«Կեսարյան հատումից հետո տան պայմաններում ինչպե՞ս կարելի է ունենալ հարթ որովայն և ազատվել ավելորդ կիլոգրամներից». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

 

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

 

Անուն: Վարդուհի 

Հարց։ Կեսարյան հատումից հետո տան պայմաններում ինչպե՞ս կարելի է ունենալ հարթ որովայն և ազատվել ավելորդ կիլոգրամներից հատվածում։ 

Պատասխան։ Կեսարյան հատումից և, առհասարակ, ծննդաբերությունից հետո որովայնի հարթ և ձիգ լինելու խնդիրը հուզում է բոլոր կանաց։ Դրա համար անհրաժեշտ է ճիշտ սննդակարգ, ճիշտ պլանավորված ֆիզիկական ծանրաբեռնվածություն և ժամանակ։ Նաև շատ կարևոր է ճշտել մանկաբարձ-գինեկոլոգից այն ժամանակահատվածը, թե ծննդաբերությունից հետո երբ կարելի է ֆիզիկական աշխատանք կատարել։ Այդ ժամանակային ինտերվալը անհատական է։ Կախված ծննդաբերության կամ վիրահատության ընթացքից, ինչպես նաև մի շարք այլ հանգամանքներից՝ կարող է տևել 3 և ավելի ամիս։

 

 

Անուն: Սերի 

Հարց։ Բարև Ձեզ, վերջին անգամ դաշտան տեսել  եմ մայիսի 9-ին, հիմա հղի եմ․ թեսթի պատասխանները դրական են, ունեմ բոլոր նախանշանները։ Կարող եք ասել՝ քանի՞ շաբաթական է հղիությունը և ե՞րբ գնամ հիվանդանոց՝ գրանցվելու համար։ 

Պատասխան։ Ըստ Ձեր նշած տվյալների՝ Ձեզ մոտ 14 շաբաթական հղիություն է։ Սովորաբար հղիության համար հիվանդանոցում հաշվառվում են՝ սկսած 12 շաբաթականից։

 

 

Անուն: Անի         

Հարց։ Բարև  Ձեզ,  ես  ամուսնացել եմ  չորս  ամիս  առաջ և  դեռ  չեմ  հղիացել։ Կա՞  անհանգստանալու  պատճառ։ Օդափոխությունից  ունենում  եմ  ցիկլի  խախտումներ: 

Պատասխան։ Մինչ 1 տարի հղիության բացակայությունը անհանգստանալու պատճառ չէ։ Դաշտանային ցիկլի երկարաժամկետ բացակայությունը պատճառ է բժշկի դիմելու համար։

 

 

Անուն: Ալ 

Հարց։ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, ես 19 տարեկան եմ, ունեմ մեկ տղա, որը 10 ամսական է, երեխայիս ունեցել եմ կեսարյան հատումով։ Հիմա դարձյալ հղի եմ, բժիշկները հղիության բարեհաջող ընթացքը չեն երաշխավորում։ Ասացին՝ հնարավոր է՝ կարողանան պահպանել հղիությունը, բայց հնարավոր է նաև վիժում կամ վաղաժամկետ ծննդաբերություն։ Ի՞նչ խորհուրդ կտաք՝ ունենա՞մ երեխային, թե՞ ոչ։ 

Պատասխան։ Կեսարյան հատումից հետո 2 տարի ընդմիջումը նախընտրելի է։ Եթե հղիություն է գրանցվել այդ ժամկետից ավելի շուտ, դրա ընթացքի, հնարավոր բարդությունների և ելքի մասին կարող է կարծիք հայտնել միայն այն բժիշկը, ում դիմել եք։ Այս փուլում գնահատվում է հղիի վիճակը, կեսարյան հատման սպիի լիարժեքությունը և մի շարք այլ հանգամանքներ։

 

 

Անուն: Լիլու

Հարց։ Բարև Ձեզ, ինձ մոտ սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքները ցույց են տվել ձախ ձվարանի կիստա՝ 7մմ չափսով։ Ունեմ աջ ոտքի ձգող ցավեր, անցել եմ նյարդաբանական հետազոտություն և ստացել եմ նստաներվի բորբոքման բուժում, ցավերս մեղմացել են, բայց լիովին չեն անցել, հնարավո՞ր է՝ կանացի մեկ այլ խնդիր լինի։

Պատասխան։ Կիստան կարող է հանգեցնել աճուկային հատվածում տհաճ և ցավային զգացումների, սակայն Ձեր նշած կիստայի տեղակայումը և ցավացող ոտքը տարբեր կողմերում են։ Հնարավոր է՝ համընկնում է, հնարավոր է՝ անհրաժեշտ է կրկնակի հետազոտություն և անպայման բուժում։

 

 

Անուն: Մարինե 

Հարց։ Բարև Ձեզ, ես 23 տարեկան եմ, արդեն 7 ամիս է՝ ամուսնացած եմ։ Սեռական կյանքի առաջին իսկ ամսվանից դաշտանիս օրերը խախտվել են՝ մեկ շաբաթից մինչև երկու ամիս ուշացում է եղել։ Սա լու՞րջ խնդիր է։ Ասեմ նաև, որ ունեմ քաշի ավելացում։ Միայն մեկ անգամ անցել եմ սոնոգրաֆիկ հետազոտություն, ամեն ինչ նորմալ է եղել։ Շնորհակալություն։ 

Պատասխան։ Ձեր նշած գանգատները հուշում են հորմոնալ ֆոնի փոփոխությունների մասին։ Դիմեք մասնագետի։ Այս պարագայում մեկանգամյա սոնոգրաֆիան բավարար չէ։