«Ինչպե՞ս բալիկիս կտրեմ կրծքից: Ի՞նչ դեղ և ի՞նչ չափով խմեմ, որ կրծքերս չլցվեն». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները  

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը:

 

Անուն: Լիլի

Հարց: Բարև Ձեզ, աղջիկս 4 տարեկան է և արդեն 3 օր է` հեշտոցից դեղնավուն լորձանման արտադրություն եմ նկատում, որն անհանգստացնում է փոքրիկիս, նշեմ նաև, որ գրիպային վիրուս է իր մոտ, և երեկ կղանքի մեջ էլ լորձային զանգված կար: Հնարավո՞ր է՝ հեշտոցային արտադրությունը վիրուսից լինի, թե՞ խնդիրն ավելի լուրջ է: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի՛ Լիլի, հեշտոցից արտադրության առկայության դեպքում խորհուրդ է տրվում անցնել արտազատուկի բակտերիալ հետազոտություն, հատկապես եթե առկա է տհաճ հոտ, կամ գույնը թափանցիկ չէ:

 

Անուն: Նունե

Հարց: Բարև Ձեզ, տղաս 3 ամսական է, հոնքերի արանքում կարմիր գույնի բիծ կա: Լացելիս մուգ գույն է դառնում, հանգիստ վիճակում՝ բաց: Ի՞նչ անեմ, որ լրիվ անցնի:

Պատասխան: Հարգելի՛ Նունե, դա ինքնուրույն չի անցնում, ժամանակի ընթացքում կարող է մաշկի պիգմենտացիայի փոփոխության հետ ավելի աննկատ դառնա, լացի և  հետագայում էմոցիաների փոփոխության ժամանակ  կարող է արտահայտվել: Սա կոչվում է հեմանգիոմա: Խորհուրդ է տրվում դիմել դիմածնոտային վիրաբույժների խորհրդտավության, եթե նկատվում է չափսերի մեծացում և մաշկի մակարդակից ավելացում:

 

Անուն: Աստղիկ

Հարց: Բարև Ձեզ: Իմ բալիկը 4 ամսական է և սնվում է բացառապես կրծքի կաթով: Ե՞րբ կարելի է հավելյալ սնունդ տալ, ինչի՞ց սկսել: Կարելի՞ է ջուր տալ, թե՞ դեռ ոչ: Շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի՛ Աստղիկ, կրծքով կերակրումը մինչև 6 ամսական խրախուսվում է, փոխարինում է հեղուկների պահանջին առավելապես ցուրտ եղանակներին, 6 ամսականից կարող եք ներառել հավելյալ սնուցում՝ խորհրդակցելով Ձեր տեղամասի մանկաբույժի հետ:

 

 

Անուն: Ֆլորա

Հարց: Բարև Ձեզ, փոքրիկս 2 տարեկան է, 2 օր առաջ գիշերը փսխեց, հաջորդ օրը ջերմությունը բարձրացավ մինչև 38 աստիճան, իսկ հիմա բերանի եզրային հատվածում՝ ներսի կողմից, թարախակալում եմ նկատում, որը ստոմատիտ չէ: Ի՞նչ կարող է լինել և ինչպե՞ս բուժել: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգելի՛ Ֆլորա, ինչու՞ եք համոզված որ դա ստոմատիտ չէ, հնարավոր է նաև, որ դա լինի հերպես: Ցանկալի է, որ այցելեք մանկաբույժի: Այցելության ժամանակ էլ բժիշկը կուսումնասիրի այն, որովհետև այդ երկու հիվանդությունների ժամանակ բուժումները տարբեր են:

 

Անուն: Վերոնիկա

Հարց: Երեխաս 1,5 տարեկան է, շրթունքին հերպես էր եղել, հետո դեմքին ու ականջներին տեղ-տեղ եղավ: Հիմա «Ադամանդե կանաչ» (զելյոնկա) եմ օգտագործում: Կասեք՝ հետազոտության կամ բուժման կարիք կա՞:

Պատասխան: Հարգելի՛ Վերոնիկա, քանի որ հերպեսի և ջրծաղկի հարուցիչը նույնատիպ վիրուս է, պետք է ճշտել՝  ջրծաղի՞կ է, թե՞ ոչ: Ջրծաղիկն ունի բարձր վարակելիություն:

 

Անուն: Լուսինե

Հարց: Երիկամային պոլիկիստոզն ինչպե՞ս է արտահայտվում երեխայի մոտ, ինչպիսի՞ նշաններ պետք է լինեն, որ նման կասկած առաջանա:  Երեխան 5 տարեկան է, միզելու հետ խնդիր չունի, պարզապես ընտանիքում եղել է պոլկիստոզով հիվանդ մարդ: Ուզում եմ հասկանալ՝ իմ բալիկի մոտ կա՞ նման բան: Սոնոգրաֆիա անելուց վախենում եմ:

Պատասխան: Հարգելի՛ Լուսինե, արտաքինից որևէ ախտանիշ երիկամի պոլիկիստոզը չունի. եթե կա գենետիկ ֆակտոր, ապա անպայման պետք է կատարել ուլտրաձայնային հետազոտություն, չնայած որ վերջին տասնամյակներում հղիների հետազոտության ժամանակ համարյա միշտ պտղի մոտ ախտորոշվում է երիկամների տարբեր տեսակի հիվանդություններ, այդ թվում՝ նաև պոլիկիստոզ:

 

Անուն: Սոնա

Հարց: Բարև Ձեզ, իմ բալիկը 1 տարեկան, 6 ամսական է, մինչև 1 տարի 4 ամսականը բացարձակապես կրծքով է սնվել: Հաճախ է հիվանդանում: Վերջերս ամեն օր ջերմում էր: Անալիզներով պարզվեց, որ  միզուղիներում ինֆեկցիա կա: Ամեն հնարավորն արվել է Արաբկիր ԲԿ-ում, սակայն ասացին, որ կրկնվելու վտանգ կա: Ի՞նչ անեմ, որ բալիկս նույն վիճակում չհայտնվի: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգելի՛ Սոնա, իհարկե կրծքով երկարատև կերակրումը կանխում է երեխաների մոտ հաճախակի հիվանդացությունը, սակայն չի ապահովագրում հիվանդանալուց: Միզուղիների ինֆեկցիոն հիվանդությունը լուրջ հիվանդություն է և գրեթե միշտ պահանջում է մասնագետների պարբերական հսկողություն:

 

Անուն: Զարուհի

Հարց: Բարև Ձեզ, խնդրում եմ՝ ինձ ասեք՝ ինչպես բալիկիս կտրեմ կրծքից,  նա 2.1 տարեկան է: Ես ի՞նչ դեղ և ի՞նչ չափով խմեմ, որ կրծքերս չլցվեն: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգելի՛ Զարուհի, ավելի հեշտ է երեխային կրծքից կտրել վաղ տարիքում: Այդ դեպքում կրծքով սնվելը չի ամրապնդվի որպես սովորություն: Իհարկե, այդ տարիքում կրծքից կտրելը երեխայի համար ծանր սթրես է համարվում, ուղղակի պետք է չկերակրեք, համբերատար դիմանաք երեխայի լացին,  քմահաճույքին, իսկ ձեզ մոտ կաթը ինքնությույն հետ կքաշվի, պետք է միայն կթիչով պարբերաբար կթել, դատարկել կրծքերը:

Անուն: Մարինե

Հարց: Բարև Ձեզ, իմ երեխան 9 ամսական է: Քնի մեջ լացում է, չենք կարողանում արթնացնել նրան,  լրիվ թուլանում է և ձայնը փոխած է լացում, ճչում է, նվում, կարծես ցավում է ինչ-որ տեղ: Դա տևում է 10-15 րոպե և նույնիսկ ավելի: Փորձել եմ ջուր ցողել, անգամ թշիկներին եմ հարվածել, ոչինչ չի օգնում: Խնդրում եմ՝ մի խորհուրդ տաք, ի՞նչ կարող եմ անել, որ չկրկնվի սա, ինչի՞ց կարող է այն առաջանալ, հնարավո՞ր է՝ դա լուսնոտություն լինի: Շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի՛ Մարինե, ես չէի շտապի անժամանակ ենթադրություններ կատարել, իհարկե, պետք է ուշադիր լինել և հսկել երեխային, կարծում եմ, որ դա պայմանավորված է գիշերային երազներով, քանի որ այդ տարիքում երեխաների հոգեկան, հուզակական դաշտը սկսում է ձևավորվել, և վատ երազները կարող են գիշերային անհանգստության պատճառ լինել: