«Ինչպե՞ս կարող եմ երեխայիս մոտ ինքնապաշտպանական բնազդը զարգացնել». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

 

Անուն: Սիրարփի

Հարց: Բարև Ձեզ: Ձեր խորհրդի կարիքն ունեմ: Տղաս 2.8 տարեկան է: Ինչպե՞ս կարող եմ նրա մոտ ինքնապաշտպանական բնազդը զարգացնել:  Երբ դրսում նրան հարվածում են, վախեցած փախչում է: Երբ պահանջում են իր խաղալիքը, վախեցած գցում է այն գետնին՝ մտածելով, որ եթե չտա, իրեն կծեծեն: Չի պայքարում խաղալիքը վերադարձնելու համար, փոխարենը շրջվում է և ինձնից է պահանջում այն: Կարո՞ղ եմ փոխել նրան:

 

Պատասխան: Փորձեք հասկանալ, թե ընտանիքում ինչպիսի մոտեցումների և վերաբերմունքի արդյունք է դա: Կարող է սա լինել երեխայի նկատմամբ խիստ և ագրեսիվ վերաբերմունքի, ինչպես նաև գերխնամքի հետևանքով:
Բացի այդ, այս տարիքի երեխան կարող է պարզապես չիմանալ, թե ինչպես է պետք նման իրավիճակներում իրեն դրսևորի: Դուք փորձեք դրսում օգնել և սատարել երեխային, բայց տանը նրա հետ զրուցեք և բացատրեք, թե ինչ կարող է ինքն անել: Եթե կզգաք, որ երեխան չի կարողանում, դադարեք պահանջել, որովհետև երեխան ավելի անինքնավստահ է դառնում, երբ հասկանում է, որ իրենից մի բան են պահանջում, որն ինքը չի կարողանում կատարել:

Երեխայի ինքնավստահությունը զարգանում է վերաբերմունքով, բացատրություններն ու խրատներն այստեղ չեն օգնում, այլ հակառակն են անում:

Եթե երեխան կարիք ունի աջակցության, աջակցեք, բայց մի արեք ամեն ինչ իր փոխարեն: Պարտադիր չէ, որ երեխան իրեն պաշտպանել կարողանա: Դա նույնիսկ մեծերին է դժվար, երբ շփվում են ագրեսիվ մարդկանց հետ: Երեխայից ավելին մի պահանջեք:

 


Անուն: Անանուն

Հարց: Հարգելի հոգեբան, ամուսնացած եմ արդեն 5 տարի, ունեմ երեխաներ: Ամուսինս ապրում է արտասահմանում,
մենք հազվադեպ ենք հանդիպում: Վերջերս պարզեցի, որ նրա կյանքում ուրիշ կին կա: Ես նրան հնարավորություն տվեցի հանուն մեր երեխաների ուղղվելու, բայց զգում եմ, որ նա ինձ չի սիրում, ամեն պահ վիրավորում է: Մեր մեջ անընդհատ վեճեր են լինում: Խնդրում եմ՝ ասեք՝ ինչպե՞ս վարվեմ, ի՞նչ անեմ: 

Պատասխան: Ամուսնու հետ հանդիպում եք հազվադեպ, նրա կյանքում այլ կին կա, դուք զգում եք, որ նա Ձեզ չի սիրում, նա Ձեզ հաճախակի վիրավորում է…

Շատ բարդ հարց եք տալիս, որին,  Ձեզնից բացի, որևէ մեկը չի կարող պատասխանել: Հարաբերությունները վերականգնելու համար մարդիկ պիտի ունենան ծանրակշիռ պատճառներ: Եթե Դուք ունեք այդպիսի պատճառներ, ապա կարող եք փորձել վերականգնել: Բայց, եթե հարաբերություններում չկա սեր, հարգանք, շփում, այսինքն՝ ինքնին հարաբերություններ չկան, ապա ի՞նչը վերականգնելու մասին է խոսքը:

Բացի այդ, հարաբերությունները կարելի է վերականգնել, եթե երկու կողմն է ջանք թափում այդ ուղղությամբ: Միակողմանի արված քայլերը պարզապես էներգիայի կորուստ են:

 


Անուն: Նարինե

Հարց: Երեխաս 2.3 տարեկան է, փոխել է բնավորությունը
, դարձել կամակոր, ինչ-որ անհեթեթ բանի համար ժամերով լացում է, ինձ խփում եւ ստիպում կատարել իր ցանկությունները, մի խոսքով՝ օրվա մեծ մասն ինքն ինչ-որ առիթ է փնտրում, որպեսզի լացի: Օգնեք: 

Պատասխան: Հնարավորինս քիչ կատարեք լացով պահանջածը: Եթե լացելու դեպքում կատարում եք իր ցանկությունը, լացը դառնում է Ձեզ կառավարելու լավագույն միջոցը: Դադարեք լացին մեծ կարևորություն տալ, եթե խոսքը կոնկրետ պատճառով լացին չի վերաբերում: Առանց պատճառի ու կարիքի լացին հնարավորինս թեթև վերաբերեք, մի արձագանքեք, շեղեք նրան:

 


Անուն: 
Լիանա

Հարց: Բարև Ձեզ
: Խնդրում եմ՝ օգնեք. Ինչպե՞ս կարելի է 6 ամսական բալիկին iնքնուրույն քնին սովորեցնել:  Քնում է գրկիս, հենց փորձում եմ պառկեցնել իր մահճակալին, արթնանում է ու սկսում լաց լինել: 

Պատասխան: Պիտի աստիճանաբար սովորեցնեք առանձին քնելուն: Սկզբում իր կողքին պառկելով, ապա աստիճանաբար ուղղակի ձեռքով շոյելով և այլն: Աստիճանաբար պիտի անեք, որ երեխան կտրուկ անցում չզգա: Եթե գրկում քնելուց հետո անմիջապես դնեք մահճակալիn, բնականաբար, չի քնի: Նրան գրկած պառկեք կամ կողքին պառկեք: Աստիճանաբար տարեք նրան, որ սովորի առանձին քնելուն: Սա արեք, առանց կտրուկ փոփոխությունների:

 


Անուն: Նարինե


Հարց: Բարև Ձեզ: Տղաս 2.7 տարեկան է, շատ կապված է հայրական պապիկի հետ: Շատ ագրեսիվ է: Ամեն ինչն իր ուզածով է լինում, հիմա էլ հաճախում է մանկապարտեզ ու ավելի ագրեսիվ է դարձել: Միշտ  պապիկի անունն է տալիս (ինձ տեսնել չի ուզում): Չգիտեմ արդեն՝ ինչ կարելի է անել: Նշեմ, որ առաջին թոռն է: 

Պատասխան: Ակնհայտ է, որ պապիկը կատարում է երեխայի բոլոր խնդրանքներն անխտիր և դրանով իսկ խանգարում երեխայի բնականոն զարգացմանը: Երեխան առողջ է զարգանում, եթե կան խելամիտ սահմանափակումներ և կանոններ: Դրանց բացակայության դեպքում երեխան վարքի և հուզական ոլորտի խնդիրներ է ունենում: Ճիշտ կլինի, որ Դուք ընտանեկան խնդիրը լուծեք: Խոսեք Ձեր ամուսնու հետ և որոշում կայացրեք: Դա երեխայի խնդիրը չէ:

 

Անուն: Անանուն

Հարց: Աղջիկս 3 տարեկան 2 ամսական է և անընդհատ իր պորտի հետ է խաղում: Կար ժամանակ, որ դա անում էր միայն քնելիս, իսկ հիմա, երբ
տեսնում է, որ ուշադրության կենտրոնում չէ, կրկին նույնն է անում: Խնդրում եմ՝ ասեք՝ սա համարվում է խնդիր, և եթե այո, ի՞նչ լուծում կառաջարկեք:

Պատասխան: Դա կրկնվող, կպչուն գործողություն է, որը խոսում է տագնապայնության մասին: Ճիշտ կլինի՝ խորհրդակցեք մանկական հոգեբանի հետ: Բարդ բան չկա: Հոգեբանը կպարզի, թե տագնապի պատճառը որն է: Գուցե միայն խորհրդատվությունը բավարար լինի խնդիրը լուծելու համար: