«Ի՞նչ մեթոդներ կան՝ տղա ունենալու հավանականությունը հաշվարկելու համար»․ «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

 

Անուն՝ Խաչատրյան
Հարց՝ Բարև Ձեզ, բժիշկ, 5 շաբաթական հղիությունս ընդհատվեց, բժիշկս ասաց՝ պտուղը չի զարգանում։ Նշեմ, որ պտուղն ինքն իրեն է ընկել։ Առանց դեղորայքային և գործիքային միջամտության վիժումից հետո բժիշկս ասաց, որ ստուգումներ և անալիզներ պետք չեն, իսկ 3 ամիս հետո կարող եմ դարձյալ հղիանալ։ Արդեն անցել է 5 ամիս, 2 ամիս է՝ ուզում եմ հղիանալ, բայց չի ստացվում։ Դաշտանս նորմալ է, ամեն օր խմում եմ ֆոլաթթու։ Հնարավո՞ր է՝ այլևս չհղիանամ։

Պատասխան՝  Բարև Ձեզ, իհարկե, կհղիանաք: Զինվեք համբերությամբ, սակայն ես խորհուրդ կտայի հետազոտվել, քանի որ նախորդ հղիության ընդհատման պատճառը կարող է լինել մի բան, որը խանգարի հետագա հղիությանն ու դրա զարգացմանը:

 

Անուն՝  Մելինե
Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, հղիությանս վերջին շաբաթներն են։ Այս ընթացքում մազերս չեմ ներկել։ Ի՞նչ խորհուրդ կտաք․ հիմա՞ է ճիշտ ներկել, թե՞ երեխայի ծննդից հետո։ Գիտեմ, որ առանց ամոնիակի ներկ պետք է օգտագործեմ:

Պատասխան՝ Բարև Ձեզ, կան այնպիսի ներկեր, որոնք վտանգավոր հղիության ընթացքում: Ճիշտ ներկի ընտրության դեպքում խնդիր չի առաջանա:

 

Անուն՝  Տաթև
Հարց՝ Բարև Ձեզ, 2-րդ հղիությունս է, ունեմ սարսափելի հոգնածություն և  ոտքերի ցավ։ Առաջին հղիության ժամանակ այդպես չի եղել։ Խնդրում եմ՝ օգնեք։

Պատասխան՝  Բարև Ձեզ, խնդրում եմ՝ նախ նշեք՝ քանի շաբաթական է հղիությունը և, արդյոք, ունեք ողնաշարի կամ անոթային խնդիր:

 

Անուն՝  Անանուն

Հարց՝ Բարև Ձեզ, խնդրում եմ՝ ասեք՝ ինչը կարող է դաստակների և կրծքավանդակի շրջանում մազակալման պատճառ դառնալ։ Հնարավո՞ր է՝ դա լինի հորմոնալ խանգարում (դաշտանի խախտում չկա, 17 տարեկան եմ)։

Պատասխան՝ Բարև Ձեզ, հնարավոր է, որ լինի հորմոնների աշխատանքի խախտման հետևանք: Խորհուրդ կտամ դիմել մասնագետի և անցնել հորմոնալ հետազոտություն:

 

Անուն՝  Մարիամ
Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, արդեն բավականին երկար ժամանակ է՝ մոտս հաճախամիզություն է սկսվել, ու դրան զուգահեռ ջերմությունս արդեն 1 տարի է՝ 37, 37.5-ից չի իջնում, դիմել եմ բժշկի։ Հորմոնալ խանգարման համար 3 ամիս «Դիանե 35» եմ խմել, բայց ասացին, որ ջերմությունը դրա հետ կապ չունի։ Դուք ի՞նչ խորհուրդ կտաք։

Պատասխան՝  Բարև Ձեզ, Ձեր նշած գանգատների հիման վրա խորհուրդ կտամ անցնել ինֆեկցիաների հետազոտություն և հանձնել մեզի բակ.ցանքս:

 

Անուն՝  Սիլվա

Հարց՝ Բարև Ձեզ, ես 29 տարեկան եմ, սպասում եմ 3-րդ բալիկիս, հղիությունս 29 շաբաթական է։  2 ամիս առաջ նկատեցի, որ օրվա ընթացքում ջերմում եմ՝ 37-37.2։ Ջերմում եմ անկանոն. պատահում է` օրվա 1-ին կեսին ունենում եմ ջերմություն, իսկ 2-րդ կեսին` ոչ: Պատահում է նաև հակառակը` օրվա 2-րդ կեսին եմ ջերմում կամ ցերեկվա ժամերին:
Մեզի անալիզ հանձնեցի, լեյկոցիտներ կային մեզիս մեջ (25+)։ Ստացա Լենդացին (ցեֆտրիակսոն) 1գ` 5 օր, ապա Կանեֆրոն հաբեր`10 օր։ 
Մեզի անալիզը կրկնեցի, պատասխանը նորմայի մեջ էր։  Բայց շարունակում եմ ջերմել։ Նշեմ, որ բուժման ընթացքում էլ պահպանվել է նույն ջերմությունը։ Հանձնեցի Հեպատիտի անալիզ,  Էփշտեյն Բարրի (մոնոնուկլեոզ) և ուրեոպլազմոզի անալիզ, պատասխանները բացասական եկան։ Եղել եմ թոքաբանի, էնդոկրինոլոգի և քիթ-կոկորդի մասնագետի մոտ կոնսուլտացիայի, ամեն ինչ նորմալ էր։ Նշեմ, որ ունեմ խրոնիկ տոնզիլիտ, բայց բժշկի պնդմամբ՝ ջերմությանս պատճառը դա չէ, քանի որ կոկորդս հանգիստ վիճակում է, բորբոքված չէ։ 
Երիկամներս եմ ստուգել, ամեն ինչ նորմալ էր։ Դոպլերի պատասխանն էլ նորմայի մեջ է եկել` առանց որևէ խնդրի կամ բարդության։ 
Հնարավո՞ր է՝ ինձ մոտ առկա այս վիճակը որևէ խնդրի հետևանք լինի։ Ի՞նչ այլ անալիզ հանձնեմ` ջերմությանս պատճառը գտնելու համար։

Պատասխան՝ Բարև Ձեզ, 37-ից 37.2 ջերմաստիճանը կարող է լինել ոչ ախտաբանական պատճառներով: Ջերմաստիճանի նորմատիվը համարվում է 36.6, բայց դա պայմանական թիվ է. իրականում՝ ամպլիտուդը շատ մեծ է՝ 35.2-ից մինչև 37.2, առավել ևս, որ հղիության ժամանակ նկատվում է ջերմաստիճանի բարձրացում: Դուք անցել եք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և գտնվում եք հսկողության տակ, մի՛ անհանգստացեք:

 

Անուն՝  Լիլի
Հարց՝ Բարև Ձեզ, ես 24 տարեկան եմ, ունեմ 1 դուստր, ցանկանում եմ ունենալ արական սեռի երեխա։ Ի՞նչ մեթոդներ կան՝ տղա ունենալու հավանականությունը հաշվարկելու համար։ Նախապես շնորհակալություն։

Պատասխան՝ Բարև Ձեզ, սեռի որոշման հավանականությունը 50/50 է։ Հաշվարկի մեթոդով հստակ արդյունք չի կարող գրանցվել: Գոյություն ունեն այլ մեթոդներ՝ կոնկրետ սեռի երեխա ունենալու համար։ Կարող եք դիմել դրանցից մեկին, օրինակ՝ x կամ y քրոմոսոմներ կրող սերմնաբջիջների սելեկցիայի մեթոդին: