«Ինչպե՞ս կարող եմ նախքան հղիանալը որոշել երեխայի սեռը»․ «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

Անուն: Տաթև

Հարց։ Բարև Ձեզ, խնդրում եմ՝ ասեք՝ պտղաջրերի  կեղտոտ լինելը ինչի՞ հետ է կապված։

Պատասխան։ Հղիության ընթացքում պտղաջրերի քանակն ու որակը հանդիսանում են ինֆորմացիայի աղբյուր բժշկի համար: Պտղաջրերի աղտոտվածությունը ուշ ժամկետներում կարող է լինել պտղի կենսաբանական արգասիքի (արտաթորանք)  պատճառով, ավելի վաղ շրջանում այն կարող է վկայել ինֆեկցիայի առկայության մասին:

 

Անուն: Լյուբա

Հարց։ Բարև Ձեզ, ես 2 ամիս առաջ եմ ամուսնացել։ Ինձ թվում էր, որ հղի եմ, որովհետև ունեի սրտխառնոց և թուլություն, սակայն առատ և արյան խոշոր կտորներով դաշտան սկսվեց։ Անհանգստանալու առիթ կա՞։

Պատասխան։ Արյան խոշոր կտորներով դաշտանը, ինչպես Դուք նկարագրում եք, նորմալ չէ, հետևաբար դիմեք բժշկի: Ինչ վերաբերում է հղիությանը, հնարավոր է՝ եղել է հղիություն, որը չի պահպանվել, բայց դա հաստատ պարզելու համար դիմեք գինեկոլոգի: 

 

Անուն: Լիանա Եդիգարյան

Հարց։ Բարև Ձեզ, կցանկանայի իմանալ՝ ինչպես կարող եմ նախքան հղիանալը որոշել երեխայի սեռը:

Պատասխան։  Երեխայի սեռը կախված է նրանից, թե ինչպես բեղմնավորման պահին կհամադրվեն քրոմոսոմները: Իգական բջիջը՝ ձվաբջիջը, կրում է միայն X քրոմոսոմ, իսկ արականը՝ X և Y քրոմոսոմներ: Սեռը ձևավորվում է՝ կախված այն բանից, թե արական բջջի քրոմոսոմներից որը կմիավորվի իգականին։ Արհեստական բեղմնավորման մեթոդով հնարավոր է պլանավորել սեռը, սակայն դրա ճշգրտությունը տատանվում է. սխալի հավանականությունը 30 % է: Մեթոդը կատարվում է ինսեմինացիայի միջոցով:  

 

Անուն: Անի

Հարց։ Բարև Ձեզ, իմ խնդիրը հետևյալն է` ծլիկի շրջանում՝ արտաքին մասում, փոքր շագանակագույն գոյացություն եմ նկատել, երբեմն այդ կողմում քոր եմ զգում։ Դա որքանո՞վ է  վտանգավոր, և բուժման ի՞նչ միջոցներ կան։ Նախապես շնորհակալություն։

Պատասխան։ Բուժման միջոցը որոշելու համար անհրաժեշտ է պարզել խնդիրը: Քորի պատճառ կարող են հանդիսանալ սխալ հագուստը, հիգիենայի կանոնների անտեսումը, սնկային և ինֆեկցիոն բնույթի խնդիրները և այլն։ Իսկ ինչ վերաբերում է գոյացությանը, դրա ծագմունաբանությունը և հետագա բուժումը հասկանալու համար՝ դիմեք գինեկոլոգի: 

 

Անուն: Նարինա

Հարց։ Բարև Ձեզ, մեկ տարի է՝ ամուսնացած ենք ու չեմ հղիանում։ Վիժում չի եղել, հետազոտվել ենք Շենգավիթ ԲԿ-ում։ Անալիզների պատասխանները նորմալ էին։ Ասացին՝ հղիություն կլինի, սպասում ենք, բայց այդպես էլ չեմ հղիանում։ Ի՞նչ խորհուրդ կտաք։ Նշեմ, որ 21 տարեկան եմ, ամուսինս՝ 27։ 

Պատասխան։ Վստահ եմ՝ եթե իմ կոլեգաներն ասել են, որ ամեն ինչ նորմալ է, ուրեմն դա այդպես է: Մի՛ հուսահատվեք. մինչև 1 տարի առանց պաշտպանվելու ակտիվ սեռական կյանքի պայմաններում հղիության բացակայությունը չի համարվում անպտղություն: Կարող եք մի քիչ էլ սպասել կամ կրկին դիմել բժշկի և անցնել հավելյալ հետազոտություններ։

  

Անուն: Աննա

Հարց։ Բարև Ձեզ, ես 19 տարեկան եմ, միշտ ունենում եմ դաշտանի ուշացումներ, վերջերս ունեմ աջ կողքի ցավեր։ Բուժում եմ ստացել երիկամային քարերի դեմ։ Հնարավո՞ր է՝ ուշացումների ու ցավի պատճառը դա է։

Պատասխան։ Դաշտանի ուշացումները կապված են լինում հորմոնալ ֆոնի հետ: Դաշտանի ուշացման պատճառը պարզելու համար պետք է դիմել գինեկոլոգի: Ինչ վերաբերում է ցավերին, դրանք կարող են լինել նաև երիկամային խնդիրների պատճառով, անկանոն դաշտանը կարող է դառնալ նաև ֆոլլիկուլյար կիստաների առաջացման պատճառ, իսկ դրանց մեծ չափսերի դեպքում նույնպես կարող են նկատվել ցավեր: 

 

Անուն: Նարի

Հարց։ Բարև Ձեզ, արդեն 2 անգամ է՝ ինսեմինացիա եմ անում և հաջողության չեմ հասնում, օրգանիզմս լրիվ առողջ է, ձվազատում ճիշտ ժամանակին կատարվում է։ Խնդրում եմ՝ ասեք՝ ինչի՞ հետ կարող է կապված լինել չհղիանալս։ Նախապես շնորհակալություն։

Պատասխան՝ Չհղիանալու պատճառները բազմազան են, տարբերում են՝ իգական և արական: Եթե արական պատճառները բացառում եք, ապա անհրաժեշտ է իգական հնարավոր խնդիրներից յուրաքանչյուրը ենթարկվի հետազոտության: Անկախ նրանից՝ բնական ճանապարհով է հղիությունը կատարվում, թե ինսեմինացիայի, բեղնավորումն իրականանում է փողերում: Եթե դեռ չեք ստուգել, խորհուրդ կտամ ստուգել արգանդափողերի անցանելիությունը: 

 

Անուն: Թինա

Հարց։ Բարև Ձեզ, ես ամուսնացած եմ, ունեմ 3 բալիկ, փոքրիկս 10 ամսական է։ 2 ամիս է՝ չեմ տեսնում դաշտան, թեստ եմ արել, պատասխանը բացասական է եղել, ՈւՁՀ-ն նույնպես փաստել է, որ հղի չեմ, բայց դաշտան չեմ տեսնում։ Նշեմ, որ փոքրիկս կրծքի կաթ է ուտում, և ես 8 ամիս է, ինչ պարույր եմ դրել։ Խնդրում եմ՝ ասեք՝ ինչ անեմ։ Կանխավ շնորհակալություն։

Պատասխան։ Եթե հղիության բացակայությունը հաստատված է, ապա դաշտանի բացակայության պատճառը պարզելու համար դիմեք գինեկոլոգի: Հնարավոր է՝ դա լինի հորմոնալ դաշտի խանգարման հետևանք: