«Հղի վիճակում կարելի՞ է երեխային կրծքով կերակրել»․ «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները  

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

Անուն՝ Եվա

Հարց՝ Բարև Ձեզ, ես 23 տարեկան եմ, արդեն մեկ տարի է՝ ամուսնացած եմ։ Դեռևս երեխա ունենալու փորձ չենք արել, թեպետ ես շատ-շատ եմ ցանկանում մայրանալ։ 3 ամիս առաջ ինձ մոտ առաջին անգամ դաշտանի խանգարումներ նկատեցի՝ 8 օր ուշացմամբ սկսվեց։ Սկզբում ուշադրություն չդարձրեցի, բայց երբ հաջորդ ամիս էլ կրկնվեցին ուշացումները, դիմեցի բժշկի, հանձնեցի հորմոնալ անալիզներ, որի արդյունքում պարզվեց՝ տեստոստերոն՝ 0.22,  պրոլակտին՝ 18.04, ֆոլ.խթանող հ.՝ 5.09, լյուտեինացնող հ.` 4.05, պրոգեստերոն` 0.99 և էստրադիոլ ե2` 34.05: Բժիշկն ասաց, որ պրոլակտինս է բարձր և շաբաթը մեկ անգամ մեկ ամիս տևողությամբ Դոստինեկս նշանակեց։ Սակայն բուժումը չի օգնում ու դարձյալ դաշտանի ուշացումներ ունեմ։ Անալիզի պատասխաները գրել եմ՝ նայելով թղթին։ Խնդրում եմ՝ ասեք՝ ի՞նչ խնդիր կա։ Նախապես շնորհակալություն։

Պատասխան. Բարև Ձեզ, Ձեր նշած տվյալների համաձայն՝ պրոլակտինը բարձր է, անհրաժեշտ է բուժում, որը Դուք ստանում եք: Խորհուրդ կտամ ուշադրություն դարձնել մյուս հորմոնների փոխհարաբերակցությանը և անցնել ՈՒՁՀ հետազոտություն՝ մասնավորապես ուշադրություն դարձնելով լորձաթաղանթին:

 

Անուն՝ Սուսաննա

Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, առաջին բալիկս 1,3 տարեկան է, հիմա 14 շաբաթական հղի եմ, սակայն դեռ կերակրում եմ բալիկիս։ Խնդրում եմ՝ ասեք՝ կարելի՞ է հղի ժամանակ կերակրել երեխային, թե՞ ոչ։ Նշեմ, որ հղիությունս անցնում է շատ լավ։

Պատասխան՝ Բարև Ձեզ։ Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ հղիության ընթացքում կրծքով կերակրումը վտանգավոր չէ։ Սակայն որոշակի կլինիկական դրսևորումների պարագայում հղիությունը վերահսկող բժիշկը կարող է այն դադարեցնելու որոշում կայացնել։

 

Անուն՝ Ալինա

Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ: Արդեն 2 ամիս է` երեխայիս կրծքով չեմ կերակրում, սակայն ինձ մոտ շարունակվում է կաթ արտադրվել, ինչն էլ առաջացնում է ծանրության և անհարմության զգացում։ Որոշել եմ դեղ օգտագործել։ Ի՞նչ խորհուրդ կտաք։

Պատասխան՝ Բարև Ձեզ, խորհուրդ կտամ առանց բժշկի նշանակման ոչ մի որոշում չկայացնել: Դիմեք Ձեր բժշկին:

 

Անուն՝ Հասմիկ

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, դետեմբերի 12-ին վիրահատվել եմ, հեռացվել է արգանդի միոմա։ Վիրահատության ժամանակ եղել եմ կույս, հիմա պատրաստվում եմ ամուսնանալ։ Որքանո՞վ այն կարող է խանգարել իմ ամուսնությանը։ Ե՞րբ է կարելի ամուսնանալ և ունենալ սեռական հարաբերություն։

Պատասխան. Բարև Ձեզ, խնդրում եմ՝ նշեք՝ վիրահատական ի՞նչ մեթոդով է կատարվել միոմայի հեռացումը:

 

Անուն՝ Խորեն

Հարց՝ Ես 27 տարեկան եմ: Մի քանի օր առաջ մարմնավաճառ կնոջ հետ ունեցել եմ սեռական հարաբերություն, որի ժամանակ պահպանակը պատռվել է: Երբ դա նկատել եմ, դադարեցրել եմ հարաբերությունը: Ինձ հետաքրքիր է՝ հնարավո՞ր է՝ սեռական հիվանդությամբ վարակված լինեմ և ի՞նչ նախանշանների դեպքում կարող եմ հասկանալ, որ վարակվել եմ։

Պատասխան՝ Բարև Ձեզ, եթե զուգընկերն ունեցել է սեռական հիվանդություններ, ապա հնարավոր է դրանցով վարակումը: Կլինիկական դրևորումները տարբեր են՝ այրոցի զգացողություն միզուկի շրջանում, միզարձակության դժվարացում, արտադրություն և այլն: Դիմեք մասնագետի:

 

Անուն՝ Անի

Հարց՝ Բարև Ձեզ, որքան ժամանակ է՝ հեշտոցումս այրոց և ցավեր ունեմ։ Մի քանի օր է՝ պարբերաբար լվացումներ եմ կատարում, բայց դեռ ոչ մի արդյունք չկա: Ի՞նչ խորհուրդ կտաք։

Պատասխան՝ Բարև Ձեզ, խորհուրդ կտամ լվացումներ չանել: Դրանք կարող են խախտել հեշտոցային միկրոֆլորան: Հեշտոցի այրոցի պատճառը հասկանալու համար դիմեք մասնագետի և անցեք հետազոտություն:

 

Անուն՝ Մելսիդա

Հարց՝ Բարև Ձեզ: 2 ամիս է՝ դաշտան չեմ ունեցել, անցել եմ ՈՒՁ հետազոտություն, նկատվել է կիստոզ գոյացություն, նշանակել են Դյուֆաստոն: 10 օր խմելուց հետո ունեցել եմ դաշտան: 6-րդ օրն անցել եմ ՈՒՁՀ, կիստա չի հայտնաբերվել։ Նշեմ, որ կույս եմ։

Պատասխան՝ Բարև Ձեզ, խնդրում եմ հստակեցնել հարցը:

 

Անուն՝ Մարինե

Հարց՝ Բարև Ձեզ, ես 22 տարեկան եմ։ Դաշտանային ցիկլս միշտ նորմալ է եղել, բայց հիմա 1 օրով ուշանում է։ Ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք թեստը հիմա ճիշտ արդյունք ցույց կտա: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան. Բարև Ձեզ, այո. եթե առկա է հղիություն, թեստն արդեն ցույց կտա: Կարող եք ընտրել համեմատաբար բարձր զգայունությամբ թեստեր: