Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ֊-գինեկոլոգ Գայանե Մնացականյանը:
Անուն: Անի
Հարց: Բարև Ձեզ, հարաբերություն եմ ունեցել, մեկ օր հետո դաշտան է սկսվել: Ասեք, խնդրում եմ, հնարավոր է՝ հղիություն լինի:
Պատասխան: Հնարավոր չէ, եթե դաշտանից հետո հարաբերություն չի եղել:
Անուն: Ոսկի
Հարց: Բարև Ձեզ: Բժիշկ, հղիությանս մասին իմացել եմ նախքան դաշտանի օրը, ե՞րբ կարող եմ գնալ հետազոտման:
Պատասխան: Սպասեք՝ ենթադրյալ դաշտանից սպասեք անցնի ևս 2-3 շաբաթ:
Անուն: Անուշ
Հարց: Բարև Ձեզ, 5 ամիս է՝ ամուսնացած եմ, առաջին ամսում ունեցել եմ դաշտանի ուշացում, հղիության 2 թեսթերն էլ ցույց են տվել դրական թույլ գծեր, սակայն 2 օր հետո թեսթը բացասական պատասխան ցույց տվեց, դրանից հետո էլ սկսվեց դաշտան: Նույնը տեղի է ունեցել 3-րդ ամսում: Արդյոք եղե՞լ է հղիություն և վաղաժամ վիժում: Ի՞նչ կարող է սա նշանակել:
Պատասխան: Ասել, որ եղել է հղիություն, չի կարելի: Դաշտանի ուշացումը և թույլ դրական թեսթը դեռ հղիության նշան չեն:
Անուն: Աննա
Հարց: Հարգելի բժիշկ, ես 32 տարեկան եմ, ամուսնացած չեմ: Մեկ տարի առաջ ինձ մոտ հայտնաբերվեց ձվարանի կիստա, երկու ամիս դեղորայքային բուժում եմ կատարել՝ ըստ բժշկի ցուցումների, սակայն՝ ապարդյուն: Խնդրում եմ՝ պատասխանեք՝ կարո՞ղ է այս ընթացքում ձվարանի վնասում եղած լինի, հետագայում լուրջ խնդիրների առջև կանգնեմ: Կիստայի չափսը՝ 4.2 սմ:
Պատասխան: Նախ՝ պետք է պարզել կիստայի բնույթը (ֆոլիկուլյար, դերմոիդ, էնդոմետրոիդ…), կան կիստաներ, որոնց բուժումը բացառապես վիրակատական է:
Անուն: Ռուզաննա
Հարց: Բարև Ձեզ, ինձ մոտ այս պահին 26 շաբաթական հղիություն է, վերջին դաշտանս 2017 թվականի հուլիսի 25-ին էր, խնդրում եմ՝ ասեք՝ ե՞րբ է ծննդաբերության վերջին ժամկետը: Կանխավ շնորհակալություն:
Պատասխան: Մինչև մայիսի 1-ը:
Անուն: Անանուն
Հարց: Բարև Ձեզ: Արդեն մեկ շաբաթ է՝ ունեմ մենստրուացիայի նման ցավեր, թեթև անգույն արտադրություն ու անընդհատ ձայներ ու շարժ եմ զգում որովայնումս, նաև կտրուկ փոփոխվող ախորժակ ունեմ: Այսօր եղել եմ գինեկոլոգի մոտ, հետազոտեց և ասաց, որ գինեկոլոգիական տեսանկյունից ամեն ինչ լավ է: Խնդրում եմ՝ ասեք՝ ի՞նչ կարող է լինել սա: Նշեմ, որ վերջին մենստրուացիան եղել է 21 օր առաջ: Կանխավ շնորհակալ եմ:
Պատասխան: Նշեք վերջին դաշտանը: Օվուլյացիայի օրերին է նման բան հնարավոր:
Անուն: Սաթեն
Հարց: Բարև Ձեզ, 14 շաբաթական հղի եմ, սակայն փորս ավելի փոքր է, քան նախորդ 2 շաբաթներում: Դա վտանգավո՞ր է:
Պատասխան: Եթե սոնոգրաֆիկ պտուղը համապատասխան է ժամկետին, անհանգստանալ պետք չէ: