«Մեկ շաբաթ է՝ հղի եմ: Կարող եմ սեռական հարաբերություններ ունենալ». պատասխանում է գինեկոլոգը

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողներից մեկը հարց էր ուղղել գինեկոլոգին՝ նշելով.

«Բարև Ձեզ, մեկ շաբաթ է՝ իմացել եմ՝ հղի եմ: Խնդրում եմ, խորհուրդ տվեք՝ ե՞րբ այցելեմ բժշկի, հիմա ինձ ի՞նչ չի կարելի, կարո՞ղ եմ ունենալ սեռական հարաբերություններ»:

Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

 

Բարև Ձեզ, հղիության մասին առաջին տեղեկությունը ստանում ենք դաշտանի ուշացումից հետո՝ թեստի շնորհիվ: Թեստի վրա 2 գծիկի առկայությունը վկայում է հղիության մասին: Հետագա քայլը պետք է լինի բժիշկ-գինեկոլոգին դիմելը: Բժշկի հետ խորհրդատվությունն անհրաժեշտ է՝ ելնելով մի շարք հանգամանքներից: Նախ՝ անհրաժեշտ է համոզվել հղիության առկայության հարցում: Միայն թեստը դրա համար բավական չէ: Այցի ժամանակ խորհուրդ է տրվում անցնել սոնոգրաֆիկ հետազոտություն, որն էլ կհաստատի հղիության առկայությունը: Երկրորդ՝ հղիության առկայությունը հենց արգանդի խոռոչում, ինչով իսկ արդեն կհերքենք հնարավոր արտարգանդային հղիությունը: Եթե կինն ունի արտասեռական կամ սեռական օրգանների հետ կապված հիվանդություններ, ինֆեկցիաներ և այլ խնդիրներ, ապա բժիշկը կձեռնարկի բուժական միջոցառումներ հղիությունը պահպանելու և վերահսկելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է սեռական կյանքին, առհասարակ խորհուրդ է տրվում առաջին եռամսյակում լինել ավելի զգոն, խուսափել այնպիսի դրևորումներից, որոնք կարող են վտանգ հանդիսանալ հղիության ընթացքի համար: