«Հակաբեղմնավորիչ ո՞ր մեթոդն է ավելի արդյունավետ և անվտանգ». .«Իմ փոքրիկին» ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

Անուն՝ Ռիմա

Հարց՝ Բարև Ձեզ, ծննդաբերությունից հետո դաշտան տեսել եմ մեկ անգամ, հիմա 25 օր ուշացում ունեմ, մի քանի անգամ հղիության թեսթ եմ փորձել, արդյունքը եղել է բացասական է։ Ունեմ մեջքի ցավ, որովայնս ձգվում է, և թույլ  ցավեր կան, գլուխս հաճախ է  ցավում երեկոյան ժամերին, ունեմ թեթև սրտխառնոց։ Կարո՞ղ եք ասել՝ սա խանգարու՞մ է, թե՞ հղիություն։

Պատասխան՝ Ծննդաբերությունից հետո հնարավոր է՝ դաշտանային ցիկլի կանոնավորումը կրի աստիճանական բնույթ, սակայն տվյալ գանգանտերի դեպքում պարտադիր պետք է դիմել գինեկոլոգի և ստուգվել։

 

Անուն՝ Աննա

Հարց՝ Բարև Ձեզ, արդեն 4 ամիս է՝ ծննդաբերել եմ, բայց դաշտանային ցիկլս դեռ չի վերականգնվել։ Այս դեպքում ո՞րն է չհղիանալու ամենալավ միջոցը։

Պատասխան՝ Կրծքով կերակրման ընթացքում՝ մասնավորապես մինչև 6 ամիսը, ընտրության հնարավորությունը մեծ չէ։ Ալերգիայի բացակայության դեպքում կարող եք օգտվել պահպանակից կամ ընդհատված սեռական ակտի տարբերակից։

 

Անուն՝ Նարա

Հարց՝ Բարև Ձեզ, ես կցանկանայի իմանալ՝ անցանկալի  հղիությունից խուսափելու համար ո՞ր մեթոդով կարելի է պաշտպանվել և ո՞րն է ամենաանվնաս տարբերակը: Շնորհակալություն։

Պատասխան՝ Հղիությունից պաշտպանվելու միջոցների բազմազանությունը մեծ ընտրության հնարավորություն է տալիս։ Կախված տարիքից, նախասիրություններից և ամենակարևորը՝ առողջական վիճակից՝ կարող եք ընտրել Ձեզ համապատասխանը։ Սկսենք ընդհատված սեռական ակտից, պահպանակներից, ներարգանդային պարույրներից, օրալ հակաբեղմնավորիչներից։ Սրանք հայ հասարակությանը հասանելի մեթոդներն են։ Պահպանակի օգտագործման պարագայում պետք է հաշվի առնել դրա ոչ 100 տոկոսանոց պաշտպանությունը և բացառել հնարավոր ալերգիկ դրսևորումները։ Ներարգանդային պարույրի և օրալ հակաբեղմնավորիչների օգտագործումը հնարավոր է միայն մասնագետի միջամտությամբ, անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո։ Ընտրության միջոց կարող են հանդիսանալ նաև հեշտոցային օղերն ու ներմաշկային հակաբեղմնավորիչ իմպլանտները, որոնք  Հայաստանում դեռևս լայն կիրառում չունեն։

 

Անուն՝ Անի

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, ինձ մոտ 8 շաբաթական հղիություն է, չորս օր առաջ ալերգիկ ցան եղավ ամբողջ մարմնիս վրա։ Այն նման էր եղնջացանի: Կաթիլային ընդունեցի, գրեթե անցավ։ Նշեմ, որ երբեք ալերգիա չեմ ունեցել: Ի՞նչ անալիզ կարող եմ տալ՝ պատճառը պարզելու համար։ Արդյո՞ք նպատակահամար է հիմա գնալ հաշվառման: Ես մարզից եմ, բայց Երևանում եմ ցանկանում ծննդաբերել: Կանխավ շնորհակալություն։

Պատասխան՝ Հաշվառման ընդունումը կատարվում է հղիության 12 շաբաթականից սկսած, սակայն արտառոց դեպքերում այն կարող է ավելի վաղ իրականացվել։ Ալերգիայի կոնկրետ պատճառն իմանալու համար անհրաժեշտ անալիզների Ձեզ պետք է ուղեգրի ալերգոլոգը։

 

Անուն՝ Սոնա

Հարց՝ Բարև ձեզ, ես 7 շաբաթական հղի եմ, մինչև իմանալս, որ հղի եմ, կերակրել եմ 11 ամսական տղայիս։ Այժմ դադարեցրել եմ կերակրումը, բայց կրծքերս լցվել են ու, կարծես, քարացած լինեն, ի՞նչ խորհուրդ կտաք։

Պատասխան՝ Հղիությունը  չի հանդիսանում հակացուցում կրծքով կերակրման համար, սակայն Ձեր պարագայում, քանի որ Դուք ինքնուրույն այն դադարեցրել եք, խորհուրդ կտամ դիմել այն բժշկին, որը հսկելու է Ձեր հղիությունը։

 

Անուն՝ Անգին

Հարց՝ Բարև Ձեզ, ինձ մի խորհուրդ տվեք։ Հաճախ սունկ և բորբոքում եմ ունենում, ի՞նչ անեմ, որ լիովին ապաքինվեմ։ Բուժումը նշանակում են, ստանում եմ, բայց նորից նույնը կրկնվում է։

Պատասխան՝ Խնդրում եմ հստակեցնել՝ Դուք ստանում եք հակասնկայի՞ն բուժում, թե՞ հակաբորբոքային։

 

 

Անուն՝ Կարինե

Հարց՝ Սեռական հարաբերությունից հետո արյուն եղավ: Ինչի՞ մասին է դա վկայում։ Նշեմ, որ դեռ դաշտան չի եղել։

Պատասխան՝ Սեռական հարաբերությունից հետո արյան առկայությունը կարող է լինել  մի քանի պատճառներով։ Հնարավոր է՝  կոպիտ սեռական ակտի հետևանք լինի կամ հեշտոցի ոչ լիարժեք խոնավեցման հետևանքով միկրովնասվացծքների, հնարավոր է՝ առկա բորբոքային վիճակը հանգեցնի դրան կամ պարանոցի հետ կապված խնդիրները պատճառ լինեն։ Ավելի ստույգ պարզելու համար՝ անհրաժեշտ է դիմել մասնագետի և անցնել  հետազոտություն։