«Մուլտեր նայելու հետևանքով հնարավո՞ր է դանդաղի երեխայի խոսքի զարգացումը»․ «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Անուն՝ անանուն

Հարց՝ Բարև Ձեզ, 6 ամիս է, ինչ ամուսնացած եմ և չեմ հղիանում։ Ինչպե՞ս չմտածեմ դրա մասին։

Պատասխան՝ Այդ սպասումներն իրականում խանգարում են: Սպասումներն առաջանում են այն մտքից, որ կարծում եք՝ ամուսնությանն անմիջապես հաջորդ ամսում պետք է լինի հղիություն: Եվ երբ չի արդարանում այդ սպասումը, հիասթափության և հուսահատության զգացում է առաջանում, որն սկսում է բարդացնել ու դժվարացնել հետագայում ինչպես իսկապես հղիանալու փաստը, այնպես էլ հղիության ընթացքը: Հայտնի է, որ հոգեբանական վիճակն անդրադառնում է մեր ֆիզիոլոգիական գործընթացների վրա: Ինչպես նաև մեկ գաղափարի վրա կենտրոնանալն ու կպչուն ձևով ինչ-որ բանի ձգտելը խանգարում է հենց դրան հասնելուն:

Այստեղ Ձեզ կարող է օգնել այն միտքը, որ իրականում երեխայի գոյությունը ենթադրում է շատ բարձր պատասխանատվություն, առօրյա դժվարություններ, մեծ ծանրաբեռնվածություն, հոգնածություն: Շատ հաճախ ամուսինների հարաբերություններում առաջին խնդիրներն առաջ են գալիս հենց երեխայի ծննդից հետո, քանի որ ծնողները շատ հոգնած են լինում, երբեմն ժամանակը չի բավականացնում միմյանց հետ շփվելու համար, դաստիարակության հետ կապված հակասություններ են առաջանում և այլն:

Այդ բարդություններն, իհարկե, հաղթահարելի են, իրար սիրող զույգերը սիրով են անցնում այդ դժվարությունների միջով, սակայն դրանք անխուսափելի են:

Ես առաջարկում եմ երեխայի ծննդի հարցը թողնել կյանքին, թող կյանքը որոշի, թե երբ պիտի Ձեր բալիկը գա Ձեր կյանք, իսկ Դուք վայելեք Ձեր ամուսնու հետ այդ առանձին և մտերմիկ շրջանը, քանի որ երեխայի ծննդից հետո ձեր կյանքն իսկապես փոխվելու է, դրական փոփոխությունների հետ մեկտեղ լինելու են նաև բացասական փոփոխություններ:

Վայելեք այն ժամանակը, որը ձեզ տրված է, իսկ այն, ինչ ձեզնից կախված չէ, թողեք կյանքին:

 

Անուն՝ Տաթև

Հարց՝ Երեխաս 3 տարեկան է, կծելու բնավորություն ունի։ Ի՞նչ կարելի է անել այդ դեպքում։

Պատասխան՝ Կծելն ագրեսիվության դրսևորում է: Պետք է հասկանալ՝ որն է պատճառը: Սովորաբար պատճառն այդ տարիքում լինում է ծնողների վերաբերմունքն ու արձագանքը: Քանի որ այս պահին չենք կարող հասկանալ պատճառները, կառաջարկենք մի քանի մոտեցում, որոնք կարող է մեղմել խնդիրը:

Առաջին հերթին չի կարելի պատժել նման վարքի համար: Պետք չէ շատ բուռն արձագանքել՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական առումով: Շատ հաճախ մեծերը նման վարքին բուռն են արձագանքում, օրինակ՝ ծիծաղում են, ուրախ արձագանք տալիս: Երեխաները շատ արագ ընկալում են այդ արձագանքը և կենտրոնանում այդ վարքի վրա՝ հետագայում հաճախ կրկնելով: 

Նման իրավիճակներում պետք է հնարավորինս աննկատ արձագանքել և ջանքերն ուղղել այդ իրավիճակներից խուսափելուն, այսինքն՝ հնարավորինս թույլ չտալ, որ երեխան կծի։ Տեղի ունենալու դեպքում պետք է հնարավորինս արագ ուշադրությունը շեղել և անտեսել այդ վարքը, որպեսզի երեխան չկենտրոնանա դրա վրա:

Եթե երեխան կծում է հասկանալով և գիտակցաբար, ապա պետք է որևէ սանկցիա կիրառել, ասենք՝ զրկել որևէ սիրելի խաղալիքից, որևէ տեղ գնալուց։ Դրանից հետո պետք է հստակ բացատրել, որ ինքն արել է անցանկալի և շատ վատ բան, ցավեցրել է մեկ այլ բալիկի կամ մեծահասակի, և դրա համար ինքը զրկվում է այս կամ այն բանից: Կրկնում եմ, որ այս մեթոդը կարելի է կիրառել միայն այն դեպքում, երբ երեխան հասկանում է իր արարքի բացասական լինելն ու արդեն հատուկ է դա անում:

  

Անուն՝  Սոնա

Հարց՝ Բարև Ձեզ, աղջիկս 4 տարեկան է, դարձել է ագրեսիվ։ Նա շատ խելացի է, բայց նայում է դեմքիս և անում է այն, ինչը գիտի, որ չի կարելի։ Դա անում է, որպեսզի ես զայրանամ։

Պատասխան՝ Հատուկ արվող անցանկալի գործողությունները հաճախ ծնողների գերխնամքի, անհետևողական և ծառայող դաստիարակության դեպքերում է լինում: Նորից դժվար է վստահ ասել, կռահել պատճառները, քանի որ դրանք շատ յուրահատուկ են լինում տարբեր ընտանիքների դեպքում: Բայց այստեղ կարելի է հստակեցել պահանջները, հստակեցնել անցանկալի վարքի դեպքում հետանքները և պահել դրանք հետևողականորեն: Եթե ծնողները ասում են մի բան, ապա պիտի հետևեն դրան, անեն և պահպանեն իրենց հաստատած կանոնները:

Պետք է վերականգնել ծնողների իշխանութունը երեխայի նկատմամբ: Նորմալ է, որ երեխան ենթարկվի իր ծնողներին և կառավարվի նրանց հրահանգներով: Երեխան 4 տարեկանում պիտի հասկանա «դադարեցրու», «մի՛ արա այլևս», «չի՛ կարելի» հրահանգները: Պետք է սկզբում բացատրել երեխայի համար մատչելի ձևով, ապա հետևել Ձեր իսկ սահմանած կանոններին: Եթե խախտեց, կիրառեք որոշակի և նախապես սահմանված սանկցիաներ: Որպես սանկցիա՝ կարող է կիրառվել ինչ-որ տեղ չգնալը, ինչ-որ բան չանելը, ինչ-որ բանից զրկվելը: Բայց հնարավորինս հստակ ու հաստատակամ դաստիարակության դեպքում այդ սանկցիաների կարիքը շատ քիչ է լինում:  

 

Անուն՝  Անժելա

Հարց՝ Բարև Ձեզ, տղաս 2 տարեկան է, գիշերները վեր է թռչում և բարձր ձայնով լացում է, ոչ մի կերպ չի հանգստանում։ Գիշերը կոմպոտ է խմում, փորձել եմ չտալ մի քանի օր, բայց չի ստացվել, ավելի բարձր էր գոռում։

Պատասխան՝ Չեմ կարծում, որ այդ տարիքի և, առհասարակ, որևէ տարիքի երեխային պետք է գիշերը կոմպոտ տալ: Կարծում եմ՝ այս հարցում պետք է խորհրդակցել մանկաբույժի հետ:

Հաջորդը պետք է մտածել երեխայի ցերեկվա մասին: Պիտի այնպես անեք, որ երեխայի ցերեկը խաղաղ ու հանգիստ անցնի, երեխան տագնապելու և նյարդայնանալու քիչ առիթներ ունենա:

 

Անուն՝  Արև

Հարց՝ Բարև Ձեզ, աղջիկս 2,8 տարեկան է, փորձում եմ  սովորեցնել գիշերանոթ նստելուն, խեղճանում-կոմպլեքսավորվում է: Առանց տակդիր` ոտքերը հավաքած է պահում, ձեռքն անընդհատ առջևում է պահում ու տոտիկ-տոտիկ, կռացած քայլում, խնդրում է` տակդիր հագցնեմ: Այդ պահերին խղճում եմ և անում ուզածը։ Հետը խոսել-համոզել-բացատրել եմ։ Խոսել եմ հանգիստ ու սիրով։ Ի՞նչ խորհուրդ կտաք։

Պատասխան՝ Եթե շարունակեք հագցնել տակդիրը, ինքը չի հրաժարվի այդ սովորությունից: Այսինքն՝ ամեն դեպքում պետք է մի օր դադարեք այդպես անել: Առաջարկում եմ խոսել երեխայի հետ և ասել, որ արդեն մեծ է, պետք է անի այնպես, ինչպես մեծ աղջիկները, մեծ քույրիկը կամ մայրիկն են անում։ Հասեք նրան, որ համաձայնի, այսինքն՝ ասի՝ «այո՛, ես էլ կօգտվեմ զուգարանից կամ գիշերանոթից»։

Հաջորդ փուլում պետք է տակդիրների քանակը սահմանել։ Մոտավորապես մեկ շաբաթվա տակդիր գնեք և ամեն օր օգտագործելիս նշեք, որ մնաց այսքան հատ, մնաց այնքան հատ, ու ինքն այդքան օր հետո պետք է օգտվի արդեն գիշերանոթից: Եվ իսկապես տակդիրներն ավարտվելուց հետո այլևս մի գնեք և թողեք, որ օգտվի  զուգարանից կամ գիշերանոթից: Անընդհատ տակդիրների քանակը հիշեցնելով և դրա մասին խոսելով՝ մենք երեխային կարող ենք պատրաստել գիշերանոթից օգտվելուն: Դրանից հետո ոչ մի դեպքում չպետք է գնել տակդիր, քանի որ հաջորդ օրը նորից պետք է սկսել ամեն ինչ 0-ից:

 

Անուն՝ Մանուշակ Ղազարյան
Հարց՝ Բարև Ձեզ, աղջիկս 2 տարեկան 2 ամսական է, 9 ամսականից բառեր է ասել, հիմա նախադասություն է կարողանում կազմել, բայց սկսել է մուլտեր նայել։ Դրանից հնարավո՞ր է խոսքի զարգացման դանդաղում լինի։ 

Պատասխան՝ Առհասարակ շատ մուլտեր դիտելը վնասում է ոչ միայն հոգեբանական, այլև ֆիզիկական զարգացմանը: Եթե նույնիսկ երեխայի խոսքի զարգացումը կանգ չառնի, երեխան այդ ժամանակահատվածում կարող է այլ բանով զբաղվել, օրինակ՝ խաղեր խաղալ, որոնք ավելի կնպաստեն իր զարգացմանը: Իսկ մուլտերը պարտադրում են երեխային անշարժ մնալ տեղում, վնասում են տեսողությունը, կլանում են ուշադրությունն ու կախվածություն են առաջացնում, կարող են ազդել երեխայի վարքի ու բառապաշարի վրա: Այսպիսով՝ երեխային թույլ տվեք մուլտ նայել օրական 30 րոպեից ոչ ավելի:

  

Անուն՝ Մարիամ
Հարց՝ Երեխաս 2 տարեկան է. նոր է հաճախում մանկապարտեզ, դարձել է ագրեսիվ, շատ է լաց լինում, իմ և հոր նկատմամբ մի տեսակ չարացել է։ Ուզում եմ հասկանամ` սա նորմա՞լ է։

Պատասխան՝ Իհարկե, նորմալ չէ երեխայի վարքի բացասական փոփոխությունը: Դա վկայում է նրա կյանքում որևէ անհարմարության գոյության մասին: Դա կարող է կապված լինել մանկապարտեզի կամ այլ խնդիրների հետ: Առանց իրավիճակին մանրամասն տեղեկանալու և երեխայի վարքը գնահատելու՝ հնարավոր չէ ասել՝ որոնք են վարքի պատճառներն ու հստակ գնահատել խնդրի բարդությունը:  

 

Անուն՝ Լիանա Միրզախանյան
Հարց՝ Բարև Ձեզ: Մինչև հարցիս անցնելը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր աջակցության համար: Աղջիկս 2 տարեկան է: Վերջերս շատ հաճախ է լաց լինում, թավալվում է գետնին, ջղաձգվում է և այնքան է գոռում, որ արդեն ձայնը կտրվել է: Նույնը կատարվում է նաև գիշերը:  Նյարդերի լարվածություն եմ նկատում։ Խնդրում եմ՝ ասեք՝ ինչպե՞ս վարվեմ, որպեսզի նման իրավիճակում կարողանամ հանգստացնել երեխայիս:

Պատասխան՝ Նախ՝ պետք է հասկանալ երեխայի լարվածության և վարքի փոփոխության պատճառները: Դրանք կարող են լինել զուտ տարիքային փոփոխություններ կամ որևէ խնդրի դրսևորման ձև: Հեռվից դժվար է դա գնահատել:

Եթե հասկանում եք, որ երեխան այդ վարքով ինչ-որ բան է պահանջում, կամակորություն է անում, ապա որևէ բան նման ձևով պահանջելու դեպքում պետք չէ անել: Այսինքն՝ ցանկացած դեպքում, երբ երեխան վատ վարքով, անցանկալի վարքով պահանջում է որևէ բան, պետք է չկատարել նրա կամքը։

Եթե վարքը միայն տարիքային բնույթ է կրում, պետք է պարզապես համբերատար լինել և, առանց հատուկ որևէ բան անելու, սպասել մինչև երեխան կհանգստանա։ Պետք չէ անհանգստանալ, պետք չէ հատուկ բաներ անել, պետք չէ շատ հուզվել ու կորցնել կառավարումը: Պետք է կառավարել իրավիճակը խաղաղ և հանգիստ: