«Պրոլակտինի բարձր մակարդակը կարո՞ղ է ազդել հղիության վրա». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները   

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ֊-գինեկոլոգ Գայանե Մնացականյանը:

 

Անուն: Արմենուհի

Հարց: Բարև Ձեզ, ես 2 ամիս է՝ ամուսնացած եմ, դաշտանս 3 ամիս է՝ չի լինում, հետազոտության արդյունքում պարզվեց, որ ինձ մոտ կա խնդիր՝ պրիմորդիալ ֆոլեկուլներս աղքատ են: Խնդրում եմ՝ ասեք՝ արդյոք հեշտ է այդ ֆոլեկուլների թիվը նորմավորել: Դա լու՞րջ խնդիր է հղիանալու համար:

Պատասխան: Ըստ Ձեր նկարագրածի՝ Ձեզ մոտ ցածր է հակամյուլլերյան հորմոնի քանակը, որը դեղորայքով հնարավոր չէ բարձրացնել:

 

Անուն: Մ

Հարց: Բարև Ձեզ: Ամուսնացած եմ արդեն վեց ամիս: Վերջին անգամ դաշտան ունեցել եմ դեկտեմբերի 29-ին: «Իմ փոքրիկ»-ի օվուլյացիայի օրացույց բաժնով հետևեցի և համապատասխան օրը հղիության թեսթ արեցի, սակայն պատասխանը բացասական էր և մինչ օրս ուշանում է դաշտանը:  Խնդրում եմ՝ ասեք՝ ի՞նչ անեմ:

Պատասխան: Դիմեք մասնագետի՝ պատճառը պարզելու համար: Պատճառները բազմաթիվ են, առանց հետազետվելու հնարավոր չէ պատճառ ասել:

 

Անուն: Մագդա

Հարց: Բարև Ձեզ: Ես արդեն 7 ամիս է՝ ամուսնացած եմ: 9 շաբաթական հղիության ժամանակ հերթական ստուգման ընթացքում պարզվեց՝ պտղի աճը կանգնել է: Համապատասխան բոլոր անալիզները հանձնել եմ, միայն պրոլակտին հորմոնը 100-ով բարձր էր: Կասե՞ք՝ այդ հորմոնի բարձացու՞մն էր հենց պատճառը: Եվ 6 ամիս անց կարո՞ղ է նորից հղիություն լինել:

Պատասխան: Պրոլակտինի բարձր մակարդակը չզարգացող հղիության չի բերում: Հետազոտեք արյան մակարդման համակարգը՝ «ժառանգական թրոմբոֆիլիաներ»:

 

Անուն: Միլենա

Հարց: Բարև Ձեզ, բժիշկ, ունեմ երկու անհանգստացնող հարց:  Ամուսնացած եմ: Գրեթե միշտ ունեմ հեշտոցից սպիտակ, խիտ արտադրություն: Առավոտյան, երբ արթնանում եմ, ամբողջ վարտիքս թաց է: Ունենում եմ շատ ջրիկ և առատ արտադրություն: Այս խնդիրն ունեցել եմ մինչև ամուսնանալս և ամուսնանալուց հետո: Խնդրում եմ՝ասեք՝ ինչն է պատճառը: Հարց 2-րդ՝ այսօր նկատել եմ պորտիցս եկող տհաճ հոտ, դեղնաթարախավուն նյութ և կարմրածություն: 22 տարեկան եմ: Ինձ մոտ դա եղել է երկու անգամ՝ մոտավորապես 5 տարի առաջ և հիմա:

Պատասխան: 2 գանգատի պատճառն էլ հասկանալու համար զննում է անհրաժեշտ և համապատասխան հետազոտություններ:

 

Անուն: Աննա

Հարց: Բարև Ձեզ, մոտ մեկ տարի առաջ դիմեցի բժիշկի՝ դաշտանային ցիկլի խանգարման պատճառով: Առանց անալիզների ինձ նշանակեցին դյուֆաստոն: Չխմեցի՝ մտածելով, որ կկարգավորվի, բայց մինչև հիմա խանգարված է: Վտանգավո՞ր կլինի, եթե հիմա սկսեմ այդ հորմոնի օգտագործումը: Եթե այո, օրը քանի՞ անգամ:

Պատասխան: Առանց պացիենտին տեսնելու և հետազոտելու դեղ նշանակելը, մեղմ ասած, ճիշտ չէ: Խորհուրդ կտամ ինքնուրույն ոչինչ չանել և դիմել գինեկոլոգի:

 

Անուն: Մալենա

Հարց: Բարև Ձեզ, ես 10 շաբաթական հղիություն ունեմ, այսօր հետազոտության ժամանակ պարզվեց, որ արգանդում կա  հեմատոմա՝ 11 մմ, խնդրում եմ՝ ասեք՝ հնարավո՞ր է վիժում, որքա՞ն է այս խնդրի բարդությունը:

Պատասխան: Դա հղիությանը սպառնացող վիճակ է: Դիմեք Ձեզ հսկող բժշկին՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:

 

Անուն: Արմինե

Հարց: Ես արդեն 5 ամսական հղի եմ, ե՞րբ կարող եմ այցելել բժշկի, ե՞րբ է ճիշտ ժամանակը:

Պատասխան: Դուք վաղուց պիտի այցելած լինեիք և հաշվառված լինեիք որպես հղի: Հնարավորինս շուտ այցելեք գինեկոլոգի: