«Երեխայիս գլուխը քնած ժամանակ քրտնում է, ո՞րն է պատճառը»․ «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբույժ Մարի Դարակչյանը։

 

Անուն՝ Ալիսա Բիլյան

Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ։ Իմ փոքրիկը ծնվել է 2.700 գ․, հիմա 3 ամսական է և կշռում է 4.700գ․։ Ուտել չի ցանկանում, բայց աշխույժ է։ Խնդրում եմ՝ մի խորհուրդ տվեք՝ ի՞նչ կարող եմ անել։

Պատասխան՝ Բարև Ձեզ, հարգելի՛ ընթերցող, եթե ճիշտ եմ հասկանում, խոսքը կեղծ հրաժարման փուլի մասին է։ Պետք է շարունակել կերակրել երեխային, հատկապես կիսաքնած վիճակում։ Պետք է չգրգռել երեխային, գնալ նրա սրտով։ Կարծում եմ՝ 1-2 շաբաթից իրավիճակը կշտկվի։

 

Անուն՝ Ալիսա Բիլյան

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, երեխաս 3 ամսական է, պառկած ժամանակ աչքերը լայն բաց արեց, ձգվեց և ճչաց: Երբ գրկեցի, հանգստացավ։ 3 անգամ նման դեպք եղել է, մտածում եմ՝ միգուցե ինչ-որ տեղը ցավում է։

Պատասխան՝ Շատ ընդհանուր տեղեկություն է։ Եթե դա պարբերաբար չի կրկնվում, ապա կարող է պատճառը փորացավը լինել կամ գուցե երեխան անհանգիստ է։ Եթե հաճախ է պատահում, պետք է դիմել բժշկի՝ զննում կատարելու համար։

 

Անուն՝ Մարգարիտա

Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, տղաս 7 ամսական է ծնվել։ Հիմա 2 ամսական է, ու փորիկը թուլացել է։ Կեղտը դեղին է, լորձ չկա, փրփուր չկա։ Ի՞նչ կարող եմ անել, որ կարգավորվի։

Պատասխան՝ Հարգելի՛ Մարգարիտա, նախ՝ պետք է զննել երեխային և տեսնել՝ կեղտը ինչպիսին է։ Պետք է նաև մանրամասն խոսել Ձեզ հետ՝ պարզելու այլ հանգամանքներ։ Սակայն եթե երեխան աճում է, չի փսխում, օրվա ընթացքում 3-4 անգամից ավելի չի կղում, ապա անհանգստանալու կարիք չկա։ Ապահովության համար դիմեք բժշկի։

 

Անուն՝ Լիանա

Հարց՝ Բարև Ձեզ, երեխայիս կրծքով եմ կերակրում։ Կերակրման ժամանակ կուրծքս ցավում է, ու վերք կա։ Ի՞նչ անեմ։

Պատասխան՝ Հարգելի՛ ընթերցող, նախ պետք է ուղղել կերակրման դիրքը, ապա՝ խնամել կրծքերը։ Սա նշանակում է չլվանալ կրծքերը ամեն կերակրումից առաջ, իսկ կերակրումից հետո քսել կթած կաթ կամ կրծքերի փափկության համար նախատեսված քսուք, օրինակ՝ «լանոլին»։

 

Անուն՝ Ռուզան

Հարց՝ Բարև Ձեզ, աղջիկս 2,3 տարեկան է։ Տակդիրից վաղուց հրաժարվել ենք, բայց դեռ տակն է անում։ Ամռանը նման խնդիր չկար․ հենց արթնանում էր, գիշերանոթի մեջ էր անում։ Իսկ հիմա ստիպված քնելուց առաջ նորից տակդիր եմ հագցնում։ Արթուն ժամանամ էլ պետք է պահեմ, որ անի։ Երեխաս չի զգում, որ տակը թրջում է։ Ուզում եմ իմանալ՝ հնարավո՞ր է, արդյոք, որևէ վիտամինի պակաս լինի։ Ինչպե՞ս կարող եմ սովորեցնել, որ տակը չանի, զգա ու ասի ինձ։

Պատասխան՝ Վիտամինի պակաս չի կարող լինել։ Պարզապես պետք է ուշադիր լինել, գիշերները արթնացնել, պահել, որ միզի գիթերանոթում, մինև կսովորի։

 

Անուն՝ Շուշան

Հարց՝  Բարև Ձեզ, բալիկս 2 ամսական է, կերակրելիս, քնած ժամանակ գլուխը քրտնում է, ի՞նչը կարող է պատճառ լինել։

Պատասխան՝ Բարև Ձեզ, եթե ամեն օր տալիս եք վիտամին D և սենյակում պահպանված է 19-20 աստիճան տաքություն, բայց երեխան շարունակում է քրտնել, ապա դա առանձնահատկություն է։ Իսկ եթե այդ պայմանները չեք պահպանում, ապա ճիշտ կլինի դիմել մանկաբույժի, ստանալ խորհրդատվություն՝ կապված այդ հարցերի հետ։

 

Անուն՝ Անի

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, նորմա՞լ է, որ երեխան 5,5 տարեկանում ատամ է հանում։

Պատասխան՝ Այո, նորմալ է։

 

Անուն՝ Մանե

Հարց՝ Բարև Ձեզ, փոքրիկս դեռ 6 օրական է: Այսօր, երբ քնից արթնանացավ, աջ աչքի վրա նկատեցի դեղնավուն արտադրություն: Մաքրել եմ եռացրած-գոլացրած ջրով ու բամբակով, բայց աչքը կարմրած է: Խնդրում եմ՝ ասեք՝ ի՞նչ անեմ և ինչի՞ց է դա եղել։

Պատասխան՝ Բարև Ձեզ, հնարավոր է՝ արցունքային ծորանի նեղացման խնդիր է։ Պետք է դիմել մանկական ակնաբույժի։

 

Անուն՝ Նարինե

Հարց՝ Եթե երեխան ծնված օրվանից մինչև 5 ամսականը կաթնախառնուրդ է կերել, կարելի՞ է սկսել հավելյալ սնունդ տալ։

Պատասխան՝ Անկախ կերակրման ձևից՝ հավելյալ կերակրումը պետք է սկսել 6 ամսականից, սակայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո երբեմն կարելի է սկսել նաև 5 ամսականից։