«Սեռական հարաբերությունները շատ կարճ են տևում՝ 1 րոպե: Երբևէ օրգազմի չեմ հասել. ի՞նչ անեմ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

 

Հարցերին պատասխանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը:

Անուն: Վարսիկ

Հարց: Բարև Ձեզ, արդեն ութ ամիս է՝ ամուսնացած եմ, սակայն սեռական հարաբերությունները շատ կարճ են տևում, սովորաբար մինչև մեկ րոպե, սակայն ամուսինս չի ուզում դիմել բժշկի՝ ասելով, որ խնդիրը հոգեբանական է: Ի՞նչ կարող եմ անել, երբևէ օրգազմի չեմ հասել:

Պատասխան: Վաղաժամ սերմնաժայթքումը հաճախ հանդիպող սեքսոլոգիական խնդիրներից է, այն բազմապատճառային է և պահանջում է սեքսոլոգիական հետազոտություններ և բուժում:


Անուն: Անանուն

Հարց: Հարգելի՛ բժիշկ, նկատել եմ, որ ամուսնուս մոտ գիշերները սերմնաժայթքում է լինումԵրբ իրեն ասում եմ՝ նկատել եմ, հերքում է: Ուզում եմ իմանալ՝ ինչ է կատարվում:

Պատասխան: Հավանաբար խոսքը գիշերային երազախաբությունների մասին է, ինչը կարող է պայմանավորված լինել ոչ ռեգուլյար հարաբերություններով /պահանջը ավելին է, քան իրականացվում է/:


Անուն: Արև

Հարց: Հարգելի՛ բժիշկ, ես 21 տարեկան եմ, ամուսնացած եմ, ունեմ 1 երեխա: Ինձ մոտ արդեն 1 տարի է՝ այս խնդիրն է. ունեմ լորձային արտադրություն, և սեքսի ժամանակ ներսս չափից դուրս ջրիկանում է, կարծես, կպչուն լինի: Սա այն աստիճանի, որ ես և ամուսինս ոչինչ չենք հասկանում սեռական հարաբերությունից: Խնդրում եմ՝ ասեք՝ ինչից կլինի և կբուժվի՞ արդյոք: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Առատ լուբրիկացիան երբեմն անհատական առանձնահատկություն է, սակայն սա կարող է նաև կապված լինել կանացի հորմոնալ տեղաշարժերի հետ: Անհրաժեշտ է հետազոտվել և խորհրդակցել նաև գինելոլոգի հետ:


Անուն: Մարիամ

Հարց: Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ։ Շատ եմ խնդրում՝ պատասխանեք իմ այս հարցին. արդեն մի քանի ամիս է՝ ամուսնուս սերմնահեղուկի մեջ նկատում եմ մանր, բավականին մեծ քանակությամբ գնդեր: Սերմնահեղուկի 1/2 մասն այդպիսին է։ Նշեմ, որ մենք ունենք 3,5 տարեկան երեխա, և երեխայիս ծնվելուց հետո սերմնահեղուկը միշտ դուրսն է թափվել:

Պատասխան: Անհրաժեշտ է կատարել սերմնահեղուկի հետազոտություն՝ պարզելու խնդիրների պատճառները: Հավանաբար խնդիրը պայմանավորված է արտահայտված ագլյուտինացիայով, ինչը հնարավոր է կարգավորել:


Անուն: Անանուն

Հարց: Ի՞նչ է մանկական օնանիզմը: Ե՞րբ է պետք անհանգստանալ: Ազդու՞մ է, արդյոք, երեխայի հետագա սեռական զարգացման վրա:

Պատասխան: Մանկական կամ վաղ մինչպուբերտատային մաստուրբացիան համարվում է պաթոլոգիական պրոցես և պահանջում է համակողմանի կորեկցիա: Որպես կանոն՝ այն համապատասխան սեքսոլոգիական կորեկցիայից հետո անհետևանք անցնում է:


Անուն: Անի

Հարց: Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, սեռական հարաբերությունների ժամանակ օրգազմի չեմ հասնում: Ամուսինս կարող է 3 անգամ օրգազմ ապրել, իսկ ես՝ ոչ: Նշեմ, որ հղի եմ՝ չնայած մինչև այդ էլ չեմ կարողացել օրգազմի հասնել, քանի որ շուտ եմ հղիացել ու սրտխառնոց եմ ունեցել հարաբերությունների ժամանակ: Մտավախություն ունեմ, որ ծննդաբերությունից հետո նման կերպ կշարունակվի: Խնդրում եմ՝ օգնեք: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Որպես կանոն՝ այդպիսի խնդիրները ծննդաբերությունից հետո անցնում են, պետք չէ անհանգստանալ: Եթե որևէ խնդիր Ձեզ հետո կանհանգստացնի, կարող եք դիմել սեքսոլոգիական խորհրդատվության:


Անուն: Անի

Հարց: Բարև Ձեզ, ամուսնուս ամորձիների վրա գնդիկներ կան, կասե՞ք՝ դա ինչ է և վտանգավո՞ր է արդյոք առողջության և հղիանալու համար: Շնորհակալ եմ:

Պատասխան: Հարկավոր է անցնել հետազոտություն՝ փոշտի օրգանների սոնոգրաֆիա, որից հետո կորոշվի անհրաժեշտ բժշկական տակտիկան: