«Երեխաս չի խոսում, հաճախ է ջղաձգվում, երբ իր ուզածը չի կարողանում հասկացնել: Ի՞նչ անեմ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Անուն: Լիլիթ

Հարց: Հարգելի բժիշկ, իմ երեխան 1,5 տարեկան է, դեռ չի խոսում, հաճախ է ջղաձգվում, երբ իր ուզածը չի ստանում, կամ չի կարողանում իր ուզածը հասկացնել:  Ի՞նչպես վարվեմ, ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան: Համբերատար սպասեք, համակարգչային խաղերն ու մուլտերը հնարավորինս բացառեք, շփվեք միայն մեկ լեզվով, շատ խոսեք բալիկի հետ, և ամեն ինչ լավ կլինի:


Անուն: Աննա

Հարց: Հարգելի հոգեբան,  ես գտնվում եմ հոգեպես շատ ծանր վիճակում: Ամուսնացած եմ և ամուսնուս հետ ունեմ խնդիրներ: Նա ինձ շատ է սիրել ու իմ հանդեպ միշտ ուշադիր և սիրալիր է եղել, սակայն հիմա իր ծնողների հետ որոշակի բախում եմ ունեցել և հիմա գտնվում եմ իմ հայրական տանը: Նա ինձ ամեն օր զանգում է, խոսում ենք, սակայն զգում եմ, որ մի տեսակ փոխված է, ցրված, ինձ հաճախ է վիրավորում: Ի՞նչ խորուրդ կտաք անել, որպեսզի առաջվա նման ինձ սիրի և ամեն ինչ լինի առաջվա պես: Նախօրոք շնորհակալություն:

Պատասխան: Ցանկացած հարաբերության մեջ տարանջատեք կարևորն անկարևորից: Եթե նույնիսկ իր ծնողների հետ բախման մեջ Դուք եք արդար, կամ նրանք, դա շատ էական չէ: Եթե էական են ձեր հարաբերություններն, ապա ամեն բան արեք՝ այդ հարաբերությունները բարելավելու համար: Դա արեք՝ առանց որևէ մեկին ներգրավելու դրա մեջ:
Ծնողները կարող են միջամտել կամ շատ նրբանկատ չլինել, Դուք նրանց վերաբերմունքի համար Ձեր պահանջներն ուղղեք  ոչ թե ամուսնուն, այլ հենց նրանց: Հիշեք, որ ամուսինն այս իրավիճակում փոքր-ինչ խոցելի դրության մեջ է, քանի որ երկու կողմում էլ իր համար կարևոր մարդիկ են: Փորձեք կենտրոնանալ միայն ձեր հարաբերությունների վրա, հնարավորինս ներողամիտ լինել և անտեսել այն մանրուքները, որոնք Ձեզ համար լուրջ կարևորություն չեն ներկայացնում:
Բոլորի համար լավը լինել հնարավոր չէ, և բոլորից արդարություն սպասելը միամտություն է: Սպասեք դա միայն սիրելի և մտերիմ մարդկանցից, մնացածին մոտեցեք ավելի թեթև:

 
Անուն: Նելլի

Հարց: Հարգելի հոգեբան, բալիկս 1,8 տարեկան է, վերջին 2 շաբաթվա ընթացքում շատ նյարդային է դարձել, սկսել է աչքերը շատ տրորել, մազերին ձեռք տալ, նյարդային շարժումներ անել, շատ է նվնվում, եթե իր ուզածով չէ որևէ բան: Դեռ չի խոսում, շատ քիչ բաներ է կարողանում խոսքով հասկացնել, մնացածը՝ լացով, նվնվալով: Ի՞նչ խորհուրդ կտաք:

 

Պատասխան: Հնարավորինս թուլացրեք լարվածությունը տանը: Երեխային հնարավորինս քիչ դիտողություններ արեք: Վախեցնել, սպառնալ, բղավել և այլ սթրեսային մոտեցումները բացառեք: Շատ խաղացեք, երգեք, հեքիաթ պատմեք, ջրով խաղեր կազմակերպեք, հաճելի և ուրախ շփումն ավելացրեք: Նվազեցրեք կամ առհասարակ դադարեցրեք մուլտերի դիտումը և կտեսնեք՝ երեխան ինչ արագ կսկսի խաղալ ու հանգիստ շփվել:

 


Անուն: Լուսինե

Հարց: Հարգելի հոգեբան, աղջիկս շուտով կդառնա 6 տարեկան, իմ միակ երեխան է, ես իրեն սիրելուց շատ եմ ասում «տուտուզիկդ, ծիծիկդ ուտեմ»: Կողքից ինձ  հանդիմնում են՝ ասելով, որ երեխան արդեն մեծ է, ու պետք է խուսափեմ նման կերպ սիրելուց: Արդյոք, դա վատ կանրադառնա երեխայի հետագա զարգացման վրա:

Պատասխան: Իրականում՝ լուրջ վտանգ չկա նման խոսքեր ասելու մեջ, բայց էսթեթիկ առումով, ինչպես նաև դաստիարակչական առումով այնքան էլ ցանկալի չէ: Բացատրեմ՝ ինչու: Եթե հետագայում Ձեր երեխան նման խոսքեր ասի, օրինակ, սեղանի շուրջ, օտար մարդկանց ներկայությամբ, Դուք նրան հանդիմանելու եք, ինչպես Ձեզ են կողքից հիմա հանդիմանում: Այդ դեպքում ինչու՞ է պետք անել բաներ, որոնք չեք ուզի, որ Ձեր երեխան կրկնօրինակի: Բացի այդ, սեքսուալ բնույթ ունեցող փաղաքշական խոսքերն ու սիրելու ձևերը, գուցե, այնքան էլ չեն համապատասխանում ծնող-երեխա փոխհարաբերություններին: Թող նման խոսքերն իրեն ասի իր սիրելին, երբ նա կմեծանա: Ամեն սեր իր առանձնահատկություններն ունի: Բացի այս ամենը, պետք է մտածել նաև, թե ինչու՞ եք Դուք ցանկանում հենց այդ խոսքերով փաղաքշել Ձեր երեխային, երբ կան բազմաթիվ հաճելի և հատկապես երեխայի համար դաստիարակչական նշանակություն ունեցող բառեր, որոնք կարելի է օգտագործել, ինչպես օրինակ՝ սիրելիս, խելոքս, նախշունս, թանկս, գանձս, հարազատս, կարևորս և այլն: Սրանց փոխարեն, դպրոցահասակ (չնայած՝ տարիքը քիչ նշանակություն ունի, պարզապես փոքր-ինչ հասկանալի է վաղ մանկության շրջանում) երեխային՝ ուտեմ ծիծիկդ, պուպուլիկդ, տուտուզիկդ, ոռիկդ և մնացած նմանատիպ բառեր ասելով՝ ի՞նչ ենք սովորեցնում և ի՞նչ ենք փոխանցում:

Վստահ եմ՝ կարճ ժամանակ հետո Ձեր երեխային ևս դուր չեն գալու այդ փաղաքշական խոսքերը: Սովորաբար ինչ-որ տարիքից ամոթի պատճառով երեխաներն իրենք են դժգոհում այդ խոսքերից:

 


Անուն: Լիլիթ

Հարց: Իմ երեխան արդեն 13 տարեկան է, նրա աճը կանգնել է, ի՞նչ պետք է անել նման դեպքերում:

Պատասխան: Կարծում եմ՝ պետք է դիմել բժշկի:

 

Անուն: Գայանե

Հարց: Սիրելի Անուշ, տղաս 5 տարեկան է, 3 տարեկանում մանկապարտեզ ընդունվեց, մոտ 5 օր ոչ թե գնաց, այլ տարանք: Առաջին օրն, իմ կարծիքով, սխալ մոտցում ցուցաբերեց դաստիարակչուհին`երեխային գրկիցս խլելով ու դուրս տանելով: Ինձ ու տատիկին էլ ուղարկեցին այնպիսի տեղ, որ հանկարծ երեխան մեզ չտեսնի: Հաջորդ օրը ես խնդրեցի որոշ ժամանակ մնալ մանկապարտեզում, մինչև երեխան զբաղմունք գտնի, հետո ես որևէ պատրվակով դուրս կգամ: Բայց ասացին,  որ իրենք վաղուցվա աշխատողներ են, և փորձը ցույց է տվել, որ էդպես երեխան չի սովորում մանկապարտեզին: Մի խոսքով՝ մի քանի օր տատիկը, քարշ տալով, տանում էր, թողնում և վերադառնում: Հետո ես ինքս որոշեցի, որ այլևս պետք չէ երեխային տանել մանկապարտեզ, որովհետև երեխան հիվանդագին է տանում դա: Ոչ մի երեխա էլ սիրով չի գնում, բայց ոչ էսպես: Իմ տղան դեռ երկար ժամանակ մանկապարտեզի շենքի կողքով չէր էլ ցանկանում անցնել: Հիմա արդեն 2 ամիս է՝ սպորտով է զբաղվում, բայց ոչ այնքան սիրով, հայրն է տանում, սպասում է,  բերում: Առհասարակ, կարծում եմ՝ նրան ոչինչ չի հետաքրքում, միայն մուլտերն ու խաղալիքներն են հետաքրքրում: Խնդրում եմ՝ մի քանի խորհուրդ տվեք, մտավախություն ունեմ նաև դպրոց հաճախելու հետ կապված: Շնորհակալ եմ շատ:

Պատասխան: Մուլտերը պակասեցրեք՝ անկախ ամեն ինչից: Այո, սխալ է մոտեցումը եղել: Ամեն ինչին էլ երեխան մի օր սովորում է, Աստված չանի, բայց մանկատանն էլ են երեխաները մի օր դադարում լաց լինել: Ես նման մեթոդներին դեմ եմ: Պետք է փոքր-ինչ թեթևացնել երեխայի համար այս ընթացքը: Փորձեք որոշ խմբակներ տանել մի քանի ժամով: Աստիճանաբար սովորեցրեք, որ իրեն մի ժամով թողնելու եք, հետո վերադառնաք: Դրանից հետո, երբ այդտեղ կսովորի մնալ, փորձեք այլ մանկապարտեզ տանել: Այդ նույն մանկապարտեզի հանդեպ արդեն կա կայուն բացասական վերաբերմունք: