«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Անուն: Ասյա
Հարց: Բարև Ձեզ, 5 տարվա համատեղ կյանքից հետո որոշել եմ ամուսնալուծվել: Ի սկզբանե ես և ամուսինս լավ չենք հասկացել միմյանց, հիմա՝ առավելևս: Ունենք 3.5 տարեկան աղջիկ, որը շատ կապված է հայրիկի հետ: Չգիտեմ՝ ինչպես նրան կբացատրեմ դա: Նաև չեմ համարձակվում ամուսնուս ասեմ որոշմանս մասին: Նա շատ տաքարյուն է և, վստահ եմ, նորմալ մարդկանց նման չենք ամուսնալուծվի: Նա չի հրաժարվի երեխայից և կցանկանա, որ աղջիկս իր հետ մնա:
Պատասխան: Ամուսնալուծությունը՝ անկախ իրավիճակից, հոգեբանական լուրջ խնդիրներ է առաջացնում ընտանիքի բոլոր անդամների համար: Առաջին հերթին դա մեծ փոփոխություն է, որն իր հետ բերում է անորոշություն ու տագնապ: Երեխայի նախկին կյանքը խաթարվում է: Այդ իրավիճակում կոնֆլիկտներն ու կտրուկ քայլերը երեխայի մոտ առաջացնում են տագնապ և անհանգստություն, իսկ ծնողների խաղաղ և կայուն, դրական փոխհարաբերությունները երեխային օգնում են պահպանել հոգեկան խաղաղությունը: Երեխային պետք է բացատրել իրողությունը այնպես, ինչպես կա՝ հնարավորին պարզ: Կարևոր է, թե ինչպիսի հոգեվիճակում կլինեք երեխայի հետ զրուցելիս: Պետք է օգնեք երեխային՝ չկորցնելու իր ապահովության զգացումը: Նման դեպքերում անհրաժեշտ է դիմել հոգեբանի և երեխայի համար ստանալ խորհրդատվություն, ինչպես նաև իմանալ՝ ինչպես կարող եք պահպանել Ձեր հոգեկան խաղաղությունը: Երեխային պետք է ասել, որ ծնողնեը դադարում են ապրել միասին, նույն տանիքի տակ, սակայն շարունակում են իրեն սիրել: Ասեք, որ իր կյանքում կլինեն որոշակի փոփոխություններ, սակայն ինքը չի կորցնի իր հարազատներին ու նրանց սերը, նրանց հետ շփումը կշարունակվի: Եվ ամեն ինչ պետք է անել, որ այդպես էլ լինի:
Անուն: Սոնա
Հարց: Երեխայիս մոտ գիշերամիզություն է, դիմել եմ ուռոլոգի, ով ոչ մի խնդիր չի հայտնաբերել ու խորհուրդ է տվել դիմել հոգեբանի: Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ անեմ: Ասում են՝ տարիքի հետ կանցնի, բայց արդեն մեծ է:
Պատասխան: Եթե բժիշկը որևէ խնդիր չի տեսել, ապա ճիշտ է, պետք է դիմել հոգեբանի՝ պարզելու հոգեբանական հնարավոր խնդիրը: Ես ևս խորհուրդ եմ տալիս դիմել հոգեբանի: Տարիքի հետ այդ երևույթը իսկապես անցնում է, սակայն հոգեբանական խնդիրները չեն վերանում:
Անուն: Աննա
Հարց: Բարև Ձեզ, հարգելի՛ մասնագետ: Արդեն 5 տարի է՝ ամուսնացած եմ, բալիկ չունենք, ամուսինս առողջական խնդիրներ ունի: Ես իրեն անսահման սիրել եմ, ասում եմ սիրել, որովհետև հիմա չգիտեմ՝ ինչ եմ զգում, անչափ հիասթափված եմ: Նախկինում, ինչպես շատերի մոտ, մեզ մոտ էլ բոլոր խնդիրները լուծվում էին անկողնում, բայց արդեն տևական ժամանակ է՝ ես լուռ ու մունջ բավարարվում եմ ամսվա մեջ երկու-երեք անգամով: Նշեմ, որ ամուսինս մեծ է ինձանից 12 տարով: Մեզ մոտ շատ լավ հարաբերություններ են միշտ եղել, կարելի է ասել, որ նախանձելի զույգ էինք: Ես միշտ խոսել եմ իր հետ այս խնդրի մասին, պարզապես ինքը միշտ կատակի է վերածել կամ շրջանցել է թեման: Հիմա անչափ հիասթափված եմ: Անգամ տհաճ է իր մարմինը, մտածում եմ հեռանալու մասին: Խնդրում եմ՝ օգնեք՝ մի լուծում գտնեմ:
Պատասխան: Զույգի հարաբերություններում կենտրոնական և կարևոր դեր է խաղում նրանց սեքսուալ կյանքը և դրա որակը: Եթե այդ հարաբերություններում ինչ-որ բան է փոխվում որակի և քանակի առումով, սկսում է բացասական դինամիկա գրանցվել: Այնպես որ, պետք չէ դա անտեսել: Նման դեպքերում ցանկալի է առաջին հերթին զրուցել զուգընկերոջ հետ և փորձել միասին պարզել խնդրի պատճառները: Եթե զրուցելու և պատճառները պարզելու բոլոր փորձերն ապարդյուն են անցնում, պետք է դիմել մասնագետի: Այլ լուծումներ և պատրաստի պատասխաններ չկան: Սրանք բավական խորն ու բազմաշերտ հարաբերություններ են, որտեղ միանշանակ լուծումներ չկան: Երեխայի հանգամանքը կարող է ինչպես ավելացնել հարաբերություններում ջերմությունն ու սերը, այնպես էլ կարող է խոչընդոտել: Երկու խնդիրների պարագայում էլ ճիշտ է դիմել մասնագետի:
Անուն: Անի
Հարց: Բարև Ձեզ, հարգելի՛ հոգեբան: Խնդրում եմ՝ օգնեք ինձ մի հարցում: Տղաս 5.5 տարեկան է: Երկար ժամանակ է՝ սպասում էր, թե երբ է հաճախելու կարատեի պարապմունքների: Հիմա, երբ վերջապես պարապմունքները սկսվել են, 2 անգամ գնալուց հետո հրաժարվում է շարունակել՝ պատճառաբանելով որ վազելիս հոգնում է, կողքը ցավում է: Փորձում եմ համոզել, որ սկսած գործը կիսատ չեն թողնում, որ առաջին իսկ դժվարությունից հետո չեն նահանջում, միևնույն է, ասում է՝ չեմ գնալու: Չգիտեմ ինչպես վարվել: Հիմա էլ ուզում է պարի գնալ, բայց գիտեմ, որ դա ևս 2-3 օր է տևելու: Խնդիրն այն է, որ նա առանց այդ էլ ամաչկոտ երեխա է: Եթե իրեն շրջապատը ծանոթ է կամ իր հասակակիցներն են, շփվում է, բայց երբ անծանոթ կամ մեծահասակների շրջապատում է, ամաչում է ու չի շփվում:
Պատասխան: Հարցը դիտարկենք երկու տեսանկյունից` մեկը՝ պարապմունքին ստիպելով տանել-չտանել, մյուսը՝ հուզական ոլորտի խնդիրներ, ամաչկոտություն: Պարապմունքների խնդիրը կարելի է լուծել այս կերպ. հստակ պահանջ դրեք, որ պիտի պարտադիր հաճախի մեկ սպորտային, մեկ ստեղծագործական խմբակ: Կարելի է երեխային առաջարկել, որ ինքն ընտրի, թե որ խմբակն է հաճախելու՝ պահելով սկզբունքը՝ մեկ սպորտային, մեկ ստեղծագործական: Սա ոչ թե պարտադրանք է, այլ պատասխանատվության սերմանում, առողջ ապրելակերպի ուսուցում և այլն:
Ամաչկոտության առումով պետք է վերանայեք դաստիարակության Ձեր մոտեցումները: Գուցե շատ դիտողություններ եք անում երեխային, շատ բան եք պահանջում, կամ ինքներդ եք ամաչկոտ: Դժվար է կռահել, բայց առաջարկում եմ անկաշկանդ շփվել երեխայի հետ, թույլ տվեք նրան չվախենալ սխալվելուց: Այսպիսով՝ ամաչկոտությունը աստիճանաբար կվերանա:
Անուն: Մարգարիտ
Հարց: Ես վախենում եմ հղիանալ: Տղաս արդեն 3 տարեկան է, իսկ 1.5 տարի առաջ ծանր պայմաններում ստիպված եմ եղել հղիություն ընդհատել, որի ժամանակ սրտի կանգ եմ ունեցել: Բոլորն ասում են, որ արդեն երկրորդ երեխայի ժամանակն է, բայց ես վախենում եմ: Ի՞նչ խորհուրդ կտաք այս իրավիճակում:
Պատասխան: Ամենայն հավանականությամբ դա սթրեսի արդյունք է: Նման դեպքերում պետք է դիմել մասնագետի: Մարդիկ հոգեբանական խնդիրներին շատ անլուրջ են մոտենում՝ ի տարբերություն ֆիզիկական առողջության խնդիրների: Այսպիսի դեպքերը ոչ պակաս կարևոր ու լուրջ են և կարիք ունեն մասնագիտական միջամտության: Այս պահին վախերը ստիպողաբար հաղթահարելով հղիանալը կարող է վտանգել ոչ միայն Ձեր առողջությունը, այլև բալիկի: Նախ՝ պետք է խաղաղ և կայուն հոգեվիճակում լինել, ապա նոր պլանավորել երեխայի ծնունդը: