«Ինձ մոտ բացակայում է աջ ձվարանը. դա կարո՞ղ է օրգազմ չունենալու պատճառ հանդիսանալ»․ «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը:

Անուն՝ Արուս Սիրականյան

Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, մի տարի է՝ ամուսնացած եմ, հարաբերության սկզբում սուր ցավ եմ զգում, իսկ դրանից հետո ոչինչ չեմ զգում, օրգազմի չեմ հասնում, իսկ ամուսնուս մոտ շատ շուտ է սերմնաժայթքում տեղի ունենում։ Ինչ-որ խնդիր կա՞։ Կանխավ շնորհակալություն։ 

Պատասխան՝ Հարգելի՛ ընթերցող, Ձեր հարցից կարող ենք արձանագրել, որ ամուսնական, սեքսուալ աններդաշնակության հանգեցրել է  հիմնական երկու սեքսոլոգիական խնդիր՝ Ձեզ մոտ առկա է ցավ սեռական հարաբերության ժամանակ /դիսպարեունիա/ և անօրգազմիա, ամուսնու մոտ՝ վաղաժամ սերմնաժայթքում: Հնարավոր է՝ վաղաժամ սերմնաժայթքումը զարգացած լինի երկրորդային ճանապարհով՝ պայմանավորված կնոջ մոտ սեռական հարաբերության ժամանակ առկա ցավով: Այսպիսի խնդիրները երբեմն հանգեցնում են նաև սեռական ցանկության նվազման, ինչը նույնպես արատավոր օղակի զարգացման մեխանիզմով կարող է խորացնել սեքսոլոգիական խնդիրները: Անհրաժեշտ է քննարկել և պարզաբանել սեքսոլոգիական խնդիրները և իրականացնել արդյունավետ բուժում:

 

Անուն՝ Արփինե Առաքելյան
Հարց՝ Բարեւ Ձեզ, տարիներ առաջ ես մի սխալ եմ թույլ տվել, որի համար մինչ օրս հանգիստ չունեմ։ 14 տարեկանում ես ինքս ինձ զրկել եմ կուսությունից՝ առանց գիտակցելու, թե ինչի համար է այն։ Ամունուս հետ առաջին հարաբերության ժամանակ արյուն չնկատվեց, եւ ես հասկացա իմ արարքի լրջությունը։ Աղոտ եմ հիշում, բայց այն ժամանակ, կարծես, ցավ չեմ զգացել, արյուն չկար։ Հիմա իմ և ամուսնուս հարաբերությունները շատ վատ են, ես օգնության կարիք ունեմ։ Մինչև անգամ փորձել եմ ինքնասպան լինել, քանի որ չեմ հասկանում, թե իրականում ինչ է կատարվել ինձ հետ և ինչպես եմ կորցրել կուսությունս։ Խնդրում եմ՝ օգնեք, քանի որ չեմ ուզում կորցնել ընտանիքս։

Պատասխան՝ Իհարկե, այս հարցի շուրջ կարծիքները և մոտեցումները խիստ անհատական են, և կարծում եմ՝ այն չի գտնվում սեքսապաթոլոգիայի  ուսումնասիրման տիրույթում։ Կարող եք այն քննարկել գինեկոլոգների հետ, քանի որ հայտնի են կուսաթաղանթի զարգացման  բազմաթիվ վարիացիաներ և անոմալիաներ:

 

Անուն՝ Անի Ավագյան
Հարց՝ Բարև Ձեզ, սեռական հարաբերության ժամանակ  չեմ կարողանում օրգազմի հասնել։ Ի՞նչն է պատճառը։

Պատասխան՝ Անօրգազմիան կնոջ մոտ հաճախ հանդիպող բազմապատճառային սեքսոլոգիական խնդիր է, կարող է պայմանավորված լինել տարաբնույթ գործոններով, միջանձնային խնդիրներով, ֆունկցիոնալ և օրգանական խանգարումներով,  ուստի բուժման արդյունավետությունը կախված է խնդրի ճիշտ ախտորոշումից և զարգացման մեխանիզմների ուսումնասիրությունից:

 

Անուն՝ Աննա
Հարց՝ 5 ամիս է՝ ամուսնացած եմ։ Վերջերս զգում եմ, որ հարաբերության ընթացքում ոչինչ չեմ զգում։ Ամուսնությունից առաջ ինձ մոտ գտել էին խնդիր՝ լուտեինացնող հորմոնի և ֆոլիկուլախթանող հորմոնի շեղում։ Հնարավո՞ր է, արդյոք, սա հանդիսանա պատճառ։

Պատասխան՝ Որոշ դեպքերում հորմոնալ խանգարումները կարող են բացասական ազդել կնոջ օրգաստիկ ֆունկցիայի վրա, սակայն կնոջ անօրգազմիան բազմապատճառային սեքսոլոգիական խնդիր է, ուստի անհրաժեշտ է անպայման ուսումնասիրել նաև ֆունկցիոնալ գործոնները, միջանձնային փոխհարաբերությունները և այլն:

 

Անուն՝ Մանե
Հարց՝ Երեխայիս ունեցել եմ 2 ամիս առաջ և դեռ դաշտան չեմ ունենում։ Հնարավո՞ր է՝ հղի եմ։ Ասեմ, որ ունենում ենք ընդհատված, ոչ լիարժեք սեքս։

Պատասխան՝ Հնարավոր է, քանի որ ընդհատված սեռական ակտը՝ որպես բեղմնականխման մեթոդ, խիստ անհուսալի է, ինչպես նաև բացասական է ազդում հատկապես տղամարդու ներքին սեռական օրգանների վրա /հնարավոր է պատճառ հանդիսանա կանգային երևույթների, վազոկոնգեստիայի/, ուստի խորհուրդ չի տրվում հաճախ կամ երկարատև կիրառել այդ մեթոդը:

 

Անուն՝ Անանուն

Հարց՝ Բարև Ձեզ, ես մեկ շաբաթ է՝ ամուսնացել եմ, 18 տարեկան եմ, բայց ամուսնուս հետ սեռական հարաբերությունների ժամանակ հաճույք չեմ ստանում։ Նշեմ, որ ինձ մոտ բացակայում է աջ ձվարանը։ Հնարավո՞ր է, որ պատճառը ձվարանի բացակայությունն է։

Պատասխան՝ Իհարկե, ոչ: Ձվարանի բացակայությունը պատճառ չի հանդիսանում անօրգազմիայի համար, և կարծում եմ՝ Ձեր պարագայում կարիք չկա անհանգստանալու, քանի որ շատ դեպքերում կնոջ օրգազմի զգացողությունը արթնանում է որոշակի ժամանակ կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո:

 

Անուն՝ Նելլի
Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, հնարավո՞ր է, արդյոք, սեռական ջղաձգման կամ օրգազմի հետևանքով կուսաթաղանթը պատռվի։ Նշեմ, որ որևէ ներհրում չի եղել։

Պատասխան՝ Անհասկանալի է սեռական ջղաձգում արտահայտությունը, չեմ կարող ենթադրել, թե հատկապես ինչ նկատի ունեք, ուստի այդ առումով չեմ կարող պատասխանել, բայց օրգազմի պատճառով կուսաթաղանթի վնասում, եթե որևէ ներհրում չի եղել, գործնականորեն հնարավոր չէ: