«Երեխան տարբեր առարկաներով փորձում է դիպչել իր սեռական օրգանին: Վտանգավո՞ր է». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները 

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը:

 

Անուն: Անահիտ


Հարց: Բարև Ձեզ: Քույրիկիս աղջիկը 4 տարեկան է, տակդիր չի հագնում, արդեն 2 տարի է՝ անընդհատ ուշադրություն է դարձնում սեռական օրգաններին, տարբեր առարկաներով փորձում է դիպչել, օրվա մեջ հաճախակի անում է այս գործողությունը: Խնդրում եմ՝ ասեք՝ ինչի՞ պատճառով է սա և ինչպե՞ս ուղղել: 

Պատասխան: Բարև Ձեզ, դրանք մանկական մինչպուբերտատային պսևդոմաստուրբացիայի էլեմենտներ են, որոնք երբեմն դիտվում են երեխաների մոտ: Պետք է անել ամեն բան` հնարավորինս կանխելու այդ երևույթի խորացումը: Առաջին հերթին անհրաժեշտ է այդ ժամանակ նրբանկատորեն շեղել երեխայի ուշադրությունը, զբաղեցնել տարբեր խաղերով՝ առանց պատժելու կամ կենտրոնանալու այդ երևույթի վրա: Նաև անհրաժեշտ է բացառել հելմինթների և հեշտոցի բորբոքային-սնկային ախտահարումը: Վերջինս հնարավոր է լինի երեխայի` անտիբիոտիկ ընդունելու հետևանքով:

 

Անուն: Լիաննա


Հարց: Բարև  Ձեզ, տղաս  2 տարի  6 ամսական է, մի անգամ  մանկաբույժը   ֆիմոզ  արձանագրեց  տղայիս  մոտ, ես  հետաքրքրվեցի   ու  ինձ  ասացին, որ  մինչև   3  տարեկանը   անհրաժեշտ  չէ  վիրահատություն: Մի  քանի  օր  առաջ  լողացնելիս  բացեցի  փոքրիկիս   առնանդամը  ու  շատ  տարբերություն   նկատեցի՝  կաշին  շատ  ավելի  էր   հետ գնում, քան առաջ էր: Խնդրում   եմ՝  ասեք՝  հնարավո՞ր  է՝  ինքն  իրեն  բացվի: 

Պատասխան: Այո, հնարավոր է, երբ ճիշտ է իրականացվում  սեռական օրգանների հիգիենան: Ցանկալի է նաև մանկական վիրաբույժի կամ ուրոլոգի խորհրդատվությունը:

 

Անուն: Անի

Հարց: Ամուսինս ինձ հետ հարաբերութուն չի ունենում: Եթե անգամ ունենում ենք, վերջում հեղուկ չի արտադրվում: Ի՞նչն է պատճառը: 

Պատասխան: Այդ պարագայում, կարծում եմ, ամուսնու մոտ առկա է ցածր սեռական ցանկություն կան սեռական ցանկության բացակայություն: Այն բազմապատճառային է ՝ պայմանավորված թույլ սեռական կոնստիտուցիայով, հորմոնալ խնդիրներով, միջանձնային պրոբլեմային հարաբերություններով և այլն: Սեքսոլոգիական բուժումը այս պարագայում արձանագրում է բարձր արդյունավետություն:

 

Անուն: Կարեն

Հարց: Բարև Ձեզ, ես Կարենն եմ, 15 տարեկան եմ, մոտ 2 տարի է՝ իմ սեռական օրգանի վրա առաջացել է սպիտակ, ոչ այնքան մանր ցան: Վտանգավո՞ր է: 

Պատասխան: Ցանը կարող է տարբեր խնդիրների մասին վկայել, ուստի անհրաժեշտ է բժշկի զննում անցնել և հետազոտվել:

 

Անուն: Լիանա

Դեկտեմբերի 1-ին զրկվել եմ կուսությունից, այդ օրից ի վեր սեռական հարաբերություն չեմ ունեցել, ինձ վատ եմ զգում՝ գլխապտույտ, տրամադրության անկում: Վերջին դաշտանս եղել է նոյեմբերի 27-ին: Հնարավո՞ր է՝ հղիություն լինի առաջին հարաբերությունից հետո: Թեստ անե՞մ, դիմե՞մ բժշկի, թե՞ սպասեմ:

Պատասխան: Միանշանակ պետք է հղիության թեստ անել, կատարել սոնոգրաֆիա և այցելել գինեկոլոլոգի:

 

Անուն: Մարինա

Հարց: Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ ինձ օգնեք, քանի որ այս լուրջ խնդրի պատճառով ընտանիքս փլուզման եզրին է: Արդեն 4 ամիս է՝ ամուսնացած ենք ու դեռ սեռական հարաբերություն չենք ունեցել: Մինչև ամուսնությունը ինձ մոտ սեռական հարաբերության հանդեպ վախ չի եղել, հիմա ես ոչ մի կերպ չեմ կարողանում հաղթահարել վախս: Ես չունեմ ցանկություն, դա ինձ համար տանջալի մի բան է թվում: Ես ամուսնուս սիրում եմ, բայց երբ նա մոտենում է, փորձում մի փոքր ներհրել, ես միանգամից հրում եմ նրան, թույլ չեմ տալիս, քանի որ վախենում եմ: Դիմել եմ գինեկոլոգի, ով ասաց, որ ինձ մոտ ոչ մի խնդիր չկա, հիմա խնդրում եմ՝ ասեք՝ գուցե ինչ-որ քսուքներ կամ դեղահաբեր կան, որոնք կարող են մեղմացնել ցավը, որպեսզի վերջապես մենք ապրենք նորմալ սեռական կյանքով և լիարժեք զույգ դառնանք: Կանխավ շնորհակալ եմ: Անհամբեր կսպասեմ Ձեր պատասխանին:

Պատասխան: Այս խնդիրները բնորոշվում են որպես վագինիզմ, երբ կնոջ կամքից անկախ սեռական հարաբերության փորձի ժամանակ առաջանում է հեշտոցամուտքի մկանների կծկումներ, ինչը անհնարին է դարձնում ներհրումը: Սա սպեցիֆիկ սեքսոլոգիական խնդիր է և առանց մասնագիտացված բուժման խնդիրը ինքնուրույն չի հաղթահարվում: Վագինիզմը բուժվում է լիարժեք, և զույգը ապրում է ներդաշնակ սեռական կյանքով: