«Հակաբեղմնավորիչ պարույրը հանելուց որքա՞ն ժամանակ անց կարող եմ հղիանալ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

 

Անուն՝  Արաքսյա
Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, երբ չկա դաշտան և պատճառը հակամյուլլերովյան հորմոնի ցածր լինելն է, այդ դեպքում հնարավո՞ր է դեղորայքային բուժումով հասնել հղիության։

Պատասխան՝ Բարև Ձեզ, Ձեր հարցն ունի մի քանի ենթակետ: Ավելի ստույգ պատասխանելու համար՝ խնդրում եմ՝ նշեք Ձեր տարիքը և հակամյուլլերի տվյալները:

 

Անուն՝  Աննա
Հարց՝ Երկու տարուց ավելի է՝ հակաբեղմնավորիչ պարույր եմ տեղադրել։ Դա հանելուց որքա՞ն ժամանակ անց կարող եմ հղիանալ։

Պատասխան՝ Բարև Ձեզ, առաջին իսկ ամսից հղիությունը հնարավոր է:

 

Անուն՝  Մինա

Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ։ Ես 36 տարեկան եմ, 2011թ․ աջ ձվարանս (ապոպլեպսիա) վիրահատել և հեռացրել են։ 2014-ին ունեցել եմ տղա։ Այժմ ձախ ձվարանիս վրա հայտնաբերվել է կիստա։ Նոյեմբերի 26-ին սոնոգրաֆիա արեցին, ասացին, որ կիստան 4 սմ է, դեկտեմբերի 2-ին դաշտան սկսվեց, իսկ երբ ավարտվեց, դարձյալ գնացի սոնոգրաֆիայի (դեկտեմբերի 7)։ Այս անգամ բժիշկն ասաց, որ կիստան դարձել է 6 սմ։ Ի՞նչ անել, որ կիստա չառաջանա։

Պատասխան՝ Բարև Ձեզ, անհրաժեշտ է կատարել հորմոնալ հետազոտություն, դաշտանից անմիջապես հետո սոնոգրաֆիա, ֆոլիկուլոմետրիա և այդ բոլոր տվյալների հիման վրա պարզ կլինի անհրաժեշտ բուժման կարգը:

 

Անուն՝  Սյուզի

Հարց՝ Բարև Ձեզ, ծննդաբերությունից հետո դաշտան չէի տեսնում, սակայն երեք ամիս անց դիմեցի բժշկի և պարույր տեղադրեցի, որից հետո սկսվեց անբնական առատ արտադրություն: Տասը օր հետո բժշկի նշանակմամբ սկսեցի արնահոսությունը դադարեցնող հաբեր ընդունել: Արդեն 6 ամիս անցել է, բայց ամեն ամիս դաշտանի 3-րդ օրը չափազանց առատ արտադրություն է լինում, նույնիսկ չեմ կարողանում տանից դուրս գալ: Խնդրում եմ՝ ասեք՝ հնարավո՞ր է՝ ինչ-որ խնդիր է առաջացել, ինչի՞ հետևանք կարող է լինել և ինչպե՞ս վարվեմ:

Պատասխան՝ Բարև Ձեզ, առատ դաշտանը հարաբերական հասկացություն է: Եթե նման առատ դաշտանը, բացի անհարմարությունից, առաջացնում է նաև այլ խնդիրներ (առողջական), անհրաժեշտ է անցնել հետազոտություն։ Դրա հիման վրա պարզ կլինի պարույրի հեռացնելու կամ թողնելու հարցը:

 

Անուն՝  Աննա

Հարց՝ Բարև Ձեզ, խնդրում եմ՝ ասեք՝ ընդամենը մեկ ՈւՁՀ-ից հետո կարելի՞ է հստակ ախտորոշել ձվարանի երկկողմանի պոլիկիստոզ։ Եթե այո, ապա ասեղնաբուժությունը որքանո՞վ է օգնում այս հարցում։

Պատասխան՝ Բարև Ձեզ, պոլիկիստոզ ձվարանների ՈՒՁՀ պատկերը հստակ է, սակայն այդ ախտորոշումը հստակեցնելու համար անհրաժեշտ են նաև հորմոնալ հետազոտություններ: Ասեղնաբուժությունը համարվում է ավանդական բժշկության տեսակ: Դրա հետ կապված հստակ պատասխան չեմ կարող տալ:

 

Անուն՝  Հասմիկ

Հարց՝ Բարև Ձեզ, ֆոլիկուլների փոքր չափսը անպտղության պատճառ կարո՞ղ է լինել։

Պատասխան՝ Բարև Ձեզ, դաշտանային ցիկլի սկզբում բոլոր ֆոլիկուլներն էլ փոքր են: Ցիկլի ընթացքում դրանց չմեծանալն ու ձվազատման բացակայությունը կարող են դառնալ անպտղության պատճառ:

 

Անուն՝  Լիլուշ

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, ի՞նչ վտանգ կարող է առաջանալ, եթե հղիացել եմ բեպանտոլի և բետադինի մոմիկների օգտագործումից 4 օր հետո։

Պատասխան՝ Բարև Ձեզ, որևէ վտանգ չի սպառնում:

 

Անուն՝  Աննա

Հարց՝ Բարև Ձեզ, ես 9 շաբաթական հղի եմ, մոտ 1 շաբաթ առաջ հետազոտության ժամանակ պարզվեց, որ արգանդում կա հեմատոմա: Բուժումներ անցա, հիվանդանոցից դուրս գրվելիս ասացին, որ հեմատոման ամբողջությամբ ներծծվել է: Այժմ կրկին ունեմ շագանակագույն արտադրություն: խնդրում եմ՝ ասեք՝ արդյոք դա հին արյունն է, թե՞ խնդիրն այլ է:

Պատասխան՝ Բարև Ձեզ, հեմատոմայի պատճառը մեծամասամբ լինում են արյան հետ կապված խնդիրները: Պետք է դիմել արյունաբանի և անցնել անհրաժեշտ հետազոտություններ:

 

Անուն՝  Անի

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, արդեն 20 շաբաթական հղի եմ, բայց նոր եմ նախանշանները զգացել ու պարզել, որ հղի եմ։ Այդ ընթացքում զբաղվել եմ ակտիվ կյանքով, ալկոհոլ եմ օգտագործել, գրիպի դեմ դեղեր: Հնարավո՞ր է, որ դա ազդի պտղի վրա և հնարավո՞ր է, արդյոք, որևէ կերպ խթանել պտղի արհեստական վիժումը (չպլանավորած հղիություն է):

Պատասխան՝ Բարև Ձեզ, ըստ ՀՀ օրենսդրության՝ 12 շաբաթն անց հղիության ընդհատումը թույլ է տրվում միայն բժշկական ցուցումներով: Ձեր ապրելակերպի թողած հետևանքները պտղի վրա կարող եք պարզել մի շարք հետազոտությունների միջոցով: Դիմեք մասնագետի:

 

Անուն՝  Մերի

Հարց՝ Կրծքով կերակրելու ընթացքում կարելի՞ է օգտագործել բեղմնականխիչ հաբեր։ Եթե այո, ի՞նչ խորհուրդ կտաք։ Ինչպե՞ս ճիշտ պաշտպանվել։

Պատասխան՝ Բարև Ձեզ, խնդրում եմ՝ նշեք՝ որքան ժամանակ է անցել Ձեր ծննդաբերությունից, և կարգավորվել է, արդյոք, դաշտանային ցիկլը: