«Հնարավո՞ր է՝ հորմոնալ խնդրի դեպքում հղիության թեսթը դրական արդյունք ցույց տա»․ «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

 «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

 Անուն: Մար

Հարց։ Բարև Ձեզ, ինձ մի հարց է հետաքրքրում․ արդեն 6 ամիս է, ինչ ամուսնացած եմ, ցիկլս ամուսնությունից հետո տևում է 34 օր, իսկ վերջին ամսում տևեց 29 օր։ Նորմա՞լ է։ Հիմա ցիկլիցս ուշացել է 10 օր, թեստը ցույց է տալիս դրական, բայց 2-րդ գիծը թույլ է։ Հնարավո՞ր է՝ հորմոնալ խնդրի դեպքում թեստը դրական արդյունք ցույց տա։

Պատասխան։ Ցիկլի խանգարումը մինչև 10 օր (եթե մշտական բնույթ չի կրում) խիստ անհանգստության պատճառ չէ: Եթե թեստը ցույց է տալիս դրական արդյունք, անգամ թույլ դրական, այն անհրաժեշտ է կրկնել մի քանի օրից: Դիմեք գինեկոլոգի՝ ՈՒՁՀ-ի կամ արյան մեջ մարդու ԽԳ-ի հայտնաբերման մեթոդով հղիության փաստը հաստատելու համար: 

 

Անուն: Նաիրա

Հարց։ Բարև Ձեզ: Ինձ մոտ 5 օր ցիկլի ուշացում է։ Այսօր առավոտյան հղիության թեստը դրական արդյունք ցույց տվեց: Բայց քանի որ 2 ամիս առաջ ունեցել եմ 5-6 շաբաթական հղիության վիժում, այժմ ունեմ վախեր, որ կարող է նույնը կրկնվել:  Ըստ իմ բժշկի՝ պետք է իրեն դիմել, երբ դաշտանն ուշացել է նվազագույնը 14 օր: Բայց նախորդ անգամ վիժումը 10-րդ օրը տեղի ունեցավ, և մտածում եմ՝ միգուցե հնարավոր կլիներ այդ ընթացքում որևէ բան ձեռնարկել  հղիությունը փրկելու համար:  Ի՞նչ խորհուրդ կտաք՝ հետևե՞մ բժշկիս խորհրդին ու սպասեմ, թե՞ ամեն դեպքում չհապաղեմ ու դիմեմ մեկ այլ բժշկի։

Պատասխան։ 5-6 շաբաթական հղիության վիժումից հետո, ըստ իս, ճիշտ կլիներ անցնել հետազոտություն և փորձել պարզել վիժման պատճառները: Դրանք կարող են տարաբնույթ լինել՝ ցիտոմեգալովիրուսից մինչև արյան թրոմբոֆիլային մուտացիաները: Դրանցից որևէ մեկի առկայության պարագայում անհրաժեշտ է բուժում, ինչը կհանդիսանա նաև պրոֆիլակտիկա՝ հետագա անհետևանք հղիությունների համար: 

 

Անուն: Մար

Հարց։ Բարև Ձեզ, այսօր հղիության թեստը դրական արդյունք ցույց տվեց։ Ցիկլիցս անցել է 11 օր, բայց այսօր նկատեցի շատ քիչ քանակությամբ արյուն։ Վտանգավո՞ր է:

Պատասխան։ Հարգելի՛ ընթերցող, ցավոք, Ձեր ներկայացրած ինֆորմացիայի հիման վրա չեմ կարող հստակ ասել վտանգների մասին: Խորհուրդ կտամ դիմել գինեկոլոգի, անցնել զննում և ուլտրաձայնային հետազոտություն: 

 

Անուն: Նոնա

Հարց։ Բարև Ձեզ, բժի՛շկ, դաշտանս անցած ամիս եղել է 8-ին, իսկ այս ամիս 6-ին։ Հղիության համար հավանական օրերը ե՞րբ են։

Պատասխան։ Հղիության համար անհրաժեշտ է ձվազատում և մի շարք այլ պայմաններ: Ձվազատման համար դասական են համարվում 12-14-րդ օրերը: Կախված դաշտանային ցիկլի տևողությունից (28, 30, 32 օր)՝ ձվազատումը կարող է տատանվել 11-16-րդ օրերը: Կարող եք ուղղորդվել այս տվյալներով: 

 

Անուն: Ալլա

Հարց։ Բարև Ձեզ, փոքրիկիս ծննդից 7 ամիս հետո վերսկսվել է դաշտանային ցիկլս։ 2 անգամ դաշտան եմ տեսել, այս ամիս՝ ոչ։ Հղիության թեսթը բացասական է ցույց տվել։

Պատասխան։ Եթե հղիության փաստը չհաստատվի  ավելի քան 10 օր, կամ դաշտանի սկսելու դեպքում նման երևույթ նորից  կրկնվի, անպայման դիմեք գինեկոլոգի:

 

 Անուն: Սոնա

Հարց։ Բարև Ձեզ, բժի՛շկ, աղջկաս ունեցել եմ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին։ Որքա՞ն ժամանակ հետո պետք Է հղիանալ, որ բալիկը տղա լինի։

Պատասխան։  Երեխայի սեռը կախված է նրանից, թե ինչպես բեղմնավորման պահին կհամադրվեն քրոմոսոմները: Իգական բջիջը՝ ձվաբջիջը, կրում է միայն X քրոմոսոմ, իսկ արականը՝ X և Y քրոմոսոմներ: Սեռը ձևավորվում է՝ կախված այն բանից, թե արական բջջի քրոմոսոմներից որը կմիավորվի իգականին։ Արհեստական բեղմնավորման մեթոդով հնարավոր է պլանավորել սեռը, սակայն դրա ճշգրտությունը տատանվում է. սխալի հավանականությունը 30 % է: Մեթոդը կատարվում է ինսեմինացիայի միջոցով: 

Եթե նկատի ունեք ժամանակային այն փաստը, որով կատարվում են պտղի սեռի պլանավորումները, օրինակ՝ ըստ արյան թարմության և այլն, դրանք սեռի պլանավորման հավաստի միջոցներ չեն:

 

 Անուն: Աննա

Հարց։ Բարև Ձեզ, ես 19 տարեկան եմ,  ունեմ 1.5 տարեկան բալիկ։ Ծննդաբերությունից հետո դաշտան չեմ ունեցել։ Երկրորդ հղիությունս 5-րդ ամսում վիժել եմ, կատարվել է աբորտ։ Արդեն 2 ամիս է՝ դաշտան չկա։ Թեսթ արել եմ, հղիություն չկա։ Նշեմ նաև, որ դյուֆաստոն եմ խմել՝ կաթնարտադրությունը դադարեցնելու համար։ Ի՞նչ խորհուրդ կտաք։

Պատասխան։ Խորհուրդ կտամ դիմել գինեկոլոգի, սկզբի համար անցնել ՈՒՁՀ և հորմոնալ հետազոտություններ: 

 

Անուն: Աննա

Հարց։ Բարև Ձեզ: Կերակրող մայր եմ,  մի կուրծքս քարացել է։ Ի՞նչ կարելի է խմել կամ քսել։

Պատասխան։ Կրծքի քարացումից խուսափելու համար անհրաժեշտ է անընդհատ կուրծքը դատարկել: Եթե արդեն այն վիճակն է, որ կուրծքը շատ է քարացել և տվյալ հատվածում կրծքագեղձը տաք է, առհասարակ, առկա է մարմնի նորմայից բարձր ջերմաստիճան, պետք է անպայման դիմել բժշկի, պարզել մաստիտի (կրծքագեղձի բորբոքում) առկայությունը և դրա տեսակը, ըստ այդմ՝ ստանալ համապատասխան բուժում:   

 

Անուն: Մանուշակ

Հարց։ Բարև Ձեզ, նաբոտիկ կիստաները վտանգաո՞ր են, և ի՞նչ  է արգանդի հակաֆեկտոն։ 

Պատասխան։ Հակաֆեկտոն արգանդի արտասովոր դիրքն է, որը դրևորվում է արգանդի հատակի հատվածով դեպի միզապարկ թեքվածությամբ: Այս պարագայում արգանդի մարմնի և պարանոցի միջև անկյունը դառնում է սուր: Ինչ վերաբերում է նաբոտիկ կիստաներին, դրանք խիստ վտանգ չեն, սակայն ենթակա են հսկողության, որովհետև ունեն աճի հակում: Նաբոտիկ կիստաները հեռացնել, թե ոչ՝ որոշում է գինեկոլոգը՝ զննման և դինամիկ հսկողության արդյունքում: 

 

Անուն: Անի Հարությունյան

Հարց։ Մոտ մեկ ամսական հղի եմ, ու արդեն 3 օր է՝ թեթև արյուն եմ տեսնում։ Անհանգստանալու կարիք կա՞։

Պատասխան։  Հղիության ընթացքում արյունային արտադրությունը նորմալ չէ։ Դիմեք բժշկի: 

 

Անուն: Լիլիթ

Հարց։ Բարև Ձեզ բժիշկ։ Ի՞նչ անեմ, որ 2-րդ բալիկ ունենամ, 1-ին բալիկիս ծննդից հետո մի աննկարագրելի վախ է առաջացել ինձ մոտ։ 

Պատասխան։ Կախված է նրանից, թե ինչ վախեր ունեք և ինչի հետևանքով են դրանք առաջացել: Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել հոգեբանի: 

 

Անուն: Երազիկ

Հարց։ Նախքան հղիանալը կարելի՞ է դուֆաստոն խմել,  ի՞նչ օգտակար հատկություներ ունի։ Շնորհակալություն։

Պատասխան։ Դյուֆաստոնը հորմոնալ պրեպարատ է: Ինչպես յուրաքանչյուր պրեպարատ, այն ունի իր դրական և բացասական հետևանքները: Առանց բժշկի խորհրդատվության դրա ընդունումը ճիշտ չեմ համարում:

 

Անուն: Աննա

Հարց։ Հարգելի՛ բժիշկ, քսուքի անալիզը ցույց է տվել մեծ քանակի էպիթելային բջիջներ, լեյկոցիտներ՝ 15-20-25տ.դ, կանդիդա սունկ և կոկեր։ Ի՞նչ խնդիր կա, ի՞նչ է պետք անել։

Պատասխան։ Ձեր նշած տվյալները վկայում են բորբոքային պրոցեսի մասին: Իսկ դրա ծագումը հստակ պարզելու համար անհրաժեշտ են հավելյալ հետազոտություններ, որոնց հիման վրա կարող է ձևավորվել հստակ եզրակացություն և ըստ այդմ՝ նշանակվել բուժում: