«Հակաբեղմնավորիչներ օգտագործելու ժամանակ ձվազատում լինու՞մ է». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները  

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ֊-գինեկոլոգ Գայանե Մնացականյանը:

 

Անուն: Սուսիկ

Հարց: Բարև Ձեզ,  ես 22 տարեկան եմ, ինձ մոտ հաճախ է առաջանում ձվարանի ֆոլիկուլյար կիստա՝ 3.6 սմ: Հնարավո՞ր է՝ այդ ժամանակ ձվազատում լինի: Հակաբեղմնավորիչներ օգտագործելու ժամանակ ձվազատում լինու՞մ է: Որքա՞ն ժամանակ բուժվելուց հետո պետք է վիրահատվել:

Պատասխան: Ֆոլիկուլյար կիստան վիրահատման ենթակա չէ: Եթե կիստա է առաջանում, նշանակում է օվուլյացիա չի լինում: Հակաբեղմնավորիչներ օգտագործելիս ևս օվուլյացիան բացակայում է:

 

Անուն: Լիլի

Հարց: Բարև Ձեզ, պլանավորում եմ տղա երեխա ունենալ: Ունեմ աղջիկ, նրան ունեցել եմ նորմալ ու չեմ բախվել որևէ խնդրի: Այս պահին իմ միակ մտահոգությունն այն է, որ դաշտանային ցիկլս դեռ դեռահաս տարիքից եղել է անկանոն: Դիմել եմ բժշկի, որևէ խնդիր չի հայտնաբերվել:  Քանի որ առաջնեկիս սեռը չէինք պլանավորել, այդ ժամանակ խնդրի առաջ չկանգնեցի: Մոտ երեք ամիս է՝ դաշտանային ցիկլս կանոնավորվել է: Վերջին անգամ դաշտան տեսել եմ հունվարի 15-ին: Ըստ հաշվարկի՝ դաշտան պետք է ունենամ փետրվարի 20-ին: Բարձր պտղաբերության օրերը կլինեն փետրվարի 4-8-ը: Դաշտանային ցիկլս 36 օր է: Նաև ձեռք եմ բերել ձվազատման թեսթեր՝ ստույգ օրը որոշելու համար: Ըստ Ձեր խորհրդի՝ պետք է հարաբերություն ունենանք այն օրը, երբ թեսթը դրական կլինի: Խնդրում եմ՝ ասեք՝ ճի՞շտ եմ կողմնորոշվել և այս մեթոդով կհասնե՞մ արդյունքի: 

Պատասխան: Եթե արդյունքը Ձեզ համար տղա երեխան է, ապա (ապացուցողական բժշկության մեջ սեռի հաշվարկ հասկացողություն չկա) օգնել չեմ կարող:

 

Անուն: Անի

Հարց: Բարև Ձեզ: Ամուսնացած եմ արդեն հինգ ամիս, սկզբում ունեցա դաշտնային ցիկլի խանգարում,  ինտերվալը 28-ից դարձավ 30 օր: Այդ հաշվարկով դաշտան պետք է սկսվեր 25-ին, սակայն մինչև օրս` 30.01, չի սկսվել, բայց հղիության թեսթը բացասական արդյունք է ցույց տալիս: Դաշտանի սկսվելուց մոտ մեկ շաբաթ առաջվանից միշտ ունենում եմ դաշտանային ցավեր, բայց այս անգամ չեմ ունեցել: Հնարավո՞ր է՝ հղիություն լինի: 

Պատասխան: Արյան մեջ որոշեք խորիոնալ գոնադոտրոպինի քանակը և պարզ կլինի՝ կա՞ հղիություն, թե՞ ոչ:

 

Անուն: Թերեզա

Հարց: Բարև Ձեզ, ես 18 տարեկան եմ, ամուսնացած չեմ, սեռական կյանք չեմ ունեցել: Այս ամիս ինձ մոտ ցիկլի խանգարում եմ նկատել, դաշտանը սկսվեց 6 օր շուտ: Ճիշտն ասած՝ ես քննությունների էի ու շատ էի անհանգստանում, կարծում եմ՝ դա էր պատճառը, բայց ցիկլից հետո արդեն 2 օր է՝ առավոտյան արյուն է գալիս, որը կեղտոտ գույն ունի:  Ի՞նչն է պատճառը: 

Պատասխան: Սթրեսը կարող է դաշտանային ֆունկցիայի խանգարման հանգեցնել: Համոզվելու համար, որ ամեն բան կարգին է, այցելեք գինեկոլոգի և զննում անցեք:

 

Անուն: Լյուսի


Հարց: Բարև Ձեզ, ինձ մոտ կան հղիության բոլոր նշանները, թեսթը ցույց է տալիս դրական, բայց ցիկլիս օրից մի շաբաթ չանցած՝ նորից սկսվում է ցիկլս: Ի՞նչն է պատճառը: Ունեցել ենք վիրուս,  երկու ամիս առաջ բուժվել ենք: Սա հղիությու՞ն է: Կեղծ հղիության հորմոնի անալիզ էլ եմ հանձնել, ամեն ինչ նորմալ է, հիմա նորից թեսթս դրական է ցույց տալիս:

Պատասխան: Թեսթի փոխարեն արյան մեջ որոշեք խորիոնալ գոնադոտրոպինի քանակը. եթե իրոք հղիություն լինի, դիմեք մասնագետի և հետևեք նրա խորհուրդներին:

 

Անուն: Մանե

Հարց: Հարգելի՛ բժիշկ, ես 21 տարեկան եմ, արդեն 2 օր է՝ ունեմ հեշտոցային քոր և ցավ,  մտածում եմ՝ ածելիից կամ ձեռնաշարժությունից կարող է լինել:

Պատասխան: Գանգատի պատճառը հասկանալու համար դիմեք մասնագետի և զննում անցեք: