«Ծննդաբերությունից հետո ունեցել եմ որոշակի խնդիրներ: Հիմա չեմ կարողանում սեռական հարաբերություն ունենալ: Ի՞նչ անեմ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները  

Հարց/Պատասխան

 

Հարցերին պատասխանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը:

Անուն: Գարիկ

Հարց: Բարև Ձեզ, բժի՛շկ, օգնեք ինձ. ես սեռավարակով եմ վարակվել: Անընդհատ արտադրություն է գալիս: Ի՞նչ դեղամիջոցներ խորհուրդ կտաք: Պարզապես ես չեմ կարող հիվանդանոց այցելել: Խնդրում եմ՝ օգնեք: 

Պատասխան: Ներեցեք, սակայն հնարավոր չէ / և չի թույլատրվում / առանց համապատասխան հետազոտությունների և բժշկի զննման նշանակել դեղորայք / բուժում /:

 

Անուն: Արմինե

Հարց: Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ: Տղաս 2 տարեկան է: Երբ նրա հագուստը փոխում եմ,  սեռական օրգանը բաց է մնում,  սկսում է խաղալ դրա հետ և այն  ուժեղ ձգվում է:  Փոքր ժամանակ էլ էր այդպես լինում: Անհանգստանալու կարիք կա՞, թե՞ ժամանակի ընթացքում կանցնի:

Պատասխան: Անհանգստանալու կարիք չկա, անհրաժեշտ է այդ պարագայում նրբանկատորեն շեղել երեխայի ուշադրությունը՝ չթողնելով սևեռվի սեռական օրգանների վրա:

 

Անուն: Մանյա

Հարց:  Հարգելի՛ բժիշկ, իմ ուժերով ծննդաբերելուց հետո 7 ամիս է անցել, դժվար եմ վերականգնվել. ծննդաբերությունս բարդ էր, երկու կար եմ ունեցել, հետո՝ թութք: Մարսողությանս հետ կապված  խնդիրներ են առաջացել, որոնք հաճախակի անհանգստացնում են ինձ: Բժշկի չեմ դիմել: Խնդիրս սա է. հարաբերություն չեմ կարողանում ունենալ, քանի որ  առնանդամի ներհրման ժամանակ ցավ եմ ունենում, որը թույլ չի տալիս մինչև վերջ ներհրել առնանդամը: Գինեկոլոգի դիմել եմ մի քանի անգամ: Ներզննում է կատարել, որից հետո ասել է, որ խնդիր չկա: Խնդրում եմ՝ օգնեք հասկանալ պատճառը:

Պատասխան: Հնարավոր է՝ այստեղ առկա լինի սեքսոլոգիական խնդիր՝ հեշտոցի լուբրիկացիայի / խոնավացման / անբավարարություն կամ բացակայություն: Համեմատության համար ասեմ, որ դա համարժեք է այն ախտաբանական վիճակին, որը  տղամարդկանց մոտ կոչվում է էրեկտիլ դիսֆունկցիա: Կարող եք օգտագործել լյուբրիգելեր, սակայն ճիշտ կլինի անցնել սեքսոլոգիական խորհրդատվություն՝ հիմնավոր բուժում իրականացնելու համար:

 

Անուն: Անանուն

Հարց: Բարև Ձեզ, ամուսինս մեկ տարի առաջ ամորձինների բորբոքում ունեցավ,  իր մոտ սեռական ակտիվություն այլևս չկա, պատճառաբանում է, թե ցավեր ունի, իսկ ինձ մոտ մեկ ամիս է՝ հեշտոցի շրջանում հոտ և արտադրություն կա: Դիմել եմ գինեկոլոգի, ով էլ ասաց, որ  փրփրոտ թարախ է ներսում: Հնարավո՞ր է՝ ամուսնուցս անցած լինի բորբոքումը, պե՞տք է միասին բուժվել: 

Պատասխան: Այո, հավանաբար Ձեր ամուսնու մոտ եղել է օրխիտ կամ օրխոէպիդիդիմիտ, հնարավոր է նաև, որ առկա բորբոքային խնդիրները փոխանցվել են, սակայն ամեն դեպքում եթե զուգընկերներից / կամ ամուսիններից / մեկի մոտ առկա են բորբոքային խնդիրներ, ապա ցանկալի է համաժամանակյա բուժում իրականացնել:

 

Անուն: Վահե

Հարց: Բարև Ձեզ, ես 22 տարեկան եմ. երբ առանց երկար դադարի, երկրորդ անգամ եմ փորձում սեռական հարաբերություն ունենալ, ինձ մոտ չի ստացվում՝ շուտ է թուլանում առնանդամս, նշեմ, որ առաջին անգամ նորմալ է լինում ու ոչ մի խնդիր չեմ ունենում: Վերջերս առնանդամս սեռական առաջին ակտի ընթացքում թուլացավ: Խնդրում ե,՝ պատասխանեք՝ պե՞տք է անհանգստանալ, ինձ մոտ կա՞ պոտենցիայի խանգարում: Նշեմ,  որ շատ հաճախ եմ ունենում սեռական հարաբերություններ, հնարավոր է, որ հենց դա է պատճառը:

Պատասխան: Այս դեպքի հետ կապված պետք է նշեմ, որ յուրաքանչյուր անհատ ունենում է սեռական կյանքի ակտիվություն՝ պայմանավորված իր սեռական կոնստիտուցիայով, ուստի Ձեր նկարագրած խնդիրները պաթոլոգիական են, թե նորմայի տարատեսակ, պետք է պարզել՝ իրականացնելով սեքսոլոգիական հետազոտություն և որոշելով Ձեր սեռական կոնստիտուցիայի տիպը:

 

Անուն: Կարեն

Հարց: Բարև Ձեզ, ես 40 տարեկան եմ, վաղուց ունեմ խնդիր՝ պոտենցիայի թուլացման և վաղաժամ սերմնաժայթքման հետ կապված: Կարո՞ղ եք ասել՝ որքա՞ն կարժենա բուժումը, այլապես չգիտեմ՝ ինչից սկսել: Շնորհակալ եմ: 

Պատասխան: Ըստ Ձեր նկարագրության՝ առկա է 2 սեռական խանգարում՝ էրեկտիլ դիսֆունկցիա և վաղաժամ սերմնաժայթքում: Խորհրդատվությունից և համապատասխան հետազոտություններից հետո կորոշվի բուժման տևողությունը և մեթոդիկան:

 

Անուն: Անի

Հարց: Բարև Ձեզ,  ամուսինս մեկնում է արտագնա աշխատանքի: Երբ գալիս է, սեռական հարաբերություններ շատ քիչ ենք ունենում՝ ամսվա մեջ մի քանի անգամ, բայց ես ամեն օր ցանկություն ունեմ: Երբ նրան ուզում եմ հասկացնել, որ ցանկանում եմ իրեն, ձևացնում է՝ իբր չի հասկանում միտքս:  Շատ վատ եմ զգում ինձ: Նրա այս վարքը նորություն չէ: Մենք արդեն 5 տարի է՝ ամուսնացած ենք, և միշտ այդպես է անում:

Պատասխան: Կարծում եմ՝ Ձեր պարագայում ամուսնական սեռական աններդաշնակությունը պայմանավորված է կոնստիտուցիոնալ-գենետիկ տիպի  անհամապատասխանությամբ, ինչով պայամանավորված՝ տարբեր են ամուսինների սեռական ակտիվության պահանջը: Այս խնդիրը ենթակա է սեքսոլոգիական կորեկցիայի, ուստի կարող եք խոսել ամուսնու հետ՝ այցելելու և վերականգնելու ամուսնական սեքսուալ ներդաշնակությունը: