«Կրծքով կերակրելիս կարելի՞ է օգտագործել բեղմնականխիչ հաբեր»․ «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

 

Անուն` Մերի

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, կրծքով կերակրելիս կարելի՞ է օգտագործել բեղմնականխիչ հաբեր։ Եթե այո, ի՞նչ խորհուրդ կտաք։ Ինչպե՞ս ճիշտ պաշտպանվել հղիանալուց։ 

Պատասխան՝ Կրծքով կերակրման ընթացքում կարելի է օգտագործել օրալ հակաբեղմնավորիչներ, սակայն ոչ բոլոր տեսակները։ ԿԿ ժամանակ նշանակվում են միայն պրոգեստագենային խմբի հակաբեղմնավորիչներ։ ԿԿ ընթացքում կարող են կիրառվել նաև կոնտրացեպցիայի այլ մեթոդներ՝ ներմաշկային իմպլանտներ և պահպանակներ։ 

 

Անուն` Ա

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, կեսարյան հատումով ծննդաբերել եմ 7 ամիս առաջ, հիմա դաշտանս ուշացել է։ Խնդրում եմ՝ նշեք հնարավոր բարդությունների մասին (եթե հղիություն հաստատվի), ունեմ 1 երեխա։ Եթե ընդհատվի հնարավոր հղիությունը, արդյո՞ք կա վտանգ այլևս չհղիանալու։

Պատասխան՝ Կեսարյան հատումից հետո նախընտրելի է 2 տարվա ընդմիջում մինչև մյուս հղիությունը։ Չպլանավորած հղիության հաստատման պարագայում անհրաժեշտ է դիմել բժշկի, անցնել սոնոգրաֆիկ հետազոտություն, գնահատել նախորդ կեսարյան հատման սպիի վիճակը, ապա բժշկի հետ խոհրդակցել հնարավոր բարդությունների մասին։ Հղիության ընդհատումը նույնպես հնարավոր է, սակայն ունի իր բարդությունների հավանականությունը։

 

Անուն` Նազելի

Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, ունեմ մի աղջիկ՝ 9 տարեկան, ամուսնուս հետ միավորվելուց հետո չի ստացվում հղինալ, բազմիցս հանձնել եմ անալիզներ, ինսուլինս նորմայի մեջ է, բայց բարձր, մինչ դյուֆաստոն չեմ խմում, ցիկլս չի սկսվում։ Ասացին, որ ֆոլիկուլ չի պայթում։ Հնարավո՞ր է՝ հղիանամ դյուֆաստոն խմելու ժամանակ։

Պատասխան՝ Այս պարագայում հղիությունը կախված է օվուլյացիայից, եթե դեղորայք ընդունելու ընթացքում լինի օվուլյացիա, ապա հղիությունը հնարավոր է։ Սակայն մինչ այդ, լավ կլինի բացառել հղիության բացակայության մյուս հնարավոր պատճառները։

 

Անուն` Գոհար

Հարց՝ Բարև Ձեզ, ես 21 տարեկան եմ: Մոտ մեկ տարի է՝ ամուսնացած եմ, բայց չեմ հղիացել: Դաշտանս ուշացումով է լինում, իսկ վերջին 4 ամիսներին դաշտան չեմ ունենում, սակայն հղի չեմ։ Դիմեցինք բժշկի, պարզվեց՝ արգանդս փոքր է։ Բուժում նշանակեցին, որից հետո դաշտան եմ տեսնում, բայց արգանդս դեռ փոքր է։ Նորից բուժում նշանակեցին։ Հնարավո՞ր է՝ ներարգանդային պարույրի միջոցով մեծանա արգանդս։ Նախօրոք շնորհակալություն։

Պատասխան՝ Ներարգանդային պարույրն այս պարագայում դժվար օգնի, անհրաժեշտ է հորմոնալ բուժում և ժամանակ։ 

 

Անուն` Կարինե

Հարց՝ Սեռական հարաբերությունից հետո արյուն եղավ: Ինչի՞ մասին է դա վկայում։ Նշեմ, որ դեռ դաշտան չի եղել։

Պատասխան՝ Սեռական հարաբերության ընթացքում հնարավոր են միկրովնասվածքներ, որոնք կարող են լինել արյունային արտադրության պատճառ։ Եթե արյան քանակը շատ է և ունեք անհանգստացնող գանգատներ, ապա անհրաժեշտ է դիմել մասնագետի և անցնել զննում։