«Ամուսնացած եմ, ունեմ բալիկ, սեռական հարաբերությունից հաճույք չեմ ստանում: Ի՞նչն է պատճառը». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները 

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը:

 

Անուն: Անանուն

Հարց: Բարև Ձեզ, 1,4 տարի է՝ ամուսնացած եմ, ունեմ բալիկ, բայց զգում եմ, որ սեռական հարաբերություններից ոչ մի հաճույք չեմ ստանում: Ի՞նչն է խնդիրը: Անհրաժե՞շտ է ինձ և ամուսնուս բուժում անցնել: 

Պատասխան: Օրգազմի բացակայությունը / անօրգազմիան / կանանց մոտ հաճախ հանդիպող սեքսուալ դիսֆունկցիաներից է և ունի բազմաթիվ պատճառներ: Բուժում անհրաժեշտ է, քանի որ կարող է պատճառ հանդիսանալ հետագայում այլ սեռական խնդիրների առաջացման համար:


Անուն: Մերի

Հարց: Բարև Ձեզ, սեռական ակտից օրգազմ չստանալը կարո՞ղ է վնաս լինել մարդու առողջությանը: Եթե կինը օրգազմ չի ունենում, իսկ տղամարդը բավարարվում է, հնարավո՞ր է հղիություն: 

Պատասխան: Սեռական բավարարվածության բացակայությունը որոշակիորեն անդրադանում է կնոջ հոգեկան առողջության վրա, դրա հետևանքով կարող են նաև այլ սեքսուալ խնդիրներ առաջանալ: Իսկ սեռական բավարարվածության և/կամ օրգազմի բացակայությունը չի անդրադառնում հղիանալու վրա:


Անուն: Անանուն

Հարց: Հարգելի բժիշկ, ամուսնացած եմ, հղիությունս արդեն 21 շաբաթական է, ուլտրաձայնային հետազոտության ժամանակ նշեցին, որ կա արգանդի չափավոր տոնուս, այլ խնդիրներ չունեմ: Խնդրում եմ նշել՝ կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ այս ընթացքում: Դա որևէ վտանգ չի՞ ներկայացնի պտղի համար:

Պատասխան: Քանի որ հղի եք և Ձեզ հսկում է մանկաբարձ-գինեկոլոգը, ճիշտ կլին ի այդ հարցերը քննարկել Ձեր բժշկի հետ: Սեքսոլոգիական տեսանկյունից հակացուցումներ չկան:


Անուն: Անանուն

Հարց: Հարգելի բժիշկ, 1 տարի է՝ ամուսնացած եմ, ունեմ բալիկ: Ծննդաբերությունից հետո հեշտոցում խոնավացում տեղի չի ունենում: Արդեն 3-րդ անգամ հարաբերության ժամանակ միզում եմ: Հարաբերության ժամանակ չեմ նկատում, հետո եմ հասկանում: Նշեմ, որ հաճույք չեմ ստանում սեռական հարաբերություններից: Խնդրում եմ՝ օգնեք՝ հասկանամ  ինչի՞ց է, կանցնի՞: 

Պատասխան: Կարծում եմ՝ այս պարագայում անհրաժեշտ կլինի գինեկոլոգի և ուրոլոգի խորհրդատվությունը՝ որոշակի օրգանական և ֆունկցիոնալ խնդիրների հետազոտման համար:


Անուն: Ալլա

Հարց: Բարև Ձեզ, ամուսինս թութք ունի, արդեն հարկավոր է վիրահատական միջամտություն: Սեռական հարաբերության ցանկություն չունի, որը պատճառաբանում է իր վիճակով: Նաև նշում է, որ այդ հատվածում կիստա էլ ունի: Կարո՞ղ է այդ վիճակը ազդել սեռական ցանկության վրա: Նախապես շնորհակալ եմ: 

Պատասխան: Ուղղակիորեն թութքը չի ազդում տղամարդու սեռական ցանկության վրա, սակայն, բացասական ազդելով մարդու հոգեվիճակի վրա, կարող է պատճառ հանդիսանալ սեռական հարաբերություններից խուսափելու համար:


Անուն: Զավեն

Հարց: Բարև Ձեզ, ես ունեմ առնանդամի սանձիկի հետ կապված խնդիր, որն առաջացել է վերջերս: Արդեն 2-րդ անգամ է՝ կտրվում, արնահոսում է հարաբերության ժամանակ:  Մինչև այդ երբեք խնդիր չեմ ունեցել, ամուսնացած եմ արդեն 2,5 տարի: Ի՞նչ խորհուրդ կտաք անել, որպեսզի վիրահատական միջամտություն չլինի: Կանխավ շնորհակալ եմ: 

Պատասխան: Շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե կատարվեր սանձիկի հատում կամ պլաստիկա, սակայն եթե հրաժարվում եք այդպիսի միջամտությունից, ապա անհրաժեշտ կլինի համապատասխան քսուքների կիրառում, որոնք կակտիվացնեն ռեգենարատիվ պրոցեսները: 


Անուն: Գայանե

Հարց: Բարև Ձեզ, 1 տարուց ավելի է՝ ամուսնացած եմ, բայց, եթե սխալ չասեմ, 5 անգամ եմ հաճույք զգացել սեռական հարաբերությունից: Ամուսինս օրգազմի շուտ է հասնում, ինձ մոտ էլ կիսատ է մնում: Երեխայից հետո 4 ամիս լավ էր, բայց արդեն 5 ամիս է՝ սեռական հարաբերություններ հազվադեպ ենք ունենում՝ ամսվա մեջ 3 անգամ, որից հետո երևի 2 ամիս սեքս չենք ունենում: Ամուսինս ցանկություն չունի: Նշեմ, որ սեռական հարաբերությունների ժամանակ պահպանակ ենք օգտագործել: Ամուսինս դիմեց բժշկի, անալիզներ հանձնեց, ամեն ինչ նորմալ է իր մոտ: Օգնեք: Ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ց կլինի: 

Պատասխան: Ամուսնու մոտ, ըստ նկարագրածի, առկա է 2 սեքսոլոգիական խնդիր՝ վաղաժամ սերմնաժայթքում և սեռական ցանկության նվազում: Առաջին խնդիրը, չբուժելու պարագայում, հաճախ հանգեցնում է նրան, որ տղամարդը սկսում է ավելի հազվադեպ ապրել սեռական կյանքով, խուսափում է հարաբերություններից, քանի որ ամեն անգամ սպասում է, որ կլինի սեքսուալ անհաջողություն:

Համապատասխան բուժում է իրականացվում և վերականգնվում է ամուսնական սեռական ներդաշնակությունը:


Անուն: Արաքսյա 

Հարց: Բարև Ձեզ, ինձ մի հարց է անհանգստացնում՝ հնարավո՞ր է հղիանալ այն դեպքում, երբ զույգն ունեցել է սեռական հարաբերության փորձ, սակայն տղամարդու առնանդամը չի ներհրվել (կամ ներհրվել է շատ քիչ՝ 1-1,5 սմ), և ի՞նչ նշաններ կարող են վկայել հղիության մասին: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Այո, հնարավոր է, քանի որ նույնիսկ այդ ժամանակ հնարավոր է սերմնաբջիջների պասիվ հոսք, ինչը կարող է առաջացնել հղիություն: Իսկ հղիության սկզբնական նշաններն են՝ դաշտանի բացակայություն, հղիության թեսթի դրական արդյունք, սոնոգրաֆիկ հետազոտությամբ՝ հղիության փաստի արձանագրում:


Անուն: Արամ

Հարց: Բարև Ձեզ: Վերջերս ինտերնետում կարդացել եմ անդամը մեծացնող և պոտենցիան բարձրացնող «Զդորով» քսուքի մասին: Կուզեի իմանալ դրա ճշտության և անվտանգության մասին: Իսկ եթե դա խաբեություն է, ի՞նչ խորհուրդ կտաք: Շնորհակալություն: 

Պատասխան: Մենք որևէ կլինիկական փորձ չունենք այդ պրեպարատի կիրառման վերաբերյալ, արտասահմանյան / արևմտյան և ամերիկյան /  գրականության մեջ չկան ապացուցողական բժշկության վրա հիմնված հոդվածներ կիրառման և արդյունավետության վերաբերյալ: