«Սթրեսը կարո՞ղ է դաշտանի ուշացման պատճառ լինել»․ «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

 

Անուն՝ Լիլի

Հարց՝ Բարև Ձեզ, տղամարդկանց պարագայում կոնկրետ ո՞ր հիվանդությունների դեպքում հնարավոր չէ թե՛ բնական և թե՛ արտարմարմնային բեղմնավորումով հղիանալ։

Պատասխան՝ Արական անպտղությունը դրսևորվում է սերմի քանակական կամ որակական հատկանիշների նվազմամբ: Լիովին անպտուղ է համարվում այն սերմը, որում բեղմնավորումն ապահովող սպերմատոզոիդներն ընդհանրապես բացակայում են։ Այդ ժամանակ դիմում են դոնորական սերմի օգնության:

 

Անուն՝ Մարիամ

Հարց՝ Բարև Ձեզ, ես ունեցել եմ սեռական հարաբերություն, որի հետևանքով սկսել է բորբոքային պրոցես (դեղնավուն արտադրություն)։ Հիմա չկա արտադրություն։ Հնարավո՞ր է՝ դա հանդիսանա ցիկլի ուշացման (8օր) պատճառ։ Նշեմ, որ օրվա ընթացքում ունենում եմ ծակոց որովայնի և հեշտոցի հատվածում։

Պատասխան՝ Կլինիկական դրսևորումների անհետացումը դեռ չի նշանակում, որ վերացել է խնդիրը, այն անցել է թաքնված փուլ: Դաշտանի ուշացման  պատճառը պարզելու համար, նախ, բացառեք հղիության փաստը, ապա դիմեք գինեկոլոգի:

 

Անուն՝ Սվետա

Հարց՝ Բարև  Ձեզ,  հարցս հետևալն  է․ առաջին հղիությունս բժշկի հսկողությամբ դեղորայքի միջոցով 6 շաբաթականում վիժեցրել եմ: Անցել է 2 տարի, և ցանկանում եմ դարձյալ հղիանալ, սակայն չի ստացվում։ Ի՞նչն է պատճառը։ Նաև նշեմ, որ վիժման պատճառն արյան խտությունն էր: Բացի դա, ամուսինս ուրեոպլազմա ու միկրոպլազմա վիրուս ուներ։ Նա բուժվել է։ Վահանաձև գեղձում փոքր չափսի հանգույցներ ունեմ, հիմա բժշկի հսկողության տակ եմ գտնվում։ 2 ամիս առաջ ձվազատումս ստուգեցի, նորմալ էր, արյան խտության համար կարդիոմագնիլ ու ֆոլաթթու եմ խմում, վահանաձև գեղձի համար՝ յոդոմարին։ Խնդրում եմ՝ օգնեք։

Պատասխան՝ Ձեր նշած բոլոր խնդիրների համար Դուք արդեն իսկ ստանում եք բուժում, վստահ եմ՝ շուտով կհասնեք արդյունքի։ Միայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարող են լինել խնդիրներ, որոնք դեռ չեն հայտնաբերվել՝ խորհուրդ կտամ նաև ստուգել արգանդափողերի անցանելիությունը:

 

Անուն՝ Մարի

Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի՛ գինեկոլոգ, ես ունեմ թաքնված ինֆեկցիա, որը փոխանցվել է նաև ամուսնուս։ Խնդրում եմ՝ ասեք՝ կարո՞ղ եմ հղիանալ և առողջ բալիկ ունենալ։

Պատասխան՝ Ինֆեկցիաներով հղիություն պլանավորել չի կարելի: Միայն զույգի լիարժեք բուժումից հետո կարելի է հղիություն պլանավորել, այլապես կարող են խնդիրներ առաջանալ ոչ միայն պտղի, այլ նաև անձամբ Ձեզ մոտ:

 

Անուն՝ Լիլիթ

Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, ես 22 տարեկան եմ, արդեն 9 ամիս է՝ ամուսնացած եմ, սակայն դեռ հղիություն չկա։ Երկու ամիս առաջ վիրահատվել եմ, աջ ձվարանի կիստայի հեռացում են արել։ Վիրահատությունից մեկ ամիս հետո գնացել եմ ստուգման, պարզվել է՝ արգանդս մի փոքր թեքված է։ Դա խանգարու՞մ է հղիանալուն։ Եթե այո, ապա ու՞ր գնալ, որպեսզի օգնեն մեզ։ Նշեմ, որ դաշտանս ցավոտ է լինում և նորմայից երկու-երեք օր շուտ։

Պատասխան՝ Դաշտանի 2-3 օրվա փոփոխությունները խնդիր չեն, արգանդի անատոմիական դիրքը՝ նույնպես: Ավելի հավանական է, որ Ձեզ մոտ հղիության բացակայության պատճառը ձվազատման բացակայությունն է: Խնդիրը պարզելու համար դիմեք գինեկոլոգի:

 

Անուն՝ Անահիտ

Հարց՝ Բարև Ձեզ, բժի՛շկ, եթե դեղորայքով հեռացրել եմ պտուղը, կարո՞ղ եմ նորից հղիանալ։ Տնային պայմաններում ինչպե՞ս ազատվեմ պտղից։

Պատասխան՝ Տնային պայմաններում ոչ մի պարագայում չի կարելի կատարել նման գործողություն: Եթե դեղորայքային ընդհատումը կատարվի գրագետ կերպով, համապատասխան պայմաններում և բժշկի հսկողությամբ, ապա հավանականությունը շատ քիչ է, որ հետագա հղիության համար խնդիրներ առաջանան:

 

Անուն՝  Շուշան

Հարց՝ Հնարավո՞ր է՝ պտուղը ստամոքս չունենա։

Պատասխան՝ Ցավոք, երբեմն հանդիպում ենք նման երևույթների, երբ պտղի ձևավորման ընթացքում ի հայտ են գալիս տարբեր տեսակի արատներ: Այո՛, հնարավոր է:

 

Անուն՝ Կարինե

Հարց՝ Ինձ մոտ սեռական հարաբերությունը մակերեսային է։ Հնարավո՞ր է՝ դրա պատճառով չհղիանալ։

Պատասխան՝ Հղիություն հնարավոր է նույնիսկ պահպանված կուսաթաղանթի դեպքում: Եթե սերմնահեղուկը արտազատվում է հեշտոցում, ապա հավանականությունը քիչ է:

 

Անուն՝ Գոհար

Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, ես 18 տարեկան եմ, ցիկլի ուշացում եմ նկատում։ Վերջերս նկատել եմ նաև, որ շագանակագույն արտադրություն կա: Այս ընթացքում նաև սթրես եմ ունեցել։ Կարո՞ղ է պատճառը դա լինել:

Պատասխան՝ Եթե հղիության փաստը բացառում եք, ապա ուշացման պատճառը պարզելու նպատակով պետք է դիմել գինեկոլոգի: Նշեմ, որ հոգեհուզական ոլորտն ուղիղ ազդեցություն ունի հորմոնալ համակարգի վրա: Սթրեսը կարող է հանդիսանալ դաշտանի ուշացման պատճառ:

 

Անուն՝ Էլեն

Հարց՝ Բարև Ձեզ, հղիությունը իմանալու նպատակով ճի՞շտ է ջեմաչափի օգտագործումը։ Եթե սանդղակը 37-ից բարձր է, ապա կա՞ հղիություն։

Պատասխան՝ Բազալ ջերմաստիճանի չափումը, նախ, թույլ է տալիս պարզել օվուլյացիայի օրը, այն հասնում է իր մաքսիմալ կետին, ինչից հետո, հղիության առկայության դեպքում, այն պահպանվում է: Ցուցանիշները տատանվում են 37.0-37.3 աստիճանի սահմաններում: 

 

Անուն՝ Անի

Հարց՝ Բարև Ձեզ, որքա՞ն է տևում դաշտանի բացակայությունը ծննդաբերությունից հետո։

Պատասխան՝ Այն կրում է անհատական բնույթ, սովորաբար դաշտանային ցիկլը վերականգնվում է 6 ամսվա ընթացքում:

 

Անուն՝ Անանուն

Հարց՝ Բարև Ձեզ, ես սեռական ակտի ժամանակ ունեցա արյան հետքեր։ Ստուգվել եմ, ասել են՝ արգանդի վզիկի բորբոքում ունեմ, հեշտոցի լորձաթաղանթի արտադրություն կա։ Նշանակել են պենոկսալ ֆորտե։ Խնդրում եմ՝ ասեք՝ կարելի՞ է սեռական ակտ ունենալ այս պարագայում։

Ե՞րբ բուժումն սկսեմ։ Դա վտանգավո՞ր հիվանդություն է։ Հնարավո՞ր է՝ փոխանցվի զուգընկերոջս։ 

Պատասխան՝ Խնդրում եմ՝ նշեք, թե ինչ հետազոտություն եք անցել, ի՞նչ է հայտնաբերվել: