«Ձվազատման օրերին սուր ցավեր եմ ունենում, ի՞նչն է պատճառը»․ «Իմ փոքրիկին» ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

Անուն՝ Միլենա
Հարց՝ Բարև Ձեզ, դաշտանս ուշացել է 5 օր, հղիության թեստը դրական է ցույց տալիս, բայց երկրորդ գիծը թույլ է։ Ցավեր ունեցա մեջքի հատվածում, և ժամեր անց սկսվեց դաշտան։ Նույն պահին նոր թեստով ստուգեցի, դրական արդյունք ցույց տվեց։ Ի՞նչ կարող է լինել։

Պատասխան՝ Հնարավոր է՝ եղել է հղիություն, որը չի պահպանվել, նաև հնարավոր է՝ թեստի սխալ արդյունք լինի։ Ամեն դեպքում  դաշտանից հետո կարող եք անցնել սոնոգրաֆիկ հետազոտություն և գինեկոլոգի խորհրդատվություն ստանալ։

 

Անուն՝ Արգիշտ

Հարց՝ Բարև Ձեզ, բժիշկ, ես զինակոչիկ եմ,  արդեն 3 ամիս է՝ միզելիս անդամիս վերջին հատվածում ուժեղ ցավեր եմ զգում, գնացել եմ բժշկի, մեզի անալիզ եմ տվել և սոնոգրաֆիա եմ արել, մեզի մեջ բորբոքային ոչինչ չկար, սոնոգրաֆիան նույնպես նորմալ էր։  Խնդրում եմ ասեք՝ ինչի՞ց կլինի։ Ես մի քանի բան փորձել եմ, սոդայաջրով լվացումներ եմ արել, բայց չի օգնել։ Խնդրում եմ օգնեք։

Պատասխան՝ Հարգելի՛ Արգիշտ, Ձեր նշած գանգատների պարագայում ավելի ճիշտ է դիմել ուրոլոգի օգնության։ Մինչ այդ, կարող եք հանձնել մեզի քննություն, բայց ոչ ընդհանուր, այլ բակտերոլոգիական ցանքսի եղանակով։

 

Անուն՝ Ալլա
Հարց՝ Բարև Ձեզ, խնդրում եմ  ասեք՝ քանի շաբաթական կլինի հղիությունը, եթե վերջին դաշտանի առաջին օրը եղել է հոկտեմբերի 17-ին:

Պատասխան՝ Ներկա պահին Ձեր հղիության ժամկետն է  21 շաբաթ։

 

Անուն՝ Լիանա
Հարց՝ Բարև Ձեզ, ես 19 տարեկան եմ, ամուսնացած եմ, երեխաներ չունեմ: Գրեթե ամեն օր ունենում եմ գլխապտույտներ, հոգնածություն, ցավ մեջքի և ոտքերի շրջանում, շատ արագ հոգնում եմ,  և այս իրավիճակը ավելի է սրվում հատկապես դաշտանի օրերին (դաշտանային ցիկլը 32օր է), բայց հղիություն չունեմ։ Հնարավո՞ր է՝ հորմանալ խնդիր լինի։ Կանխավ շնորհակալություն:

Պատասխան՝ Ձեր նշած գանգատները կարող են դրսևորվել տարբեր դեպքերում։ Կոնկրետ պատճառը պարզելու համար  սկսեք արյան ընդհանուր քննությունից, անցեք վահանագեղձի հետազոտություն և հորմոնալ քննություն։

 

Անուն՝ Լինա

Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, ունեմ խնդիր։ Ձվազատման օրերին ինձ մոտ սկսվում են շատ ուժեղ ցավեր։ Աջ կողքիս ցավը տևում է մի քանի օր։ Սկսվում է օրվա տարբեր ժամերին, բայց շատ ուժեղանում է գիշերները։ Հանգստանում եմ միայն ուժեղ ցավազրկողներ խմելիս, խնդրում եմ  ասեք՝ ինչի՞ց կլինի ու վտանգավո՞ր խնդիր է։

Պատասխան՝ Օվուլյացիայի ընթացքում ուժեղ ցավերը կարող են ահազանգել մի քանի խնդիրների մասին։ Այդ պատճառներից կարող են լինել փոքր կոնքի օրգանների բորբոքումը, սալպինգիտը, էնդոմետրիոզը և այլ պատճառներ։ Պարզելու համար  դիմեք գինեկոլոգի։

 

Անուն՝  Անուշ
Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, 12-րդ շաբաթականում վիժել եմ, հղիացել էի ծննդաբերությունից 2 ամիս հետո։  5-րդ շաբաթում արել եմ ՈՒՁՀ, ասացին՝ ամեն ինչ կարգին է, 9-րդ շաբաթում ձեռքով ստուգել են, որից հետո սկսեց ցավել այնպես, որ չէի կարողանում նստել, 10-րդ շաբաթականում հանձնել եմ բոլոր անալիզները, 11-րդ շաբաթականում  բժիշկն ասաց, որ նորմալ է ամեն ինչ, այդ ժամանակ արդեն գլխապտույտներ ունեի ու թեթև ցավեր։ Բժշկին ասացի դրանց մասին, բայց ասաց, որ խնդիր չկա, անալիզները նորմալ են: Խնդրում եմ ասեք՝ այս անալիզների և ձեռքով նայելու պատճառով վիժում հնարավո՞ր է։

ԳԵՄԱՏՈԿՐԻՏ-34.3 (նորման 37,0-52.0) 
ՏՐՈՄԲՈՑԻՏԻ-371.0(նորման 180,0-320,0) 
ԼԻՄՖՈՑԻՏԻ ԱԲՍ.-3,10( նորման 1,20-3,00)
ԳԼՅՈՒԿՈԶԱ -4,00 ( նորման 4,10-5,90)
ԳԻՄԱԳԼԱԲԻՆ 120 (նորման 120-180)
Պատասխան՝ Ներկայացված տվյալների հիման վրա հնարավոր չէ միանշանակ պատասխան տալ։ Խորհուրդ կտամ այցելել արյունաբանի։

 

Անուն՝ Դենիմ
Հարց՝ Բարև Ձեզ, ինձ  մոտ ցիստիտ չի, բայց ջուր խմելուց 1,5- 2 ժամ հետո պետք է միզեմ։
Ի՞նչն է պատճառը։

Պատասխան՝ Նորմայում հասուն մարդու օրգանիզմն  օրական կատարում է 5-ից 7 միզարձակման ակտ, այդ ցուցանիշը նաև կախված է ընդունած հեղուկի քանակից։ Եթե միզարձակումն ուղեկցվում է ցավային կամ տհաճ դրսևորումներով, անհրաժեշտ է դիմել ուրոլոգի օգնության։

 

Անուն՝ Աննա
Հարց՝ Բարև Ձեզ, ես 19 տարեկան եմ, ամուսնացած եմ, իմ այս ամսվա դաշտանը փետրվարի 21-ին  է եղել: Սա հղիության նշան կարո՞ղ է լինել։

Պատասխան՝ Դաշտանի բացակայությունը  հղիության հավաստի նշան չէ, այլ   հավանական նշաններից մեկն է։ Հղիության փաստը ստույգ պարզելու համար  կարող եք նախ դիմել հղիության թեստի օգնությանը, ապա հանձնել խորիոնալ գոնադոտրոպինի անալիզ։