«Փոքրիկս հրաժարվում է կաթնամթերքից. վտանգավո՞ր է օրգանիզմի համար» . «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը:

Անուն: Նարինե

Հարց: Հարգելի բժիշկ, իմ փոքրիկը շուտով կդառնա 9 ամսական: Ծնվել է 3 կգ 300 գրամ, հիմա կշռում է 8 կգ 800 գրամ: Արդյոք նորմա՞լ է երեխայիս աճը:

Պատասխան: Հարգելի Նարինե, Ձեր երեխայի քաշը համապատասխանում է տարիքային նորմին, անհանգստանալու կարիք չկա:

 

Անուն: Մելինե

Հարց: Բարև Ձեզ, աղջիկս 2 տարեկան է: Արդեն 1,5 տարի է՝ փորկապություն ունի: Տարբեր բժիշկների մոտ ենք տարել, տարբեր դեղամիջոցներ ենք օգտագործել, նույնիսկ ռենտգեն ենք արել, սակայն ոչ մի բան չի հայտնաբերվել: Երկու օրը մեկ անգամ գլիցերինի մոմիկ ենք դնում: Ինչը՞ կարող է փորկապության պատճառ  լինել:

Պատասխան: Հարգելի Մելինե, քանի որ Ձեր բալիկը կարիք ունի հետազոտության և մասնագետի հսկողության, կարող եք դիմել մանկական գաստրոէնտերոլոգիական կենտրոն, որը գտնվում է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում:

 

Անուն: Սուսաննա

Հարց: Բարև Ձեզ, իմ տղան 1 տարեկան 7 ամսական է և ունի ատամ: Ես անհանգստանում եմ, սակայն տեղի մանկաբույժը որևէ խնդիր չի տեսնում, խնդրում եմ՝ ասեք՝ մասնագետին դիմելու անհրաժեշտություն կա՞:

Պատասխան: Հարգելի Սուսաննա, Ձեր հարցն անհասկանալի է , ուստի խնդրում ենք՝ ավելի մանրամասն նկարագրեք խնդիրը, քանի որ 1 տարեկան երեխան պետք է ունենա ոչ միայն ատամ, այլև ատամներ:

 

Անուն: Արփինե

Հարց: Բարև Ձեզ, իմ տղան 1.5 տարեկան է և արդեն 4 ամիս է՝ քաշն 9 կգ է: Նշեմ, որ կուրծք է ուտում:

Պատասխան: Հարգելի Արփինե, չնայած, որ համաշխարհային առողջապահական կազմակերպության փարձագետները խորհուրդ են տալիս երեխային կրծքով կերակրել մինչև  2 տարեկանը, և մեր կողմից սխալ կլինի Ձեզ այլ խորհուրդ տալ, բայց փորձը ցույց է տալիս, որ երեխաները, որոնք 1 տարեկանից հետո էլ սնվում են բացարձակապես կրծքի կաթով, ունենում են նմանատիպ խնդիրներ, երևի թե այս խնդիրը կապված է կրծքի կաթի որակի հետ: Խորհուրդ եմ տալիս երեխային անպայման տալ հավելյալ սնունդ, խորհրդակցեք Ձեր տեղամասի մանկաբույժի հետ, ով Ձեզ կուղղորդի սննդակարգի հետ կապված հարցերում:

 

Անուն: Լիանա

Հարց: Բարև Ձեզ: Փոքրիկս 3 տարեկան է: Կաթնամթերք չուտելը կարո՞ղ է աչքերի տակ այտուցվելու պատճառ լինել:

Պատասխան: Հարգելի Լիանա, չեմ կարծում, որ աչքերի տակ առաջացած այտույցները կապված լինեն սննդային ռացիոնի հետ, եթե դա կանստիտուցիոնալ չէ,  խորհուրդ եմ տալիս կատարել արյան հետազոտություն՝ երեխայի  մարսողական և միզային համակարգերի  գործունեությունը ստուգելու ուղղությամբ:

 

Անուն: Վարդուհի

Հարց: Բարև Ձեզ, ինչպե՞ս մաքրեմ երեխայի լեզուն սպիտակ փառից: Նախապես շնորհակալութուն:

 

Պատասխան: Հարգելի Վարդուհի, դա կոչվում է կաթնախտ, բերանի խոռոչի սնկային հիվանդություն է : Մաքրում են սոդայաջրի թույլ լուծույթով և փափուկ թանազիվե անձեռոցիկով:  Օրը մեկից երկու անգամ: