Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ֊-գինեկոլոգ Գայանե Մնացականյանը:
Անուն: Աննա
Հարց: 21 տարեկան եմ, հղիացել եմ հունվար ամսին: Խնդրում եմ՝ հաշվեք երեխայի սեռը: Շնորհակալություն:
Պատասխան: Սեռի հաշվարկ հասկացողություն ապացուցողական բժշության մեջ չկա:
Անուն: Անի
Հարց: Բարև Ձեզ, հնարավո՞ր է՝ հղիության ժամանակ պտուղը վարակվի ջրծաղիկով, եթե մայրը մի քանի տարի առաջ տարել է ջրծաղիկ: Նախապես շնորհակալ եմ:
Պատասխան: Ոչ, հնարավոր չէ:
Անուն: Սոնա
Հարց: Բարև Ձեզ, արդեն 5 ամիս է՝ ամուսնացած եմ և չեմ հղիանում: Ոչ մի տեսակի ցավեր, գանգատներ չունեմ, դաշտանային ցիկլի խանգարումներ չկան: Միայն հարաբերություն ունենալուն հաջորդող 1-2 օրերին արտադրություն եմ նկատում` դեղնավուն և անհոտ: Բժշկի դիմելու կարիք կա՞, թե՞ դեռ պետք է սպասել:
Պատասխան: Մինչև 1 տարի կանոնավոր սեռական հարաբերություն ունենալու պարագայում չհղիանալն անպտղություն չէ:
Անուն: Լենա
Հարց: Բարև Ձեզ, խնդրում եմ՝ ինձ կասե՞ք՝ տանը շուն պահելը կարո՞ղ է հանգեցնել անպտղության: Նշեմ, որ շունը պատվաստված է: Կանխավ՝ շնորհակալ եմ:
Պատասխան: Շներից և կատուներից մարդուն է փոխանցվում տոքսոպլազմա կոչվող ինֆեկցիան, որը կարող է անպտղության բերել:
Անուն: Լիանա
Հարց: Բարև Ձեզ, իմ դաշտանից մեկ շաբաթ է անցել, թեսթով համոզվեցի, որ հղի եմ, բայց ինձ մոտ նախկինում հայտնաբերվել էր ուրիոպլազմա, այդ պատճառով 20 շաբաթական հղիությունս ընդհատել էին: Խնդրում եմ՝ ասեք՝ ի՞նչ անեմ որ երեխայիս մոտ խնդիրներ չառաջանան:
Պատասխան: Խնդիրներց խուսափելու համար մինչև հղիությունն է պետք հետազոտվել և բուժվել: Հղիության ժամանակ ոչինչ անել չեք կարող:
Անուն: Մանե
Հարց: Երբ արդեն թեսթով հաստատվել է հղիությունը, ե՞րբ կարելի է գրանցվել բժշկի մոտ:
Պատասխան: 2-3 շաբաթ հետո:
Անուն: Սյունե
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Ես ամուսնացած եմ և ունեմ մեկ երեխա: Ամուսնուս հետ սեռական հարաբերությունների ընթացքում պաշտպանվում ենք (սերմնահեղուկը չի ներթափանցում հեշտոց): Հարցս հետևյալն է` դա կարո՞ղ է հետագա բեղմնավորման համար խնդիրներ առաջացնել: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Ընդհատված սեռական ակտը անցանկալի է և՛ կնոջ, և՛ ամուսնու համար: Խնդիրներ, իհարկե, հնարավոր են, բայց պարտադիր չեն:
Անուն: Դինա
Հարց: Բարև Ձեզ: 17 տարեկան եմ, հանձնել եմ հորմոնների անալիզ, և պարզվել է, որ պրոգեստերոն հորմոնը 900 է: Հնարավո՞ր է՝ հետագայում հանգեցնի անպտղության:
Պատասխան: Հիմա համապատասխան բուժում ստանալու դեպքում չի հանգեցնի անպտղության: