«2.5 տարեկան երեխան դեռ պարզ չի խոսում: Անհանգստանալու կարիք կա՞». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը:

Անուն: Անի

Հարց: Բարև Ձեզ, աղջիկս արդեն 4 տարեկան է և հաճախակի է հիվանդանում: Ունի անգինա: 2 օր է, ինչ ձախ ականջի (հարականջային մասում) գեղձի շրջանում փոքր գնդի չափ ուռածություն կա: Ի՞նչ կարող է լինել, նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի՛ Անի, ընդհանուր առմամբ, եթե երեխաները երկու անգամից ավելի են հիվանդանում նշիկների թարախային բորոբոքումով,  համարվում է, որ օրգանիզմում  քրոնիկ թարախային օջախ կա:  Խորհուրդ է տրվում նշիկները հեռացնել: Իսկ լիմֆատիկ գեղձի բորբոքումն օրգանիզմի պատասխան ռեակցիան է քրոնիկ թարախային պրոցեսի նկատմամբ:

 

Անուն: Արմինե

Հարց: Բարև Ձեզ, 2.5 տարեկան երեխան դեռ պարզ չի խոսում: Անհանգստանալու կարիք կա՞: Ամեն բան հասկանում է, խոսում է, բառակապակցություններ է ասում, բայց ոչ պարզ:

Պատասխան: Հարգելի Արմինե, եթե երեխայի մոտ չկա խոսքի արգելակված վիճակ, մտամոլոր վիճակ, երեխան կոնտակտի մեջ հեշտությամբ է մտնում, մտավոր զարգացման այլ շեղումներ չկան, ակտիվ խաղում է խաղալիքներով, անհանգստանալու կարիք չկա: Հատկապես՝ Դուք նշեցիք, որ նա բառակապակցություններ է ասում,  2 տարեկան երեխայի բառապաշարը պետք է հարուստ լինի մոտ 30 բառով: Իսկ ամեն դեպքում, եթե անհանգստություն ունեք, կարող եք դիմել լոգոպեդի ծառայության:

 

Անուն: Մարթա

Հարց: Բարև Ձեզ: Աղջիկս 3 ամսական է, վերջերս նկատեցի, որ աղջկաս ազդրերի վրա ծալքերը ծնկից վերև անհամաչափ են, այսինքն՝ մի ոտքի վրա երկուսն են, մյուսի վրա՝ երեքը: Դա դիսպլազիա կարո՞ղ է լինել: Ի՞նչ պետք է անեմ: 2 օրից բժշկի ենք գնալու, շատ եմ վախենում:

Պատասխան: Հարգելի Մարթա, ներկայում  որոշ ծննդատներում, այդ թվում՝ նաև մեր, կատարվում է կոնքազդրային հոդերի սքրինինգ հետազոտություն. եթե Ձեր բալիկին ծննդատանը չեն կատարել այդ հետազոտությունն, ապա խորհուրդ կտայի դիմել Արաբկիր ԲԿ  մանկական օրթոպեդ-տրավմատոլոգներին՝ խորհրդատվության:

 

Անուն: Անահիտ Սարգսյան

Հարց: Բարև Ձեզ, տղաս 5 տարեկան է, քնած ժամանակ շնչառությունը ծանրանում է, խոսում է քթի մեջ, հաճախակի հիվանդանում է գրիպով և հարբուխով, իսկ վերջերս գանգատվում է, որ ոտքերը ցավում են և շուտ է հոգնում: Ի՞նչն է պատճառը:

Պատասխան, Հարգելի Անահիտ, չի բացառվում , որ Ձեր երեխայի մոտ վերին շնչուղիների ադենոիդների առկայություն կա, անպայման դիմեք մանկական քիթ-կոկորդ-ականջ մասնագետի՝ ախտորոշումը ճշտելու և հետագա բուժական տակտիկան ընտրելու նպատակով:

 

Անուն:  Անի

Հարց: Բարև Ձեզ, իմ փոքրիկը 3 ամսական է, շատ ու հաճախակի փսխում է (ծնված օրից ի վեր): Քաշը նորմալ է ավելանում: Ինչի՞ց կլինի դա և ի՞նչ անել: Նախապես շնորհակալություն:

 Պատասխան: Հարգելի Անի, եթե երեխայի քաշը բավարար ավելանում է, ապա  փսխումները կարող են կապված լինել ստամոքսում օդի առկայության հետ, որն առաջանում է  ուտելու ժամանակ: Ուղղահայաց դիրքով երեխային գղտացրեք մի քանի անգամ ուտելուց հետո: Կարծում եմ՝ փսխումները կպակասեն:

 

Անուն: Կարինե

Հարց: Հարգելի բժիշկ, երեխաս արդեն 4 տարեկան է: Գիշերը տակդիր ենք օգտագործում, ցերեկը՝ ոչ: Ցերեկվա ժամերին, երբ ուզում է միզել, ինձ զգուշացնում է և տակը չի անում: Սակայն ես չեմ կարողանում նրան սովորեցնել , որ չկեղտոտի տակը: Նա հրաժարվում է օգտվել գիշերանոթից կամ զուգարանից: Փորձում է մի անկյուն գտնել, որ իրեն որևէ մեկը չնկատի: Հետո գալիս-ասում է, որ տակն է արել: Ամեն ձևով փորձում եմ նրան համոզել, բայց չի ստացվում: Խնդրում եմ՝ ինձ մի խորհուրդ տվեք: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Կարինե, նման իրավիճակը նորմայից շեղում եմ համարում և խորհուրդ եմ տալիս դիմել մանկական հոգեբանի կամ նյարդաբանի:

 

Անուն: Արփի

Հարց: Բարև Ձեզ: Փոքրիկս 3,5 տարեկան է, շատ հաճախ է հիվանդանում, կարելի է ասել, որ ամբողջ ամիս քթի կաթիլներ ենք կաթեցնում: Պարզվեց՝ ունի ադենոիդ, որն էլ շնչառական հիվանդությունների հիմնական պատճառներից է: Խնդրում եմ՝ ասեք՝ հնարավո՞ր է դեղորայքով բուժել: Որքա՞ն կտևի բուժումը: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Արփի, ցավոք սրտի, արդի բժշկությունը խորհուրդ է տալիս ադենոիդները հեռացնել վիրահատական ճանապարհով: Ամեն դեպքում այցելեք մանկական քիթ-կոկորդ-ականջաբանին:

 

Անուն: Նունե

Հարց: Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ ասեք՝ նորածինն ի՞նչ ներքնակի վրա պետք է քնի: Շնորհակալություն: 

Պատասխան: Հարգելի Նունե, ցանկալի է միջին փափկության, բնական (բդրյա կամ բամբակյա)  ներքնակ լինի: