«Ամուսինս իմ մասին միայն գիշերն է հիշում. ինչպե՞ս վերականգնեմ նախկին հարաբերությունները». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Անուն: Տաթև

Հարց: Հարգելի
՛ հոգեբան, տղաս շուտով կդառնա 6 տարեկան: Նա գերակտիվ և չենթարկվող է, չի կենտրոնանում: Ես մտահոգվում եմ՝ ինչպե՞ս ենք դպրոց գնալու: Ինչպե՞ս երեխային նախապատրաստեմ դպրոցին:

 

Պատասխան: Եթե երեխան գերակտիվ է, չի ենթարկվում, ունի կենտրոնանալու դժվարություններ, ապա անպայման պետք է երեխային մանկավարժահոգեբանական գնահատման տանել: Այս գնահատումը կարող է անել ցանկացած արհեստավարժ մանկական հոգեբան, որը տիրապետում է երեխայի զարգացման և իմացական ոլորտի ախտորոշման տարբեր գործիքների: Ախտորոշումը միայն նրա համար է, որպեսզի ծնողներն իմանան երեխայի խնդիրների պատճառների մասին, ունենան բավարար գիտելիքներ և ստանան ուղղորդում՝ այդ խնդիրների կանխարգելման համար: Բայց ավելի հաճախ ծնողները դիմում են մասնագետներին տարիների պայքարի ու պրոբլեմներից հետո:

Լավ է, որ անհանգստանում եք, քանի որ գերակտիվ երեխաները հիմնականում ունենում են ուսումնական դժվարություններ, որոնց պատճառը մտավոր ունակությունները չեն, այլ վարքային և այլ առանձնահատկությունները, որոնք կարելի է շտկել:

 


Անուն: Նարե

Հարց: Բարև Ձեզ,
հարգելի՛ բժիշկ, ինչու՞ է փոքրիկիս մոտ ձևավորվել կծելու ռեֆլեքս, կարծես՝ ինքնապաշտպանական ռեակցիա է, որն էլ արդեն փոխանցվել է իրենից 1 տարով մեծ եղբորը: Փոքրիկս 2 տարեկան է:

 

Պատասխան: Կծելը կարող է լինել ինքնապաշտպանական ռեակցիա, երբեմն նաև ատամների ծկթելու շրջանում շատ բնական վարքագիծ, ինչպես նաև ագրեսիայի նշան: Ամենայն հավանականությամբ, երեխան մի քանի անգամ կծել է, Դուք դրան խիստ կամ բուռն արձագանք եք տվել, և երեխայի մոտ ամրապնդվել է այդ վարքը: Մեծ բալիկը ևս կրկնօրինակել է այդ վարքը, որը շատ մեծ ուշադրության է արժանանում:
Սկսեք հնարավորության սահմանում ցրել և ուշադրություն չդարձնել այդ վարքին: Աստիճանաբար կդադարի:

 


Անուն: 
Ռուզան

Հարց: Բարև Ձեզ
, 2 ամիս առաջ երեխայիս կորցրել եմ: Չեմ կարողանում ուշքի գալ, անընդհատ երեխաի մասին եմ մտածում, լաց եմ լինում, կարոտում եմ: Չգիտեմ՝ ի՞նչ անեմ, որ խաղաղվեմ: Խնդրում եմ՝ օգնեք:

 

Պատասխան: Նման կորուստը շատ դժվար և բարդ խնդիր է: Բայց երևի ոչինչ չի կարող ավելի լավ նորոգել մարդուն վշտից հետո, քան ժամանակը: Այս պարագայում ժամանակից ավելի բուժիչ բան չի կարող լինել: Չկան մխիթարական խոսքեր երեխային կորցրած մոր համար: Միայն կարող եմ ասել, որ պետք է ընդունել այն իրականությունը, որը փոխել հնարավոր չէ: Մենք ուրիշ ոչինչ անել չենք կարող: Պետք է սգալ, տխրել և աստիճանաբար դուրս գալ այդ վիճակից:

 


Անուն: Աննա

Հարց: Բարև Ձեզ, հարգելի
՛ հոգեբան, ես 18 տարեկան եմ, ամուսնացած եմ, ամուսինս գիշերները շատ ուշ է վերադառնում տուն, և արդեն գրեթե մեկ ամիս է՝ ոչ մի հարաբերություն չենք ունեցել: Խնդրում եմ՝ օգնեք ինձ. ինչպե՞ս կարող եմ նրան տուն վերադարձնել:

 

Պատասխան: Բարդ հարց է: Հոգեբանությունը չի կարող հեռակա ազդեցություն ունենալ մի մարդու վրա մեկ այլ մարդու միջոցով: Սա մի տեսակ կախարդանքների դաշտից է: Բայց կարելի է պարզապես քննարկել այդ հարցը, բացատրել ամուսնուն Ձեր տեսակետներն ու սպասելքիներն այդ առումով: Հարաբերություններում ամենակարևոր բանը երկխոսությունն է, որը պետք է միշտ թարմ ու ակտիվ պահել: Քննարկեք իր հետ, որ Ձեզ ինչ-որ բաներ են պակասում հարաբերություններում, ինչպես նաև, որ Ձեզ անհանգստացնում է տանից իր երկար բացակայությունը: Քննարկումից ավելի պարզ կդառնա ընթացքը: Աշխատեք քննարկումն անել առանց մեղադրանքների:

 


Անուն: Յանա

Հարց: Ամուսնացած ենք արդեն 4 տարի
: Միշտ էլ կոնֆլիկտներ եղել են, բայց վերջին շրջանում զգում եմ,  որ ամուսնուս և իմ հարաբերությունները սառել են: Նա միայն գիշերներն է հիշում իմ ներկայության մասին, իսկ մնացած ժամանակ, կարծես, չի էլ նկատում ինձ: Չգիտեմ՝ ի՞նչ անեմ: Փորձել եմ խոսել, բայց միանգամից բռնկվում է: Ի՞նչ խորհուրդ կտաք:

 

Պատասխան: Ամուսնական հարաբերություններում սեռական կյանքը շատ մեծ նշանակություն ունի: Եթե նա «հիշում է» Ձեզ գիշերը, ապա դա կարևոր հիմք է՝ հարաբերություններում այլ խնդիրներ լուծելու համար: Գուցե դուք թերագնահատում եք ֆիզիկական սիրո դերը Ձեր կյանքում: Փորձեք ջերմ և հոգատար լինել, ոչ միայն կենցաղային հարցերում, այլև առհասարակ: Եթե նա բռնկվում է խոսելիս, հավանաբար խոսակցությունն սկսվում է մեղադրանքներով ու պահանջներով: Փորձեք այլ կողմից մոտենալ: Հնարավորինս շատ գովեք և խրախուսեք իրեն իր լավ արարքների համար: Սա բոլորին է դուր գալիս: Աստիճանաբար նա կցանկանա անել այն բաներն, ինչի համար իրեն գովում եք անընդհատ:


Անուն: Տաթև

Հարց: Բարև Ձեզ, հարգելի
՛ բժիշկ: Ես ամուսնալուծման փուլում եմ: Աղջիկս 4 տարեկան է: Չնայած նրան, որ նա ոչինչ չի խոսում դրա վերաբերյալ, բայց, վստահ եմ, որ ամեն բան շատ լավ հասկանում է: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վարվեմ: Նշեմ նաև, որ երբեմն ագրեսիվություն եմ նկատում: Բայց լինում է, որ երբ բարկանում եմ, միանգամից սրտին շատ մոտ է ընդունում ու սկսում երկար լացել:

 

Պատասխան: Նման դեպքերում ամենալավ ճանապարհը երեխայի հետ խոսելն է: Ոչ բոլոր երեխաները և ոչ բոլոր դեպքերում են նրանք կարող հստակ հարցեր ձևակերպել և տալ ծնողներին: Շատ հաճախ այդ հարցերն ու անորոշությունները կուտակվում են նրանց ներսում, վերածվում վախերի, տագնապայնության ու անվստահության՝ կյանքի, ծնողների և ինքն իր հանդեպ: Դրանից խուսափելու համար, պետք է երեխային պատմել, թե ինչ է եղել՝ խուսափելով բացասական շատ մեկնաբանություններից, փոխադարձ վիրավորական արտահայտություններից: Պետք է հարգել երեխայի զգացմունքները: Պետք է ամեն ինչ անել, որ երեխան իրեն ոչ մի հարցում մեղավոր չզգա: Երեխաներն այս տարիքում էգոցենտրիկ են և կարծում են, որ իրենց շուրջ տեղի ունեցող ցանկացած բան իրենց մեղքով է տեղի ունենում: Բնականաբար ծնողների ամուսնալուծության փաստն էլ է նա իրեն վերագրում: Պետք է առաջին հերթին երեխային ազատել այդ մեղքի զգացումից: 

 


Անուն: Շուշան 

Հարց: Բարև Ձեզ, խնդրում եմ Ձեզ՝ ինձ խորհուրդ տաք՝ ինչպե՞ս վարվեմ տղայիս հետ: Նա 6 տարեկան է, հաճախում է մանկապարտեզ. Տղաս շատ ինքնամփոփ է, չի կարողանում իրեն պաշտպանել: Եթե ինչ-որ խնդիր է լինում, անմիջապես գալիս, ինձ է դիմում, որ օգնության հասնեմ: Մեր լեզվով ասած՝ շատ խեղճ է:

 

Պատասխան: Եթե երեխան շատ խեղճ է, ինքնամփոփ, ապա առաջին հերթին պիտի մտածեք, թե ինչպիսի վերաբերմունքն ու դաստիարակությունն է իրեն այդպիսին դարձրել: Երեխան կարող է ինքնամփոփ և խեղճ մեծանալ, եթե շրջապատված է բծախնդիր, քննադատող, խստապահանջ, մանրախնդիր, խիստ, կոպիտ, անհանդուրժող, ճնշող մարդկանցով, մեծահասկաներով: Երեխան ուժեղ և անկաշկանդ է մեծանում, եթե իր կարծիքը հաշվի են առնում, իրեն ազատություն են տալիս, հարցնում են իր տեսակետերի ու մտքերի մասին, չեն ծառայում երեխային, այլ հարգալից հարաբերութուններ են ստեղծում խելամիտ սահմաններում:


Անուն: Յանա

Հարց: Բարև Ձեզ: Աղջիկս 3 տարեկան է, վերջերս դարձել է, մեր լեզվով ասած, խոզ: Չի ուզում ոչինչ կիսել իր ընկերուհու հետ կամ չի թողնում՝ նա խաղա իր խաղալիքներով: Նույնը նաև ընկերուհին է, սակայն նա 5 տարեկան է: Ճի՞շտ է նրան ստիպել կիսել իր ունեցածը:
 

 

Պատասխան: Երեխային ստիպել, որպեսզի կիսվի իր խաղալիքներով, պետք չէ: Պետք է պարզապես զարգացնել համատեղ խաղալու կարողությունները: Դուք կարող եք իր հետ էդպես խաղալ, դուք իր հետ կիսեք Ձեր խաղալիքը, իրենից խնդրեք իրենը, փոխանակեք, ոգևորեք համատեղ խաղով, և երեխան կսովորի համագործակցել և չի կառչի կոնկրետ իրերից: Սովորեցրեք երեխային իր խաղընկերոջից խաղալիք խնդրել, փոխանակել խաղալիքները, խնդրել իր խաղալիքը: Նախքան հյուրերի գալը կամ խաղահրապարակ գնալը քննարկեք խաղահրապարակում վարքի կանոններն ու Ձեզ համար ցանկալի վարքը: Մի ասեք, թե ինչ չի կարելի անել, ասեք, թե ինչ եք ուզում, որ անի երեխան: Առհասարակ շատ իրերով մի շրջապատեք, անպատեհ շատ խաղալիքներ ու զբաղվելու իրեր մի գնեք: