«Ի՞նչը կարող է կեղտոտ պտղաջրերի պատճառ լինել։ Ինչպե՞ս խուսափել»․ «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները 

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

 

Անուն: Արևիկ

Հարց։ Բարև Ձեզ, արդեն 10 տարի է՝ ամուսնացած եմ, բայց դեռ երեխա չունեմ: Հանձնել ենք HLA անալիզ, որի արդյունքում պարզվել է, որ հակալեյկոցիտային հակամարմինների քանակը 50 տոկոս է։ Պլազմոֆեռեզով մաքրել են արյունս, բայց արդյունք չկա, հիմա ցանկանում ենք արտամարմնային բեղմնավորում  կատարել, սակայն ուզում եմ իմանալ՝ հնարավոր է՝ մեր՝ ամուսիններիս, ձվաբջիջներով երեխա ունենալ: Շնորհակալություն։

Պատասխան։ Արտամարմնային բեղմնավորման մեթոդը տվյալ պարագայում լավագույն մեթոդն է։ Հնարավոր է նաև դրա կիրառումը ԻՔՍԻ մեթոդով: Իսկ սեփական թե դոնորական բջիջների կիրառմամբ կկատարվի գործողությունը, կպատասխանի արտամարմնային բեղմնավորումն իրականացնող ձեր բժիշկը:

  

Անուն: Աննա

Հարց։ Բարև Ձեզ, զուգընկերոջս հետ 3 և ավելի անգամ փորձել եմ սեռական ակտ ունենալ, սկզբից ոչ ամբողջական ներհրումով, հետո՝ գրեթե լրիվ: Կծկումները, մրմռոցները և սեռական օրգանի ներսի հատվածի կարմրություն, արդյոք, նորմալ է, թե՞ հնարավոր է՝ բակտերիաներ են ներթափանցել։ Ու քանի որ սուր ցավ ու արյուն չի նկատվել, հետաքրքիր է՝ հնարավոր է՝ դեռ կույս եմ:

Պատասխան։ Առաջին անգամ սեռական հարաբերություն խորհուրդ է տրվում ունենալ պաշտպանվելով, քանի որ հարաբերության ընթացքում հնարավոր են լորձաթաղանթի և հարակից հատվածներում մաշկի միկրո, երբեմն մակրո վնասվածքներ: Ստացված վնասվածքները ստեղծում են հարմարավետ պայմաններ Ձեր նշած բակտերիաների ներթափանցման համար: Իսկ կուսաթաղանթի ամբողջականությունը պահպանված է, թե ոչ՝ կարելի է պարզել բժշկական զննումից հետո։

 

Անուն: Անանուն

Հարց։ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ։ Ես 6 շաբաթական հղի եմ։ Պտուղը մեծանում է, սակայն դեռևս սրտի բաբախյուն չեմ լսել։ Ունեմ արյունային արտադրություն, ցավեր չունեմ, առհասարակ։ Կարո՞ղ եք ասել՝ դա նորմա՞լ է հղիության այս շրջանում։

Պատասխան։ Սրտի բաբախյունը լսելու համար դեռ ժամանակ ունեք, իսկ արյունային արտադրությունը նորմալ չէ, դիմեք բժշկի: Արյունային արտադրությունը կարող է վիժման նախանշան հանդիսանալ:

 

Անուն: Լիլիանա

Հարց։ Բարև Ձեզ, ես 19 տարեկան եմ, արդեն մի քանի ամիս է՝ ամուսնացած եմ, սակայն դեռ կույս եմ։ Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այդ խնդիրը․ ես չափազանց լարվում եմ:

Պատասխան։ Կուսաթաղանթի դիրքից, տեսակից և առաձգականությունից կախված՝ դրա պատռումը կարող է բարդանալ: Եթե դրա առկայությունն անդրադառնում է Ձեր կյանքի որակի վրա, ապա դիմեք գինեկոլոգի:

 

Անուն: Մարինե

Հարց։ Բարև Ձեզ, ես 19 տարեկան եմ,  ամուսնացած եմ, սակայն կույս եմ, շատ եմ լարվում, արդյունքում ոչինչ չի ստացվում։ Խնդրում եմ՝ օգնեք ինձ Ձեր մասնագիտական խորհուրդներով։ Ինչպե՞ս հաղթահարել այդ խնդիրը:

Պատասխան։ Կախված է նրանից, թե ինչ նկատի ունեք՝ չստացվել ասելով: Եթե հարաբերություն չեք ունեցել վախերի պատճառով, ապա դիմեք սեքսապաթոլոգի, եթե հարաբերություն լինում է, բայց կուսաթաղանթի պատռում տեղի չի ունենում, ապա դիմեք գինեկոլոգի:

 

Անուն: Նորայր

Հարց։ Բարև Ձեզ, եթե մեկ  անգամ բուժումից հետո կնոջ մոտ չի ստացվել հղիանալ, մի տարի հետո ևս չի ստացվել, ապա պետք է նորի՞ց բուժվել։

Պատասխան։ Բուժումը սկսելուց առաջ պետք է պարզել խնդիրը: Դիմեք գինեկոլոգի, անցեք լիարժեք հետազոտություն և խնդրին համապատասխան ստացեք անհրաժեշտ բուժում:

 

Անուն: Թագուհի

Հարց։ Հարգելի՛ բժիշկ,  6 ամիս է՝ ամուսնացած եմ, չեմ հղիանում, դաշտանս կանոնավոր է եղել, սակայն հունիսին 3 օր ուշացել է։ Հնարավո՞ր է՝ այս ամիս հղիանամ։ Ասեմ, որ նկատում եմ լորձանման սպիտակ արտադրություն։

Պատասխան։ Մինչև մեկ տարի հղիության բացակայությունը խնդիր չի համարվում: Արտադրության քանակի և բնույթի հետ կապված խնդիրները պարզելու համար՝ դիմեք գինեկոլոգի: Երեք օր դաշտանային ցիկլի տատանումը խնդիր չէ:

 

Անուն: Տաթև

Հարց։ Բարև Ձեզ, բժիշկ, ունեմ 2 տղա, երկուսի  ծննդաբերության ժամանակ էլ պտղաջրերը կեղտոտ են եղել։ Հիմա պլանավորում եմ  երրորդն ունենալ։ Չէի ցանկանա նույնը կրկնվեր։ Խնդրում եմ՝ օգնեք,  բացատրեք՝ ի՞նչը կարող է կեղտոտ պտղաջրերի պատճառ լինել։

Պատասխան։ Հղիության ընթացքում պտղաջրերի քանակն ու որակը հանդիսանում են ինֆորմացիայի աղբյուր բժշկի համար: Պտղաջրերի աղտոտվածությունը ուշ ժամկետներում կարող է լինել պտղի կենսաբանական արգասիքի  պատճառով, ավելի վաղ շրջանում այն կարող է վկայել ինֆեկցիայի առկայության մասին:

Մինչև նոր հղիություն պլանավորելը դիմեք գինեկոլոգի և անցեք լիարժեք հետազոտուրյուն՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: