«Ինչի՞ մասին է վկայում հղության թեստը, եթե երկրորդ գիծը թույլ է երևում».«Իմ փոքրիկին» ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

 

Անուն՝ Աննա
Հարց՝ Բարև Ձեզ, ես 19 տարեկան եմ, ամուսնացած եմ, այս ամիս ինձ մոտ դաշտանը փետրվարի 21-ին է, բայց դեռ չի եղել։ Դա հղիության նշան կարո՞ղ է լինել։

Պատասխան՝ Դաշտանի բացակայությունը չի հանդիսանում հղիության հավաստի նշան, այն կարող է լինել հավանական նշաններից մեկը։ Հղիության փաստը ստույգ պարզելու համար կարող եք, նախ,  դիմել հղիության թեստի օգնությանը, ապա հանձնել խորիոնալ գոնադոտրոպինի քննություն։

 

Անուն՝ Գոհար
Անուն՝ Հնարավո՞ր է՝ ուրեապլազմայի բուժման առաջին կուրսն անցնելուց հետո կրկնակի բուժում պահանջվի։ Խնդրում եմ՝ նաև ասեք՝ ինչի՞ հետ է կապված դժվար բուժումը։

Պատասխան՝ Ներկայում ուրեապլազման համարվում  է պայմանական պաթոգեն և ոչ սեռավարակիչ, ինչպես նաև ուրեապլազմոզի դեպքում մեծ դեր է խաղում անհատի իմունային ստատուսը։ Քրոնիկ ընթացքի դեպքում բուժման ընթացքն ավելի է բարդանում, սակայն 2 դեպքում էլ՝ և՛ սուր, և՛ քրոնիկ, անհրաժեշտ է համակարգված մոտեցում։ Բուժման ժամանակ կիրառվում են՝ հակամանրէային միջոցներ, իմունամոդուլյատորներ, հակաբիոտիկների բացասական ազդեցությունը կանխող դեղորայք։



Անուն՝ Արմեն

Հարց՝ Թեստի վրա թույլ երևացող 2-րդ գծիկը ինչի՞ մասին է վկայում։

Պատասխան՝ Թեստի վրա 2-րդ գծի առկայությունը վկայում է հղիության մասին, իսկ թույլ արտահայտված գիծը կարող է լինել վաղ հղիության կամ թեստի սխալ արդյունքի նշան։ Հղիության փաստը ստույգ պարզելու համար օգտվեք խորիոնալ գոնոդոտրոպինի քննությունից։

 

Անուն՝ Կարինե

Հարց՝ Բարև Ձեզ, ինձ մոտ ԴՀԷԱ հորմոնի ցուցանիշը նորմայից բարձր է։ Դա կարո՞ղ է չհղիանալու պատճառ լինել։ Հնարավո՞ր է իջեցնել ԴՀԷԱ-ի ցուցանիշը արյան մեջ։

Պատասխան՝ ԴՀԷԱ հորմոնի բարձր մակարդակը կարող է կապված լինել մի քանի խնդիրների հետ՝ ադրենոգենիտալ սինդրոմը, պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը, մակերիկամների կեղևի ուռուցքները, Կուշինգի հիվանդությունը, հիրսուտիզմ և այլն։ Խնդրի ճիշտ ախտորոշման և բուժման պարագայում ԴՀԷԱ-ի ցուցանիշը նորմավորվում է։

 

Անուն՝ Աստղիկ

Հարց՝ Բարև Ձեզ, ծննդաբերությունից հետո հեշտոցից տարօրինակ ձայներ են գալիս, կարծես, հետանցքից գազեր դուրս չգան, այլ գազեր դուրս գան հեշտոցից։ Մեկ-մեկ նույնիսկ էնպես բարձր են այդ ձայները, որ ամաչում եմ մարդկանց կողքին կանգնել։ Նշեմ, որ ծննդաբերությունից անցել է 1 տարի 6 ամիս։

Պատասխան՝ Ծննդաբերությունից հետո նման դրսևորումներ լինում են, սակայն դրանք ժամանակի ընթացքում վերանում են, վերականգնումը տևում է համեմատաբար երկար խոշոր պտղի պարագայում։ Վերականգման ընթացքն արագացնելու համար կարող եք կատարել Կեգելի վարժությունները։ Արդյունքի բացակայության դեպքում դիմեք մասնագետի։ Հնարավոր է նաև լազերային և վիրահատական կորեկցիա։

 

Անուն՝ Ջուլիետա

Հարց՝ Բարև Ձեզ, արդեն 1 տարի 2 ամիս է՝ ամուսնացած եմ, բայց երեխա չունեմ։ Ամուսնանալուց 10 օր հետո վիրահատել են ինձ, 2-3 ամիս թույլ չեն տվել հղիանալ։ Բժշկի գնացել եմ, ասում են՝ ամեն ինչ լավ է, բայց ես շատ եմ մտահոգվում՝ կարո՞ղ եմ երեխա ունենալ։ Ինչպե՞ս կարող եմ մեծացնել հղիանալուս շանսերը։

Պատասխան՝ Ի՞նչ խնդրի պատճառով է եղել վիրահատությունը, և ինչ հետազոտություններ եք անցել։

 

Անուն՝ Քրիստինա

Հարց՝ Ես 5 տարի է՝ ամուսնացած եմ։ Առաջին հղիությունս եղել է 2 տարի առաջ։ Պտուղը 2,5 ամսականում դադարել է զարգանալ, դրանից հետո և՛ ես, և՛ ամուսինս բուժվել ենք։ Ամուսնուս մոտ սերմի տոկոսը եղել է 15 տոկոս, բուժումից հետո այդ ցուցանիշը դարձել է 55 տոկոս։ Դարձյալ հղիացա, բայց նույն ժամանակահատվածում պտուղը դադարեց զարգանալ։ Այս դեպքից անցել է 1 տարի, բայց չեմ հղիանում։ Հանձնել եմ բոլոր անալիզները, ոչ մի շեղում ինձ մոտ չկա։ Խնդրում եմ՝ ասեք՝ ինչի՞ հետևանք կարող է լինել սա։ Նախապես  Շնորհակալություն։

Պատասխան՝ Խնդրում եմ՝ նշեք՝ հղիությունը եղել է բնակա՞ն ճանապարհով, թե՞ ինսեմինացիայի եղանակով։

 

Անուն՝ Անի

Հարց՝ Բարև Ձեզ, ես կցանկանայի իմանալ ձվարանի կիստոզի մասին։

Պատասխան՝ Խնդրում եմ՝ հստակեցնեք՝ նկատի ունեք պոլիկիստո՞զ համախտանիշը, թե կիստայի առաջացումը։

 

Անուն՝  Սյուզաննա

Հարց՝ Մի քանի օր է՝ պարզել եմ, որ հղի եմ։ Եվ մի քանի օր է՝ շատ քիչ արյուն եմ նկատում։ Դա վտանգավո՞ր է։

Պատասխան՝ Արյունային արտադրությունը կարող է վկայել հղիության հնարավոր ընդհատման մասին։ Վտանգը կանխելու համար դիմեք գինեկոլոգի։

 

Անուն՝ Աննա

Հարց՝ Ես 19 տարեկան եմ, 7 ամիս է՝ ամուսնացած եմ։ Սեռական հարաբերություն ունենալուց հետո ամուսնուս մոտ հայտնաբերվեց ուրետրիտ։ Անալիզներ հանձնեցի, և պարզվեց, որ ինձ մոտ առկա է ուրեապլազմա։ Ցանկությունը մեծ է երեխա ունենալու, բայց կան մտավախություններ։ Կօգնե՞ք՝ հասկանամ՝ ինչ պետք է անել։ Ուրեապլազմայի ժամանակ հնարավո՞ր է հղիություն։

Պատասխան՝ Ներկա պահին ուրեապլազան համարվում է պայմանական պարոգեն, սակայն մի շարք մասնագետներ համաձայն չեն դրա հետ և շարունակում են այն դասել սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների շարքին։ Ամեն դեպքում հղիությունից առաջ դրա բուժումը ցանկալի է, եթե ոչ՝ պարտադիր։ Հղիության ընթացքում ուրեապլազման կարող է հանգեցնել լուրջ խնդիրների։

 

Անուն՝ Աաաա

Հարց՝ Բարև Ձեզ, խնդրում եմ՝ օգնեք ինձ հասկանալ իմ ձվազատման օրերը։ Դեկտեմբերին դաշտանս սկսվել է ամսի 21- ին, հունվարին՝ 17-ին, իսկ փետրվարին՝ 11-ին։ Նախապես շնորհակալություն։

Պատասխան՝ Օվուլյացիայի օրերը ընկնում են միջինում 11-ից 14-րդ օրերին՝ կախված ցիկլի տևողությունից։ Հստակեցնելու համար կարող եք օգտվել սոնոգրաֆիկ հետազոտությամբ իրականացվող ֆոլիկուլոմետրիայից։

 

Անուն՝ Եվա

Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, 3 ամիս առաջ ունեցել եմ 20 շաբաթական հղիության ընդհատում։ Պատճառը ընկերքի  շերտազատումն էր: Մինչև հղիանալս բոլոր անալիզները նորմալ են եղել, հղիանալուց հետո ևս նորմայի մեջ են եղել՝ բացի ֆիբրինոգենից, որը աստիճանաբար բարձրացավ մինչև 650: Ապագայում պլանավորում եմ հղիություն, գինեկոլոգս նշանակել է օմեգա 3 և Բ վիտալ, ինչ վերաբերում է անալիզներին, ապա ասել է, որ հանձնեմ արդեն հղիանալուց հետո: Խնդրում եմ՝ ասեք՝ այլ հետազոտությունների կարիք կա՞, որպեսզի հղիությունը բարեհաջող ընթանա:

Պատասխան՝ Վստահ եմ՝ Ձեր բժիշկը լիարժեք տիրապետում է իրավիճակին։ Հետևեք նրա նշանակումներին, հավելյալ հետազոտության ցանկության դեպքում կարող եք այցելել հեմատոլոգի։

 

Անուն՝ Անի

Հարց՝ Բարև Ձեզ, ես 13 շաբաթական հղի էի, փետրվարի 4-ին արհեստական վիժում արեցին. պտղի մոտ ողնաշարի խնդիր կար՝ սպինաբիֆիդո 2 տեղից։ Բալիկիս մոտ այդ խնդիրը ֆոլաթթվի պակասի հետևանքով էր։ Հիմա ուզում եմ իմանալ՝ որքան ժամանակ հետո կարելի է դարձյալ հղիանալ։ Շնորհակալություն։

Պատասխան՝ Նման դեպքերից հետո միջինում 6 ամիս դադար է տրվում, այդ ընթացքում էլ նպատակահարմար է անցնել լիարժեք հետազոտություն և ստանալ բուժում։

 

Անուն՝ Մարիա

Բարև Ձեզ, փոքրիկս 4 ամսական է։ Քառասունքից հետո դաշտանային ցիկլս վերականգնվել էր, բայց վերջին դաշտանը եղել է դեկտեմբերի 25-ին, այժմ թեսթի արդյունքը բացասական է, սոնոգրաֆիայի երեկ եմ գնացել, ասացին՝ դեռ չի երևում հղիությու՞ն է, թե՞ ոչ։ Միայն հաստացած լորձաթաղանթ կա։ Հնարավո՞ր է՝ պարզապես ցիկլի խանգարում լինի, թե՞ հղիություն է։

Պատասխան՝ Խանգարումը հնարավոր է, սակայն հղիության փաստը բացառելու համար հանձնեք խորիոնալ գոնադոտրոպինի մակարդակը որոշող անալիզ։