«Առնանդամի կորությունը կարող է ազդել սեռական հարաբերությունների որակի վրա». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը:

 

Անուն՝ Մոնթէ

Հարց՝ Բարև Ձեզ, ես 18 տարեկան եմ։ Առնանդամս մի փոքր կորություն ունի և սեքսի ժամանակ զուգընկերուհիս ասում է, որ կոպիտ եմ, որքան էլ փորձում եմ նուրբ լինել։ Հնարավոր է՝ առնանդամիս կորության պատճառով լինի ցավը։ Առաջին սերմնաժայթքումը կես ժամ է տևում, իսկ երկրորդը՝ մեկ ժամից ավելի։ Ե՛վ ես եմ հոգնում, և՛ ընկերուհիս։ Ի՞նչ անել, որպեսզի ավելի արագ հասնեմ օրգազմի։

Պատասխան՝ Առաջին խնդիրը հնարավոր է պայամանավորված լինի առնանդամի ֆիբրոպլաստիկ ինդուրացիայով /Պեյրոնի հիվանդություն/, ինչը պատճառ է հանդիսանում առնանդամի ծռման։ Անհրաժեշտ է անպայման հետազոտվել։ Երկրորդ խնդիրը կոչվում է ejaculatio tarda /սերմնաժայթքման խանգարումներից է/, ուշացած կամ դժվարացած սեմնաժայթքում, երբեմն նաև սեմնաժայթքման անհնարինություն, ինչի կապակցությամբ  նույնպես պետք է անցնել հետազոտություն՝ արդյունավետ բուժում իրականացնելու համար:

 

Անուն՝ Շուշան

Հարց՝ Բարև Ձեզ։ Հնարավոր է՝ կուսաթաղանթը պատռվի, եթե դաշտանի ժամանակ կատարել եմ ձեռնաշարժություն՝ առանց որևէ առարկայի ներհրմամբ։ Եվ եթե պատռվել է, ես դա կզգայի՞։

Պատասխան՝ Եթե ներհրում տեղի չի ունեցել, ապա հավանական չէ, որ վնասվի կուսաթաղանթը:

 

Անուն՝ Հրանտ
Հարց՝ Առնանդամի դեպի ձախ ծռության դեպքում ի՞նչ մեթոդներ կան ուղղելու կամ ի՞նչ բուժում կա։

Պատասխան՝ Առնանդամի ծռությունը հիմնականում պայմանավորված է լինում առնանդամում ֆիբրոպլաստիկ վահանիկների առակայությամբ /Պեյրոնի հիվանդություն/ և ծռումը տեղի է ունենում հենց այդ կրճիկանման/ ֆիբրոպլաստիկ ինդուրացիա / վահանիկների ուղղությամբ, ինչը հաճախ խոչընդոտում է իրականացնել լիարժեք սեռական հարաբերություն: Բուժման մի քանի մեթոդներ կան՝ էրեկտորների կիրառում, հարված-ալիքային թերապիա, միկրովիրաբուժական:

 

Անուն՝ Ալինա
Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, ամուսինս սեռական հարաբերության ժամանակ շատ շուտ է հասնում օրգազմի: Մենք դեռ երեխա չենք ուզում ունենալ,  դաշտանիս օրն էլ անցել է, սակայն դաշտան այդպես էլ չի եղել։ Ունեմ ցավեր, ի՞նչ է պետք անել։ 

Պատասխան՝ Վաղաժամ սերմնաժայթքումը հաճախ հանդիպող սեքսոլոգիական խնդիր է: Ձեր ամուսնու մոտ առկա վաղաժամ սերմնաժայթքման առումով անհրաժեշտ է հետազոտվել, պարզել խնդրի առաջացման պատճառները և իրականացնել համապատասխան բուժում, իսկ դաշտանային ֆունկցիայի խանգարումների հետ կապված անհրաժեշտ է խորհրդակցել գինեկոլոգի հետ:

 

Անուն՝ Անանուն
Հարց՝ Բարև Ձեզ, առաջին հարաբերության ժամանակ արյուն չի եկել, ի՞նչը կարող է պատճառ լինել։

Պատասխան՝ Միշտ չէ, որ առաջին հարաբերությունը ուղեկցվում է կուսաթաղանթի վնասումով կամ արյան առկայությամբ, հնարավոր են կուսաթաղանթի անատոմիական և տեղակայման բազմաթիվ վարիացիաներ: 

 

Անուն՝ Համլետ

Հարց՝ Բարև Ձեզ, ես 30 տարեկան եմ ու դեռ իմ կյանքում չեմ ունեցել լուրջ սեռական հարաբերություն: Խնդիրն այն է, որ ես ձեռնաշարժության ժամանակ շատ շուտ եմ հասնում օրգազմի, այդ իսկ պատճառով վախենում եմ սեռական հարաբերություն ունենալ ինչ-որ մեկի հետ: Ի՞նչ խորհուրդ կտաք։ 

Պատասխան՝ Մաստուրբացիայի ժամանակ դիտվող վաղաժամ սերմնաժայթքումը չի կարող հիմք հանդիսանալ այն ենթադրության, որ ձեզ մոտ սեռական հարաբերության ժամանակ նույնպես կդիտվի վաղաժամ սեմնաժայթքում: Սերմնաժայթքման տևողության կառավարումը հմտություն է, որը ձեռք է բերվում ռեգուլյար սեռական կյանքով ապրելու ընթացքում, եթե ամեն ինչ ընթանում է նորմայի սահմաններում: Ձեզ մոտ առկա մտավախությունը սեքսոլոգիայում ընդհանուր առմամբ բնորոշվում է որպես կատարման տագնապ / performance anxiety/, ինչը շատ արդյունավետ կորեկցիայի է ենթարկվում՝ սպեցիֆիկ բուժում իրականացնելու պարագայում:

 

Անուն՝ Խաչիկ
Հարց՝ Բարև Ձեզ, իմ առնանդամը 15 սմ է, այսինքն՝ դա նորմալ չափս է։ Բայց ես ուզում եմ մոտ 7 սմ-ով մեծացնել։ Հնարավո՞ր է դա։ Եթե այո, ապա ինչպե՞ս։ 

Պատասխան՝ Սեռական անդամի չափսը որևէ կլինիկական նշանակություն չունի /իհարկե, եթե առկա չէ միկրոպենիս/, սակայն շատ հաճախ ենք հանդիպում տղամարդկանց մոտ այսպիսի մտահոգությունների և ցանկությունների: Նախ նշեմ, որ տարբեր միջոցներով գովազդվող գելերը /իբրև նախատեսված առնանդամի չափսերի մեծացման և ֆունկցիայի կարգավորման համար/  չունեն ապացուցողական բժշկությամբ հիմնավորված արդյունավետություն, չեն անցել որևէ լուրջ կլինիկական փորձարկումներ և նույնիսկ չկան տվյալներ՝ դրանց անտանգ լինելու մասին, ուստի չի կարելի օգտագործել՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու:

Լոկալ բացասական ճնշում ապահովող սարքերը, առնանդամի արտաքին ձգում ապահովող հարմարանքները, որոշակի /ոչ շոշափելի/ արդյունք կարող են տալ, վիրաբուժական մեթոդները առավել արդյունավետ կարող են լինել /հատվում է առնանդամի կախակալ կապանը, ինչը հանգեցնում է անդամի՝ այսպես կոչված գաղտնի մասի արտահայտվելուն/, սակայն դրանից հետո միշտ լինում է առնանդամի տրավմատիզացիայի վտանգ՝ սեռական հարաբերության ժամանակ: