Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:
Անուն: անանուն
Հարց։ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, 6 ամիս է՝ ամուսնացած եմ, ամուսնությունից 1 ամիս անց պարզվեց, որ աջ ձվարանի բորբոքում ունեմ, ստացիոնար բուժվեցի, սակայն չեմ հղիանում և ժամանակ առ ժամանակ թույլ ցավեր եմ ունենում որովայնիս հատվածում։ Դաշտանս կանոնավոր չէ։
Պատասխան։ Ձվարանի բորբոքումը սովորաբար ուղեկցվում է փողերի բորբոքմամբ։ Դրա քրոնիկ ընթացքը կարող է հանգեցնել ձվարանի և փողերի կառուցվածքային փոփոխությունների, ինչն էլ կարող է հանդիսանալ անպտղության պատճառ։ Գանգատների առկայության դեպքում անպայման դիմեք բժշկի։
Անուն: անանուն
Հարց։ Ֆոլլաթթուն նպաստու՞մ է հղիանալուն։
Պատասխան։ Ֆոլաթթուն ունի շատ կարևոր նշանակություն հղիության ժամանակ։ Այն նպաստում է պտղի նյարդային խողովակի և սիրտ-անոթային համակարգի ճիշտ զարգացմանը, նվազեցնում է արատների ձևավորման և հղիության ընդհատման հավանականությունը։
Անուն: Մարիամ
Հարց։ Բարև Ձեզ, ես ունեմ ձվազատման խնդիր։ Ի՞նչ դեղամիջոցով կարելի է վերացնել խնդիրը:
Պատասխան։ Ձվազատման հետ կապված խնդիրը լուծելու համար նախ պետք է պարզել դրա բացակայության պատճառը։ Դիմեք մասնագետի, անցեք անհրաժեշտ հետազոտությունները (հորմոնների անալիզ, ՈւՁՀ հետազոտություն)։ Ըստ ստացված տվյալների՝ բժիշկը կնաշանակի համապատասխան բուժում։
Անուն: Եվա
Հարց։ Բարև Ձեզ: Ի՞նչ չափսի դեպքում է անհրաժեշտ կատարել միոմայի վիրահատություն։ Որքա՞ն արժե վիրահատությունը։
Պատասխան։ Միոմաների վիրահատական հեռացումը կատարվում է միոմատոզ հանգույցի մեծ չափսերի, տարեկան 4-ից 5 շաբաթական հղիության չափով աճի, հեմոոգլոբինի մակարդակի իջեցմամբ ուղեկցվող արգանդային արյունահոսությունների, խիստ արտահայտված ցավային սինդրոմի, հանգույցում երկրորդային փոփոխությունների (նեկրոզ, ինֆեկցում), երկար ոտիկի վրա ենթալորձային կամ ենթաշճային հանգույցների, ոտիկի ոլորման հավանականության և այլ խնդիրների դեպքում։ Խնդրում եմ՝ գինը ճշտեք կոնկրետ հաստատությունից։
Անուն: Արևիկ
Հարց։ Արդեն 4 ամիս է՝ ամուսնացած եմ ու չեմ հղիանում, դաշտանիս օրերը փոփոխվում են․ ամեն ամիս 2-ից 4 օր շուտ է լինում։ Այս ամիս մշտապես հոգնածություն եմ զգացել, քունս տանում էր, մտածում էի՝ հղի եմ, բայց՝ ոչ։ Ի՞նչ խորհուրդ կտաք։
Պատասխան։ Դաշտանի 2-ից 4 օր տատանումը անհանգստանալու պատճառ չէ։ Մինչև 1 տարի առանց պաշտպանվելու սեռական կյանքով ապրելու պարագայում հղիության բացակայությունը չի համարվում անպտղություն։ Եթե ունեք նման անհանգստություն կամ այլ գանգատներ կապված սեռական օրգան-համակարգի հետ, դիմեք գինեկոլոգի։
Անուն: Միլա
Հարց։ Հարգելի՛ բժիշկ, արդեն 5 ամիս է՝ ամուսնացած եմ, դեռ չեմ հղիացել։ Առաջին 3 ամիսների ընթացքում դաշտանային ցիկլի օրերը կանոնավոր էին (33 օր), բայց արդեն 2 ամիս է՝ անկանոն է՝ առաջին ամսում 10 օր շուտ, 2-րդ ամսում 10 օր ուշ է լինում, անտանելի ցավեր և արյան առատ հոսք է լինում: Հնարավո՞ր է՝ հորմոնալ խանգարման հետևանք լինի, կամ հղիություն եղած լինի, բայց կորցրած լինեմ պտուղը։
Պատասխան։ Ինչպես նշեցի, անպտղություն կարող ենք համարել 1 տարի և ավելի սեռական ակտիվ կյանքով (առանց պաշտպանվելու) ապրելու պարագայում հղիության բացակայությունը։ Դաշտանային ցիկլի նման խախտումը՝ 10 օր ուշացումը, արդեն հանդիսանում է ազդանշան։ Ձեր նշած տարբերակը նույնպես կարող է լինել։ Անհրաժեշտ է մասնագետի դիմել և Ուձ հետազոտություն կատարել՝ հավելյալ հետազոտությունների անհրաժեշտությունը և հետագա բուժման ընթացքը հասկանալու համար։