«Արդեն 3 ամիս է՝ ամուսնացած եմ, չեմ հղիանում: Կարո՞ղ եք օգնել ինձ՝ հասկանալու պատճառը». պատասխանում է գինեկոլոգը

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողներից մեկը հարց էր ուղղել գինեկոլոգին՝ նշելով.

Հարց 1. «Բարև Ձեզ: Ես 18 տարկան եմ, ամուսնացած չեմ, ունեմ դաշտանի ուշացում: Հունիսի 28-ին պետք է ունենայի դաշտան, բայց մինչև հուլիսի 9-ը դաշտան չեմ ունեցել: Սպիտակ լորձանման արտադրություն ունեմ: Ի՞նչ խնդիր կարող է լինել»:

Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

     -   Բարև Ձեզ, եթե առկա է դաշտանի ուշացում, ապա դիմեք գինեկոլոգի՝ պարզելու պատճառը: Պատճառները շատ են՝ սկսած կլիմայական փոփոխություններից, սննդակարգից, ֆիզիկական գերծանրաբեռնվածությունից, սթրեսից, մինչև ավելի լուրջ պատճառներ՝ հորմոնալ խախտումներ, արտասեռական այլ հիվանդություններ, որոնք կարող են ազդել ցիկլի վրա: Լորձային արտադրության պատճառը պարզելու համար անհրաժեշտ է հետազոտություն: Եթե օրգանիզմում կան բորբոքային պրոցեսներ՝ մրսածություն կամ նման երևույթ, նկատվում է օվուլյացիայի շրջանում (արդյո՞ք Ձեզ մոտ միայն դաշտանի բացակայության ընթացքում կա լորձային արտադրություն), միայն պատճառը և բնույթը պարզելուց հետո կարելի է ստանալ համապատասխան բուժում:

 

Հարց 2. «Բարև Ձեզ: Արդեն 3 ամիս է՝ ամուսնացած եմ, չեմ հղիանում: Կարո՞ղ եք օգնել ինձ՝ հասկանալու պատճառը: Նշեմ նաև, որ չենք պաշտպանվում»:

 

Պատասխան. Բարև Ձեզ, նախ` նշենք, որ սեռական ազատ հարաբերությամբ ապրելով՝ 1 տարի և ավելի չհղիանալու պարագայում նոր կարելի է անհանգստանալ: Բայց եթե հղիության ցանկությունն այդքան մեծ է և շտապ, ապա անհրաժեշտ է անցնել մի շարք հետազոտություններ՝ պարզելու հղիության բացակայության պատճառը: Պատճառների մեջ առանձնացնում ենք իգական և արական: Արական պատճառների հիմքում հիմնականում ընկած են սերմնահեղուկի քանակական և որակական հատկանիշները, մինչդեռ իգական պատճառներն ավելի շատ են՝ սկսած իգական սեռական օրգանների անատոմիական կառուցվածքից մինչև հորմոնալ շեղումներ, ինչպես նաև արտասեռական հիվանդությունների  և սեռավարակների առկայությունը: Բուն պատճառը պարզելու համար անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի, ով մանրակրկիտ անամնեզ հավաքելուց հետո կուղղորդի Ձեզ ճիշտ հետազոտության: