«Սեռական ակտի ընթացքում թվում է՝ կմիզեմ, բայց դիրքի փոփոխությունից հետո այդ ցանկությունն անհետանում է. ի՞նչն է պատճառը». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը:

Անուն՝ Անի
Հարց՝ Բարև Ձեզ, հնարավո՞ր է 16 տարեկանում որևէ մեկի հետ սեռական հարաբերություն չունենալ, բայց նաև կույս չլինել:

Պատասխան՝ Այս դեպքերում պետք է հաշվի առնել, որ նկարագրված են կուսաթաղանթի ձևի, կառուցվածքի և տեղադրության բազմաթիվ անոմալիանել, որոնք կարող են թյուր պատկերացման և տպավորության տեղիք տալ:

 

Անուն՝  Գագիկ
Հարց՝ Բարև Ձեզ, ես 20 տարեկան եմ, 2 անգամ եմ սեռական հարաբերություն ունեցել,  2-ն էլ մարմնավաճառի հետ, բայց ինձ մոտ վաղաժամ սերմնաժայթքում է տեղի ունեցել: Սեռական ակտը եղել է 2 րոպե: Շատ եմ կաշկանդվում, ավելի եմ ամաչում: Ինձ շատ է անհանգստացնում այս հարցը: Ի՞նչ կարող եմ անել։ Ասեմ նաև, որ գիշերը հաճախ սերմնաժայթքում եմ ունենում։

Պատասխան՝ Բարև Ձեզ, ըստ Ձեր նկարագրության՝ Դուք չեք ապրում ռեգուլյար սեռական կյանքով, ուստի հազվադեպ կատարվող հարաբերությունների ժամանակ տեղի ունեցող վաղաժամ սերմնաժայթքումը չի կարող համարվել պաթոլոգիկ: Վաղաժամ սերմնաժայթքում կարող ենք ախտորոշել միայն այն դեպքում, եթե անձը ապրում է ռեգուլյար սեռական կյանքով: Իսկ երազախաբությունները /պոլուցիաներ/ պայմանավորված են նրանով, որ Ձեր սեռական ակտիվության պահանջը, որը պայմանավորված է սեռական կոնստիտուցիայի տիպով, ավելին է, քան Դուք ռեալիզացնում եք:

 

Անուն՝ Էմմա
Հարց՝ Սեռական ակտի ընթացքում այն դիրքերում, երբ ընկերոջս անդամը ազդում է հեշտոցիս դիմային պատին, մոտս տպավորություն է, որ ուր որ է կմիզեմ: Բայց իրականում նման ցանկություն չկա, և դիրքը փոխելիս ցանկությունն անհետանում է: Ինչի՞ հետևանք կարող է դա լինել: Արժե՞ անհանգստանալ:

Պատասխան՝ Երբեմն կանայք նշում են սեռական հարաբերության ժամանակ միզելու սուբյեկտիվ ցանկության մասին և հատկապես այն դիրքերի դեպքում, երբ առնանդամը ֆրիկցիաների ժամանակ ավելի ինտենսիվ է հպվում հեշտոցի առաջային պատին, քանի որ մոտ է գտնվում միզուկին: Եթե այլ դիրքերի ժամանակ այդպիսի զգացողություն չի արձանագրվում, ապա անհանգստանալու կարիք չկա:

 

Անուն՝ Սուրեն
Հարց՝ Բարև Ձեզ, առնանդամիս գլխիկին 2 փոքր կարմրավուն նշան է հայտնվել: Ինձ չի անհանգստացնում, բայց իմ հանգստության համար ուզում եմ իմանալ՝ ինչի՞ց է ու ինչպե՞ս բուժեմ: Խնդրում եմ՝ պատասխանեք:

Պատասխան՝ Բարև Ձեզ, անշուշտ, այդպիսի խնդիրներ կարող են առաջանալ տարաբնույթ պատճառներով: Խնդիրն ավելի հստակ հասկանալու համար անհրաժեշտ է բժշկի զննություն, անհրաժեշտ է իրականացնել հետազոտություն, ինչպես նաև մաշկաբանի խորհրդատվություն:

 

Անուն՝ Մերի
Հարց՝ Բարև Ձեզ, ես 25 տարեկան եմ, արդեն մեկ տարի է՝ ամուսնացած եմ: Անկողնում խնդիրներ չունենք հարաբերության ժամանակ: Ես ինքս շատ եմ սիրում օրալ բավարարել ամուսնուս: Ես էլ եմ դրանից մեծ հաճույք ստանում: Ուզում եմ հասկանալ՝ ամեն ինչ նորմա՞լ է, թե՞ ամուսինների մեջ չպետք է նման բան լինի: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան՝ Ամուսնական սեռական կյանքում զույգերն իրենք են որոշում, թե սեքսուալ գուրգուրանքների շրջանակի ինչպիսի դիապազոն է իրենց համար ընդունելի, ուստի այս առումով չկա նորմա և պաթոլոգիա հասկացություն: