և ամենակարևորը՝ միշտ պահպանեք հումորի բարձր զգացումը:

 

Անուն: Սոնա

Հարց: Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ: Ինձ մոտ, ըստ իս, առկա է  կաթնախտ: Ես կերակրում եմ երեխայիս: Խնդրում եմ՝ ասեք՝ ի՞նչ անեմ, որպեսզի կրծքից չկտրեմ փոքրիկիս և ինքս չտառապեմ ցավից ու վերքերից, նաև չվարակեմ երեխայիս: Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:

Պատասխան: Անհրաժեշտ է  հարցն ուղղել մանկաբույժին:

 

Անուն: Նառա

Հարց: Բարև Ձեզ: Մեկ ամիս է՝ ամուսնացած եմ, հարաբերությունների ժամանակ կուսազրկում դեռ չի եղել, ես փոքր-ինչ տեղյակ եմ կուսաթաղանթի տեսակների մասին: Հիմա 1 ամսական հղիություն կա, դիմե՞մ բժշկի, թե՞ սա այն դեպքն է, երբ կուսաթաղանթը պատռվում է ծննդաբերության ժամանակ:

Պատասխան: Անհանգստանալու կարիք չկա, կարևորը՝ հղիությունը նորմալ է ընթանում, իսկ կուսաթաղանթի պատռումը ծննդաբերության ընթացքում տեղի կունենա: Նման դեպքեր շատ հաճախ են պատահում:

 

Անուն: Անուշ

Հարց: Բարև Ձեզ,  որքան ժամանակ էր՝ դաշտան չէի տեսում, հորմոնների հետ կապված խախտումներ ունեի, բժիշկը նշանակեց տրիռեգոլ, 6 ամիս խմեցի, որից հետո ամեն ամիս նորմալ դաշտան էի տեսնում: Հիմա առաջին ամիսն է, որ առանց դեղի, պիտի դաշտան լինի, բայց չի լինում: Ի՞նչ անեմ, մի խորհուրդ տվեք: Նշեմ, որ այս պահին երկրում չեմ և հնարավորություն չունեմ բժիշկի դիմելու:

Պատասխան: Դաշտանային ֆունկցիայի խանգարումը կարող է լինել մի շարք պատճառներով. ամենառաջին պատճառը հորմոնալ խախտումն է, որը դիտվում է Ձեր մոտ՝ հաշվի առնելով այն, որ դուք տեսել եք դաշտան նշված պրեպարատի ընդունումից հետո: Սակայն անհրաժեշտ է կոնկրետ պարզել  Ձեր հորմոնալ ստատուսը, ախտահարման օղակը և վերացնել այն:

 

Անուն: Մարինե

Հարց: Բարև Ձեզ, ի՞նչ հաբեր օգտագործեմ, որ չհղիանամ:

 

Պատասխան: Գոյություն ունեն հղիությունը պլանավորելու բազմաթիվ միջոցներ, այդ թվում՝ դեղահաբեր, սակայն անհրաժեշտ է պարզել Ձեր հորմոնալ ստատուսը, արյան մակարդելիությունը, որից հետո միայն ընտրել համապատասխան դեղատեսակը, որը չի վնասի Ձեր առողջությունը: